«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին նոր սարքեր են տրամադրվել.ԱՆ


«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին նոր սարքեր են տրամադրվել.ԱՆ

  • 11-11-2019 17:36:45   | Հայաստան  |  Հասարակություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:
 
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ  հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ` առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, հիվանդանոցին են տրամադրվել թոքերի արհեստական շնչառության համակարգ և շարժական թվային ռենտգեն սարքավորում:
 
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը Արսեն Թորոսյանին և Հայկակ Արշամյանին ներկայացրել է սարքերի կիրառման հնարավորությունները:
 
Նախարարն իր խոսքում նշել է, որ շարժական թվային ռենտգեն սարքը շատ կարևոր է հիվանդանոցի համար, ինչի կարիքը կար տարիներ շարունակ:
 
«Շատ կարևոր է, որ հիմա` ձմեռային սեզոնին ստացանք այդ սարքերը և ոչ թե ավելի ուշ, որպեսզի այս սեզոնին բարձրորակ ծառայություններ մատուցենք մեր բնակչությանը», - ասել է Արսեն Թորոսյանը:
 
Նախարարը շրջել է հիվանդանոցի զինվորական բաժանմունքում, որտեղ գործում է սննդի նոր ծառայություն` մատուցելով որակյալ և առողջ սնունդ զինծառայողներին: Միաժամանակ, Արսեն Թորոսյանը ծանոթացել է բաժանմունքում մատուցվող մյուս ծառայություններին:
 
Հաջորդիվ, նախարարը շրջել է հիվանդանոցի վաղ մանկական և մանկական վարակային բաժանմունքներում: Focus on Children Now բարեգործական կազմակերպության շնորհիվ վերահակավորվել են հիվանդասենյակները և բուժքույրական սենյակները ժամանակակից գույքով: Արսեն Թորոսյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի համար:
 
Հայկակ Արշամյանը նշել է, որ Հայաստան Համահայկական հիմնադրամը շարունակելու է համագործակցել առողջապահության նախարարության հետ:
 
«Փորձելու ենք նաև բժիշկների վերապատրաստման ծրագիր մշակել` «Առողջություն Հայաստանին» (Health for Armenia) խորագրով», - ասել է հիմնադրամի տնօրենը:
 
Մհեր Դավիդյանցը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանը և Հայաստան Համահայկական հիմնադրամին հերթական աջակցության համար:
 
Նշենք, որ հիմնադրամի ֆինանսավորմամբ 2006 թվականին հիմնանորոգվել են հիվանդանոցի վերակենդանացման, աղիքային վարակների թերապևտիկ, ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play