Հայ-ամերիկյան ճեղքում


Հայ-ամերիկյան ճեղքում

  • 13-11-2019 16:09:42   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայ-ամերիկյան հարաբերության առումով սկսել ենք ռազմավարական երկխոսություն եւ կարող եմ ասել, որ մոտ ենք ճեղքման, փարիզում հայկական համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Ի՞նչ ճեղքման մասին է խոսում վարչապետը, կմանրամասնի՞ նա այդ հանգամանքն այլ առիթով, թե՞ խոսքը շատ կոնկրետ որեւէ հանգամանքի մասին չէ, այլ պարզապես թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերության համակարգման, ինչպես օրինակ տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերության պարագայում: Ընդ որում, վարչապետը հայ համայնքի հետ հանդիպմանը փաստացի արձանագրել է, որ հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության առումով խնդիր եղել է: Թեեւ, դա գաղտնիք էլ չէր: Եվ բանն այստեղ ամենեւին Խաչատուրովի չարչրկված դեպքը չէր:
 
Հայաստանում թավշյա հեղափոխության պայմաններում օտարության եւ խորթության զգացումը Մոսկվայի համար լինելու էր անխուսափելի, հաշվի առնելով Ռուսաստանի համակարգային հանգամանքները, եւ այդ երկրին անշուշտ ժամանակ էր պետք նոր Հայաստանին հարմարվելու, ադապտացվելու համար: Այդ գործում հաջողության համար էլ ժամանակ էր պետք Երեւանին:
 
Գործնականում նույն խնդիրը կա Միացյալ Նահանգներում, պարզապես այստեղ հարցը համակարգային օտարությունը կամ խորթությունը չէ: Ինչպես ցույց տվեց դեռեւս նախորդ տարի հոկտեմբերին Բոլթոնի այցը, Նահանգները փորձում են հասկանալ Հայաստանում տեղի ունեցածը եւ պարզել, թե արդյո՞ք դա «ռուսական հնարք» չէր:
 
Բանն այն է, որ 2013-ի սեպտեմբերի 3-ին հաջորդած շոկային շրջանից հետո, Նահանգները կարողացան Երեւանի հետ հասնել փոխհարաբերության որոշակի կանոնակարգման եւ համադրման, ինչը թույլ տվեց նրանց հայ-ամերիկյան հարաբերությունը բնորոշել երբեւէ եղած ամենաբարձր աստիճանով: Իսկ այդ տիրույթում տեղի էին ունենում բավականին նուրբ զարգացումներ, որոնք հետաքրքիր զուգորդվում էին նաեւ ռուս-ամերիկյան հարաբերությունում տեղի ունեցող գործընթացի հետ:
 
Հայաստանում հեղափոխությունից հետո Վաշինգտոնին ըստ երեւույթին հարկ էր հասկանալ՝ ռուսները հո չե՞ն «գցել» իրենց Հայաստանում: Ընդ որում հատկանշական է, որ նույն մտավախությունը կամ տրամադրությունը ռուսական որոշակի շրջանակներ առ այսօր բարձրացնում են ամերիկացիների մասով, թեեւ տողատակում կասկածելով, որ իրենց գցում է այդուհանդերձ ամերիկացիների հետ որոշակի երկխոսություն իրականացնող Պուտինը:
 
Հայաստանի վարչապետը, խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունում ճեղքման մասին, ըստ ամենայնի նկատի է առնում հենց այն հանգամանքը, որ Նահանգներն ավարտում են այդ հարցում «հետախուզությունը», եւ արդեն նոր իրավիճակում վերականգնվում է հայ-ամերիկյան քաղաքականության համադրելիությունը, ընդ որում թերեւս ավելի խորքային քաղաքական ընդգրկումով, քան մինչեւ հեղափոխությունը:
 
Դրա վառ վկայություն էր Ներկայացուցիչների պալատում ցեղասպանության հարցի ճանաչումը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն