Կամերային նվագախումբը հանդես է եկել երեք ճանաչված սաքսոֆոնահարների հետ


Կամերային նվագախումբը հանդես է եկել երեք ճանաչված սաքսոֆոնահարների հետ

  • 11-11-2019 12:13:29   | Հայաստան  |  Մշակույթ

Երեք տաղանդավոր և ճանաչում վայելող սաքսոֆոնահարներ նոյեմբերի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Sax Time խորագրով համերգային երեկոյի ընթացքում Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:
 
Համերգին ելույթ ունեցան Ասյա Ֆատեևան (Գերմանիա), Նոբույա Սուգավան (Ճապոնիա) և Արնո Բորնկեմպը (Նիդերլանդներ), ովքեր մեկ երեկոյի ընթացքում միավորվեցին՝ հանրությանը ներկայացնելով սաքսոֆոնի ինքնատիպ երանգները:
 
Երեկոյին հնչեցին այս գործիքի ու նվագախմբի համար գրված Ալ. Գլազունովի, Հենրի Քոուելի, Լեո Դելիբի, Ժյուլ Մասնեի, Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործությունները:
 
Դիրիժոր Հարություն Արզումանյանը դրական է գնահատում երեք սաքսոֆոնահարների հետ համագործակցությունը:
 
«Երեք սաքսոֆոնահարներն էլ, իրոք, վիրտուոզներ են, Հայաստան են եկել տարբեր երկրներից: Նրանք ելույթներով հանդես են գալիս աշխարհի լավագույն կոլեկտիվների հետ»,-նշում է Հարություն Արզումանյանը՝ ընդգծելով, որ երաժիշտները մշտապես ջերմ ընդունելության են արժանանում բոլոր այն երկրներում, որտեղ ելույթ են ունենում: Հայաստանը ևս բացառություն չէր.սաքսոֆոնահարներին բաց չթողեցին առանց բիսերի՝ Խաչատրյանի և Պիացոլայի ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանության:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ