«Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովում քննարկվում են ԵԱՏՄ տարածքում արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության կանխարգելման խնդիրները

12-11-2019 19:07:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Նոյեմբերի 12-ին Երևանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ երկօրյա միջազգային համաժողովը։ Այն նվիրված է արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրներին: 
 
Համաժողովի պլենար նիստը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը, ԵԱՏՀ ներքին շուկաների,  տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Դմիտրի Օվսյաննիկովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, Ռոսակրեդիտացիայի ղեկավար Ալեքսեյ Խերսոնցևը, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության անցումային և զարգացող տնտեսություն ունեցող երկրների վարչության ծրագրերի ղեկավար Եվգենի Սեսիցկին, Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարի տեղակալ Վլադիմիր Մուկվիչը, «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի նախագահ Ասլամբեկ Ասլախանովը։ 
 
Մհեր Գրիգորյանը ողջույնի խոսքում իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին միջոցառմանը մասնակցելու համար: Նա կարևորել է Հայաստանում նման համաժողովի կազմակերպումը, քանի որ արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրներն արդիական թեմաներ են ամբողջ աշխարհում, բայց, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը, թեմաներն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրի համար: Փոխվարչապետը կարևորել է ոչ միայն վերոնշյալ հարցերում, այլ բոլոր ոլորտներում առկա կարգավորումների անհամաչափությունների վերացումը ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից: Նա համաժողովը լավ հնարավորություն է համարել կանոնակարգերի և օրենսդրությունների ներդաշնակեցման վերաբերյալ հարցերը քննարկելու, ինչպես նաև փորձագիտական կարծիքներով կիսվելու համար: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ այսպիսի
միջոցառումները թույլ են տալիս գտնել մեխանիզմներ, որոնք կարող են արդյունավետ կերպով աշխատել ԵԱՏՄ ամբողջ տարածքում: Ամփոփելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին:
 
Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը պատիվ ունի արդեն երկրորդ անգամ կազմակերպելու նման կարևոր միջոցառումը:
 
«Կոնտրաֆակտի դեմ պայքարը վերաբերում է բնակչության բոլոր հատվածներին, այն գերակա խնդիր է բոլոր պետական մարմինների համար: Հետևաբար, այս խնդրին պետք է տրվեն համակարգված լուծումներ՝ համախմբելով բոլորի և յուրաքանչյուրի ջանքերը: Աշխարհում տեղի ունեցող գլոբալացման գործընթացը, տարածաշրջանային ինտեգրումը և թվային միջավայրի զարգացումը մեծացնում են համաշխարհային համայնքի ջանքերը միավորելու անհրաժեշտությունը այս վնասակար երևույթի դեմ պայքարում: Միջազգային համագործակցությունն ու գործողությունների համակարգումը կարևոր նշանակություն ունեն միասնական քաղաքականություն վարելու և կեղծ ապրանքատեսակների արտադրության և շրջանառության դեմ պայքարում հաջողության հասնելու համար: Այսօր համաժողովի թեմատիկ բաժինների և «կլոր սեղանների» մասնակիցները հավաքվել են այստեղ՝ քննարկելու եվրասիական մասշտաբի արդյունավետ մեխանիզմների ստեղծման հնարավորությունները, ինչը թույլ կտա հակադարձել կեղծարարությանը: Կասկած չկա, որ համաժողովը հնարավորություն է տալիս կազմակերպելու կառուցողական երկխոսություն պետական մարմինների ներկայացուցիչների, գործարար համայնքի, գիտության և հասարակության միջև, որպեսզի մշակվեն միասնական որոշումներ արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, ինչպես նաև ստեղծելու ապրանքների և ծառայությունների քաղաքակիրթ շուկա», - ասել է էկոնոմիկայի նախարարը և, եզրափակելով, մաղթել համաժողովի բոլոր մասնակիցներին արդյունավետ աշխատանք, նաև համոզմունք հայտնել, որ ընդհանուր ջանքերի շնորհիվ հաջողություններ կգրանցվեն կեղծ ապրանքների դեմ դժվարին պայքարում:
 
Տիմուր Ժակսիլիկովը նշել է, որ կոնտրաֆակտ արտադրության շրջանառության աճը համաշխարհային տենդենց է։ ԵԱՏՄ տարածքում կոնտրաֆակտի ծավալները տարեցտարի նույնպես ավելանում են․ «ԵԱՏՄ մաքսային ծառայությունների վիճակագրության համաձայն, 2018 թվականին հայտնաբերվել է 17,3 մլն միավոր կոնտրաֆակտ արտադրություն՝ 2017 թվականի համեմատ 54%-ով ավել (11,2 մլն միավոր) և 2014 թվականի համեմատ 73%-ով ավել», - ասել է Տիմուր Ժակսիլիկովն իր ելույթում և հավելել, որ իրավիճակը բարդանում է էլեկտրոնային առևտրի սրընթաց զարգացման հետևանքով՝ կոնտրաֆակտ արտադրանքը հաճախ վաճառվում է սոցիալական ցանցերի  և բջջային հավելվածների միջոցով։  «Մեզ անհրաժեշտ են եվրասիական մասշտաբի արդյունավետ միջոցներ, որոնք հնարավորություն կընձեռեն հակադարձելու կեղծ ապրանքների տարածմանը», - եզրափակել է  Տիմուր Ժակսիլիկովը։  
 
Երևանյան համաժողովի ընթացքում կքննարկվեն կոնտրաֆակտ (կեղծված) արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավակիրառության, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության կանխարգելման խնդիրները, կոնտրաֆակտի դեմ թվային մեթոդների կիրառումը և մարդկային ներուժի ձևավորումը արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի և մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների պաշտպանության ոլորտներում:
 
Համաժողովի հիմնական խնդիրներն են․ 
 
«Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային համաժողովի մասնակիցների համախմբված դիրքորոշման մշակումը՝ արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությունը կանխելու հակազդող միջոցների համակարգի ապահովման և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության միջոցառումների վերաբերյալ։
 
Միասնական մաքսային տարածքի շրջանակներում մաքսային կարգավորումների և մաքսային հսկողության մեխանիզմների կատարելագործման առաջարկությունների մշակումը։ 
 
Արդյունաբերական արտադրանքի հավաստագրման և ստանդարտացման համակարգի կատարելագործման առաջարկությունների մշակումը։ 
 
Ադյունաբերական արտադրանքի որակի արդյունավետ վերահսկման մեխանիզմների մշակումը։ 
Նորարար (ինովացիոն) տնտեսության հիմնախնդիրների շուրջ կառուցողական երկխոսության ապահովումը։ 
Նորարարական (ինովացիոն) գործունեության իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների մշակումը, ներառյալ արդյունաբերական արտադրանքի ապօրինի արտադրության և շրջանառության դեմ պայքարի հարցերը, հաշվի առնելով այն համգամանքը, որ վերջիններս լուրջ սպառնալիք են տնտեսական անվտանգության համար։
 
«Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային համաժողովին մասնակցում են շուրջ 500 ներկայացուցիչներ ԵԱՏՄ անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և այլ պետական մարմինների, խոշոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև տվյալ ոլորտի առաջատար միջազգային փորձագետներ, գիտության ոլորտի և հասարակության ներկայացուցիչներ։ Երկու օրվա ընթացքում քննարկումներ կծավալվեն 4 սեկցիաների 10 «կլոր սեղաններում»։  
 
Հիշեցնենք, որ «Անտիկոնտրաֆակտ 2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության,  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Անտիկոնտրաֆակտ»  միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:
 
Հայաստանում «Անտիկոնտրաֆակտ»  համաժողովն անցկացվում է երկրորդ անգամ․ առաջին անգամ այն կայացել է 2016 թվականին։
 
 
 
 
մշակումը։    
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 499 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար