Սիսիանում բացվել է թարմ մսի վաճառակետ


Սիսիանում բացվել է թարմ մսի վաճառակետ

  • 13-11-2019 17:25:37   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

 
 
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության՝ ամռանը Սյունիքի մարզում անցկացրած շրջայցերի արդյունքում, Սիսիան քաղաքում արձանագրվել էին մսի անկանոն ու ոչ պատշաճ իրացման դեպքեր. թարմ միսը վաճառում էին հենց փողոցում: Քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկումներ էին անցկացվել իրավիճակը շտկելու ուղիների ու հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումներում ընդգրկվել էր նաև հասարակական սեկտորը:
 
Այսօր արդեն, համայնքապետարանի ջանքերով, Սիսիանում բացվել է անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր նորմերին համապատասխանող թարմ մսի վաճառակետ: Այժմ արդեն գյուղացին չի կարող թարմ միս-մսեղիքը վաճառել փողոցում՝ պատճառաբանելով, թե պետությունը կամ համայնքը իրենն որևէ այլ հնարավորություն, վաճառքի այլ՝ ավելի բարեկարգ, վայր չի առաջարկում:
Վաճառակետի բացման արարողությանը ներկա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շեշտել է, որ տարբեր կառույցների մոտեցումների մեկտեղումը միշտ էլ տալիս է ցանկալի արդյունք: «Սա ցցուն օրինակ է, թե ինչպես է հնարավոր վերահսկող կառույցի, հասարակական կազմակերպության ու տեղական ինքնակառավարման մարմնի համատեղ ուժերով կարճ ժամկետում խրթին ու անլուծելի թվացող հարցեր լուծել: Մենք բոլորս այս դեպքում ունեցել ենք նույն ելակետն ու նպատակը՝ ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ սննդամթերք օգտագործելու իրավունքը: Սիսիանցիների համար սա առաջին հայացքից կարող է փոքր քայլ թվալ, սակայն այն մեծ քայլ է մեր սերունդների առողջության ապահովման տեսակետից»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
 
Մսի վաճառակետի բացումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրն իրականացնող «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում:
 
Միջոցառմանը ներկա էր Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Սյունիքի մարզպետարանից, «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրը համաֆինանսավորող Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և համագործակցության գործակալությունից, ՌԶԳ ՀԿ-ից: 
Համայնքային վաճառակետի գործարկումը կարևոր քայլ է թե սպառողների, թե միս արտադրող ֆերմերների համար, այն վերջ կտա համայնքում մսի փողոցային առևտրին և կնպաստի Սիսիանում մսի շուկայի կայուն զարգացմանը: Վաճառակետի առավելություններից մեկն էլ այն է, որ այստեղ սպառողը թարմ միսը ձեռք է բերում անմիջապես արտադրողից՝ ստանալով անհամեմատ որակյալ ծառայություն:
 
 
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն