Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին


Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

  • 11-11-2019 17:14:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից  տեղեկացնում են,որ  ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի և թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է , որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը ևս ԱԳ նախարարի պաշտոնում մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում: Նախագահ Սարգսյանը հիշել է Լավրովի հետ իրենց առաջին հանդիպումը մոտ 25 տարի առաջ՝ Նյու Յորքում, երբ վերջինս զբաղեցրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը՝ շնորհակալություն հայտնելով նրան ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դիվանագետներին ցուցաբերած աջակցության համար:
 
 
Հանրապետության նախագահը ՌԴ արտգործնախարարի միջոցով իր ջերմ ողջույնը և կրկին Հայաստանում տեսնելու պատրաստակամությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
 
ՌԴ արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները: «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին»,-ասել է Լավրովը:
 
Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում:
 
Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ակնկալում ենք այս ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն նաև ռուսական ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ»,-ասել է Հայաստանի նախագահը:
 
ՌԴ ԱԳ նախարարը ողջունելի է համարել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն