Ինչպես են Ցեղասպանության տարիներին նվիրյալ հայերը փրկել իրենց գաղթական հայրենակիցներին. դեպքերը շատ են, փաստաթղթերը՝ չուսումնասիրված (ՏԵՍԱՆՅՈՒԹ եւ ՖՈՏՈՇԱՐՔ)


Ինչպես են Ցեղասպանության տարիներին նվիրյալ հայերը փրկել իրենց գաղթական հայրենակիցներին. դեպքերը շատ են, փաստաթղթերը՝ չուսումնասիրված (ՏԵՍԱՆՅՈՒԹ եւ ՖՈՏՈՇԱՐՔ)

  • 12-11-2019 16:57:30   | Հայաստան  |  Հասարակություն



Հայոց ցեղասպանության տարիներին նվիրյալ հայերի կողմից իրենց հայրնեկիցներին փրկելու դեպքերը ոչ միայն բազմաթիվ են եղել, այլև դրանց մասին փաստաթղթերի շուրջ 70 տոկոսն ուսումնասիրված չէ: 
 
Գաղթական հայերի փրկության մասին հանրությանն իրազեկելու նպատակով Երևանում և Էջմիածնում նոյեմբերի 8-9-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ կազմակերպել էր «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով:
 
Ըստ ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի՝ նշյալ գիտաժողովն անցկացնելու գաղափարը ծնվել է թանգարան-ինստիտուտի և ԱՀԱԸ հետ երկկողմ համագործակցության շնորհիվ, իսկ նպատակն է ներկայացնել Հայոց ցեղասպանության հետևանքով տեղահանված հայության «բեկորների» ճակատագրերը, լուսաբանել հայկական և միջազգային այն կազմակերպությունների, անհատների գործունեությունը, որոնք զբաղվել են հայ գաղթականների, մասնավորապես, երեխաների ու կանանց փրկության հարցերով:
 
Հ. Մարությանի փոխանցմամբ՝ ուղիղ 100 տարի առաջ սկսվել է «Մեկ հայ, մեկ ոսկի» շարժումը. 
«Ինչու՞ 2019-ին, որովհետև ուղիղ 100 տարի առաջ սկսվեց «Մեկ հայ, մեկ ոսկի» շարժումը, երբ բազմահազար որբեր գտնվում էին գերության մեջ, մուսուլմանացման եզրին, հայ մտավորականությունը գիտակցում էր, որ իր ապագան մեծապես կախված է այդ որբերից, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ երեխաները փրկվեն ու դառնան վաղվա Հայաստանի քաղաքացիներ»:
 
ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը գիտաժողովի մասնակիցներին ողջունել է տեսաուղերձով, որում նա մասնավորապես ասել է. «Պատմության հեգնանքն է, որ կապրինք: Մինչ այսօր՝ այստեղ, այ՛ս նյութով գիտաժողովի բացումը կկատարվի, անդին՝ Սուրիական անդաստաններուն մեջ, նույն անողոք դահիճին նոր ոճիրներուն ականատեսն ենք յոթ երկար տարիներե ի վեր և որուն զոհերեն մեզ այսօր հետաքրքրողը, նույն ինքն՝ Եղեռնեն փրկված մնացորդացի շառավիղն է: Ոճրագործը եւ ոճիրը դադար չունին, ուստի անհրաժեշտ է արթուն ըլլալով ակնկալել չարը: Հետեւաբար, ազգովին պետք է պատրաստ ըլլանք փրկութեան գործին»: 
 
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել և բարեմաղթանքներ են նաև հղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ՀՑԹԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռեյմոն Յարութիւն Գէորգեանը:
 
«Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով գիտաժողովին զուգահեռ անցկացվել է «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակներում ներկայացվել է բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում: 
 
Թանգարան-ինստիտուտի գիտնական քարտուղար Նարինե Մարգարյանի գնահատմամբ՝ նշյալ ցուցադրությունն առանձնահատուկ է, իսկ հայերի փրկության համար կազմակերպված տարբեր որբախնամ ձեռնարկումների գործունեության հաջողությունը պայմանավորել է նրանց ազգային, գաղափարական համախմբվածությամբ. 
 
«Այս գործում եղան առաքյալներ, մարդիկ, որոնք հստակ գիտակցում էին պահի լրջությունը և անշեղորեն կատարեցին իրենց գործը: Մի մասը հանգանակությունների ու նվիրատվությունների ձևով, մի մասը անապատից հայերին հավաքելով, մյուս մասն էլ որբանոցներում նրանց մասին հոգ տանելով»,- նկատել է նա:  
 
Առանձին խորագրերով ներկայացված են եղել հայկական հոգևոր կառույցների և հայկական կազմակերպությունների` ՀԲԸՄ, Հայ ազգային Միության, Եգիպտոսի հայ որբախնամի, Միջագետքի հայկական կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի, Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե նվիրյալների գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների իրականացրած որբախնամ ձեռնարկումները: 
 
Ցուցադրվել են եզակի արխիվային նյութեր՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ցուցանմուշներ` հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի, Երևանի պատմության թանգարանի և ՀՑԹԻ-ի աշխատակից Միհրան Մինասյանի հավաքածուներից: 
 
Կալիֆոռնիայի համալսարանի ժամանակակից և դասական լեզուների ու գրականության բաժանմունքի հայագիտության ծրագրի տնօրեն, Նորթրիջ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանը ներկայացրել է Սիրիայում ցեղասպանության տարիներին բռնի առևանգված հայ կանանց ու մանուկների փրկության համար գործունեություն ծավալած Ահարոն Շիրաջյանի պատմությունը՝ նշելով. 
 
«Վերապատվելի Շիրաջյանը 1922 թվականից Բրիտանիայի Հայոց բարեկամների ընկերակցությանը հանձնված Կարեն Եփե ապաստարանի վերակացուն էր և շարունակեց այդ հաստատության աշխատանքը: Մինչև 1933 թվականը ինքն ու իր կինը ըստ ամենայնի օգնում էին կոտորածներից փրկված կանանց ու աղջիկներին: Ժամանակի ու հանգամանքների թելադրանքով՝ նրանք երեխաներին նոր անուններ էին տալիս, նրանց համար դպրոց բացեցին, որտեղ երեխաները լեզուներ էին սովորում, կրոնական դասընթացներ ստանում, հայանում: Վերապատվելին ու իր կինը մեծ պատասխանատվությամբ էին մոտենում նաև այդ աղջիկներին ամուսնացնելու հարցին. մանրազնին ընտրում էին փեսացուներին՝ վստահ լինելու, որ այդ դժբախտացած աղջիկները հետագայում լավ ընտանիքներ են կազմելու և լավ հայ զավակներ են ունենալու»:
 
Գիտաժողովի երկրորդ օրն անցկացվել է Մայր Աթոռ Սբ. Էջմածնում՝ ԳԱՐԵԳԻՆ Ա կրթական կենտրոնում: 
 
Զեկուցներով հանդես են եկել  Հայաստանից և արտասահմանից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից ժամանած 23 գիտնականներ, որոնք անդրադարձել են ցեղասպանությունը վերապրած հայերի փրկության գործին առնչվող մանրամասներին:
 
Երևանի պետական համալսարանի հետազոտող, պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Հիլմար Կայզերը «Բողոքականների նպաստամատույց գործունեությունը օսմանյան 4-րդ բանակի շրջանում 1915 – 1917 թթ.» զեկույցի շրջանակներում անդրադարձել է ավետարանական գործիչներ Գունդակչյանի, Մհուդյանի, Հայդոսթյանի, վերապատվելի Էսքիջյանի, Շիրաջյանի գործունեությանը: 
Վերջիններս Համայում ու Հալեպում ստանձնել էին հայոց ցեղասպանության հետևանքով տեղահանվածների փրկության գործը:
Այդ մարդասիրական գործունեության ճանապարհին ավետարանականներն ունեցել են նաև կորուստներ:
Բանախոսը մասնավորապես հիշատակել է Արաքսյա Ջեբեջյանին, Բեատրիս Ռոյներին: Հիլմար Կայզերը միակ զեկուցողն է եղել, որն անդրադարձել է նաև ազգությամբ թուրք այն մարդկանց, որոնք դեմ են եղել ջարդերին և օգնել են տեղահանվածներին: 
 
Նա ներկաների ուշադրությանը, մասնավորապես, ներկայացրել է Օսմանյան 4-րդ բանակի կատարած բարեսիրական գործողություններն ու օգնությունը հայերին: 
 
«Հատկապես ուշագրավ է Այնթափի ապաստարաններից մեկի օսմանյան պատասխանատուի պատմությունը: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում նա ցանկություն էր հայտնել դառնալու քրիստոնյա, պատերազմի ավարտից հետո դուրս եկավ բանակից, մի հայ կնոջ հետ հեռացավ Թուրքիայից ու վերջում ապրեց Սիրիայում՝ ավետարանական համայնքի հետ»,- նշել է նա:
 
ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ամփոփելով երկօրյա գիտաժողովի արդյունքները՝ հայտնել է, որ  հաջորդ տարի նախատեսում են անցկացնել երեք միջազգային գիտաժողով և երկու ցուցադրություն: 
 
 
Գիտաժողովի լուսանկարներն այստեղ (օր 1 )
 
Գիտաժողովի լուսանկարներն այստեղ (օր 2 )
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play