Երևանում ընթանում է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը

11-11-2019 12:16:58   | Հայաստան  |  Հասարակություն
Հնդկաստանի դեղագործական առաջատար շուրջ 30 ընկերություններ իրենց արտադրանքն են ներկայացնում Երևանում նոյեմբերի 10-13-ն ընթացող «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ում, որը կազմակերպել են Հնդկաստանի կառավարությունը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council)։
 

Համաժողով-ցուցահանդեսի նոյեմբերի 11-ին կայացած բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես գալով՝ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և
լիազոր դեսպան, Ն.Գ. Կիշան Դան Դեվալը (Kishan Dan Dewal) նշել է, որ հնդկական դեղագործական ընկերությունները Հայաստանի գործընկերների հետ համագործակցության խորացման մեծ ներուժ են տեսնում։ «Այս համաժողով
-ցուցահանդեսը Հնդկաստանի և Հայաստանի միջև դեղագործության ոլորտի կապերը խորացնելու և ընդլայնելու, նոր կապեր հաստատելու հիանալի առիթ է, որը, համոզված եմ, պատշաճ կօգտագործվի ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների կողմից։ Հնդկական դեղերն արդեն իսկ բավական լայն են ներկայացված հայկական շուկայում. Հայաստանում պետական գրանցում ստացած շուրջ 5 հազար դեղերից ավելի քան 150-ը Հնդկաստանում արտադրված դեղեր են։ Եվ հուսով եմ, որ համաժողով ցուցահանդեսի ընթացքում ձեռք կբերվեն նոր փոխշահավետ պայմանավորվածություններ, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի սպառողներին հասանելի կլինի հնդկական առաջատար ընկերությունների արտադրության որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղերի ավելի մեծ տեսականի»,- ասել դեսպան Կ.Դ. Դեվալը։
 
«Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ի մասնակից հնդկական և այցելու հայկական ընկերությունների ներկայացուցիչներին ողջունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նրանց մաղթելով արդյունավետ համագործակցություն։
 
PHARMEXCIL-ի ավագ տնօրեն Աբհայ Սինհան (Abhay Sinha), ներկայացնելով Հնդկաստանի դեղագործության ոլորտը, նշել է, որ երկիրը ջեներիկ դեղամիջոցների խոշորագույն մատակարարն է աշխարհում՝ զբաղեցնելով համաշխարհային մատակարարումների ծավալի 20%-ը: Երկիրն ունի 3000 դեղագործական ընկերություն, որոնց հզոր ցանցը ունի ավելի քան 10,500 արտադրական օբյեկտ: Արտադրության արժեքը Հնդկաստանում կազմում է ԱՄՆ-ի արժեքի գրեթե մեկ երրորդը, իսկ Եվրոպայում՝ գրեթե կեսը: Աբհայ Սինհան հավելել է, որ Հնդկաստանը 60 000 ջեներիկ ապրանքանիշի աղբյուր է 60 բուժական կատեգորիաների մեջ և արտադրում է ավելի քան 500 տարբեր Ակտիվ դեղագործական բաղադրիչներ (API): Ջեներիկ դեղերի արտահանումը Հնդկաստանի ուժեղ կողմերից է: 2018-19-ին դեղագործական արտադրանքի արտահանումը կազմել է 19.2 մլրդ դոլար: 
 
«Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ին ներկայացվում են Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները, կայանում են B2B ձևաչափի հանդիպումներ ոլորտի հնդկական առաջատար ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։
 
PHARMEXCIL-ի պատվիրակության առաջին այցը Հայաստան կայացել է 2011թ. մարտին։ Այցի շրջանակներում կազմակերպված համաժողով-ցուցահանդեսի արդյունքներով հնդկական դեղ արտադրող և հայկական ներմուծող և դեղատնային գործունեություն ծավալող ընկերությունների միջև կնքվել են բազմաթիվ պայմանագրեր, ինչի շնորհիվ զգալիորեն մեծացել է Հայաստան հնդկական առաջատար դեղագործական ընկերությունների արտադրանքի ներմուծման ծավալը։
 
Հայաստանի Հանրապետությունում
Հնդկաստանի դեսպանության 
մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 307 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար