Արարատ Հայկական միության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդագիր է հանձնվել Վալենսիայի խորհրդարանի նախագահին
11-11-2019 17:29:05 | Հայաստան | Հասարակություն
Նոյեմբերի 7-ին Արարատ Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը հանդիպեց Վալենսիայի խորհրդարանի նախագահ Էնրիկ Մորերայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իսպանական և հայ-վալենսիական փոխգործակցության խնդիրներ։ Արարատ Ղուկասյանը խորհրդարանի նախագահին հանձնեց Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդագիր, որն, այս էլ արդեն չորրորդ անգամ կներկայացվի խորհրդարանում։
Հիշեցնենք, որ Իսպանիայում ցեղասպանությունը ճանաչել են 5 մարզ և 35 քաղաք, որոնցից 28-ը՝ Վալենսիայի մարզում և Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ։
Էնրիկ Մորերան հայկական միության նախագահին հանձնեց խորհրդարանի պատմության գիրքն ու քաղաքի խորհրդանիշ համարվող կերամիկայի նմուշը։
Հանդիպմանը ներկա էին նաև «Հայ ժողովրդի լավագույն բարեկամ» մրցանակակիր Սալվադոր Գարսիան և խորհրդարանի աշխատակիցներ:
Միջնորդագիրը խորհրդարանում կներկայացվի, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին։