Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողությունը.Հայկ Գաբրիելյան


Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողությունը.Հայկ Գաբրիելյան

  • 14-11-2019 11:53:36   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ
 
Թուրքիան կարողացավ «Խաղաղության ակունք» գործողության համար «կանաչ լույս» ստանալ թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ՌԴ-ից։
Սիրիայի հյուսիս-արևելքում հաստատվեց Թուրքիայի ռազմական ներկայությունը։
2019թ․ նույնպես դարձավ Սիրիայում Թուրքիայի ձեռքբերումների տարի։
Թուրքիան կարողանում է ոչ միայն ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում, այլև դրանք սկսել իր համար ցանկալի ու խորհրդանշական օրերին։ 
«Խաղաղության ակունք» գործողությունն ամրապնդեց տարածաշրջանային գերտերություններ ՌԴ-ի, Թուրքիայի ու Իրանի դիրքորոշումները։ 
Հայաստանը պետք է մի շարք կարևոր դասեր քաղի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններից։
 
Ներածություն
 
Դեռևս 2014թ․ Սիրիայի քրդերը հայտարարեցին երկրի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանին հարակից շրջաններում, 3 ինքնավար կանտոնի (շրջան) հռչակման մասին։ Խոսքն Աֆրինի, Քոբանիի ու Ջիզրեի շրջանների մասին է։ Արդեն 2015թ․ Սիրիայի քրդերն ԱՄՆ գործուն աջակցությամբ տպավորիչ հաջողությունների հասան ԻՊ-ի դեմ պայքարում։ Նախ նրանք 2015թ․ հունիսի 15-ին կարողացան ԻՊ-ին վտարել Թել Աբյադից, ինչը նրանց հնարավորություն տվեց միավորելու իրենց Քոբանի և Ջիզրե շրջանները և Եփրատից արևելք ընկած հատվածում լիովին խզել Թուրքիայի ու ԻՊ-ի միջև կապը։ Դրանից հետո նրանց ուշադրությունը բևեռվեց Եփրատից արևմուտք ընկած հատվածի վրա։ Այդպիսով 2014թ․ և հատկապես 2015թ․ դարձան Սիրիայի քրդերի ձեռքբերումների տարիներ։
 
Սակայն 2015թ․ հուլիսի 1-ին (Թալ Աբյադի անկումից կես ամիս անց) Թուրքիայում անցկացված ԱԱԽ նիստի արդյունքներով որոշվեց Սիրիայի քրդերի համար «կարմիր գիծ» սահմանել Եփրատ գետը, որպեսզի նրանք չգետանցեն այն և չշարժվեն դեպի արևմուտք։ Եվ երբ Սիրիայի քրդերը փորձեցին հաղթահարել «կարմիր գիծը», թուրքական ավիացիան ու հրետանին ոչնչացրին նրանց նավակները։ Սիրիայի քրդերը երկար ժամանակ կորցրեցին Եփրատը գետանցելու վրա, և դա ռուս-թուրքական արդեն վատթարացած հարաբերությունների պայմաններում։ Արդյունքում նրանք որոշեցին Եփրատը գետանցել Թուրքիայի սահմանից բավական հարավ ընկած հատվածում, ուր նրանք պաշտպանված կլինեին թուրքական ավիացիայի ու հրետանու հարվածներից։ Սիրիայի քրդերին հաջողվեց 2016թ․ հունիսի 23-ին ԻՊ-ին դուրս մղել Եփրատից արևմուտք ընկած Մանբիջ քաղաքից, սակայն կարելի է ասել, որ այստեղ նրանց հաջողությունները դադարեցին։ Հունիսի 27-ին (ընդամենը 4 օր անց) Կրեմլը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանից ստացվել է ներողության մասին նամակ։ Միաժամանակ Թուրքիային հաջողվեց ճնշումներ բանեցնելու, բողոքներ ներկայացնելու շնորհիվ հասնել, որ ԱՄՆ-ը Մանբիջում կանգնեցնի Սիրիայի քրդերի հաղթարշավը։ Արդյունքում Սիրիայի քրդերը չկարողացան Աֆրինի շրջանը միավորել Քոբանիի շրջանի հետ, որով ողջ թուրք-սիրիական սահմանը կանցներ նրանց վերահսկողության ներքո՝ բացառությամբ Հաթայ նահանգի սահմանի։ Փաստորեն, 2016թ․ թուրք-սիրիական սահմանի մեծ մասը գտնվում էր Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG), ինչպես նաև ԻՊ-ի վերահսկողության ներքո, որոնց երկուսին էլ Թուրքիան համարում էր ահաբեկիչներ։ Վերջիններս Թուրքիայի համար դարձան ոչ միայն մարտահրավեր, այլև հնարավորություն։ Թուրքիան սպասում էր իր ժամին և 2016թ․-ից անցավ հակահարձակման՝ լայնորեն օգտագործելով այդ հնարավորությունը։ Դրանից հետո յուրաքանչյուր տարի անխտիր դարձավ Սիրիայում Թուրքիայի ձեռքբերումների տարի․ 2016թ․ Թուրքիան Ազզազ-Ջարաբլուս գոտում ձեռնարկեց «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, 2017թ․ ռազմական դիտակետեր տեղակայեց Իդլիբի նահանգում, 2018թ․ Աֆրինի շրջանում իրականացրեց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։ 2019թ․ էլ Թուրքիան արդեն Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացրեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը և իր ռազմական ներկայությունը հաստատեց նաև Եփրատ գետից արևելք ընկած հատվածում։
 
«Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը
 
Դեռևս 2018թ․ դեկտեմբերի 21-ին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան անորոշ ժամանակով հետաձգում է Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն ձեռնարկելը, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողները դուրս են բերվելու Սիրիայից։ Դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում ԻՊ-ի դեմ հաղթանակը կայացած է, և որ միայն դա է եղել պատճառը, որ ամերիկացի զինծառայողները մնացել են Սիրիայում։ Թրամփի խոսքերով՝ Սիրիայից ամերիկացի զինծառայողների դուրսբերումը տևելու է 60-100 օր ։ 2019թ․ հունվարի 14-ին Թրամփը սպառնաց ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինս ամերիկացի զինծառայողների հեռանալուց հետո որոշի հարձակվել Սիրիայի քրդերի վրա։ Դրա հետ մեկտեղ Թրամփը կարևորեց Սիրիայի քրդերի կողմից Թուրքիային չսադրելը, ինչպես նաև Սիրիայում 20 մղոն (32 կմ) խորությամբ անվտանգության գոտու ստեղծումը ։ Չնայած Թրամփի տնտեսական այս լուրջ սպառնալիքին՝ նա, ըստ էության, ցույց տվեց, որ համաձայն է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծմանը, ինչին որ տենչում էր Էրդողանը (թուրք-ամերիկյան տարակարծությունները, թերևս, առնչվել են անվտանգության այդ գոտու ստեղծման դետալներին)։ 
Հունվարի 23-ին էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ը պետք է հաշվի առնի Թուրքիայի շահերը սեփական անվտանգության ապահովման ոլորտում՝ հավելելով, որ 1998թ․ (Ադանայի) համաձայնագրի իրագործումը համապատասխանում է Թուրքիայի շահերին և կարող է իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում։ Թրամփի և Պուտինի այս հայտարարությունները ոգևորիչ էին Էրդողանի համար, ով արդեն հունվարի 25-ին հայտարարեց, որ Թուրքիան կարող է իր ուժերով անվտանգության գոտի ձևավորել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած տարածքում։ Թուրքիայի նախագահն այդ համատեքստում հիշեցրեց 1998թ․ հոկտեմբերի 20-ին Թուրքիայի ու Սիրիայի միջև կնքված Ադանայի համաձայնագրի մասին, որը (նրա խոսքերով) Թուրքիային հնարավորություն է տալիս առանց հրավերի անդրսահմանային գործողություններ կատարել Սիրիայի տարածքում։ Հիշեցնենք, որ WikiLeaks-յան փաստաթղթերի համաձայն՝ թուրքական բանակին թույլ է տրվել քուրդ զինյալներին հետապնդելիս 5-15 կմ խորանալ Սիրիայի տարածքում (2010թ․ դեկտեմբերի 21-ին Թուրքիան և Սիրիան ստորագրեցին «Ահաբեկչության ու ահաբեկչական կազմակերպությունների դեմ համագործակցության մասին» նոր պայմանագիր, որը նախատեսում էր համատեղ պայքար մղել ահաբեկչության ու ահաբեկչական կազմակերպությունների դեմ) ։ 
 
Էրդողանի, ինչպես նաև Թրամփի ու Պուտինի հայտարարություններից հետո տպավորություն կար, որ Թուրքիան մոտ է Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն իրականացնելուն։ Տվյալ ժամանակ այն չափազանց կարևոր էր Էրդողանի համար՝ հաշվի առնելով, որ մարտի 31-ին Թուրքիայում անցկացվելու էին ՏԻՄ կարևոր ընտրությունները։ Ելնելով դրանից՝ ակնկալում էինք, որ ռազմական գործողությունը պետք է տեղի ունենար մինչև մարտի 31-ը, ինչը մեծապես կբարձրացներ Էրդողանի ու նրա կուսակցության՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իմիջն ընտրազանգվածի շրջանում։ Դա Էրդողանի կողմից քանիցս կիրառված «ընտրական հնարք» է․ «Ձիթենու ճյուղ» գործողությունը նույնպես այդ շարքից է։ Մեր նախկին հոդվածներից մեկում  կանխատեսել էինք, որ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունը կմեկնարկի փետրվարի 15-ին, քանի որ Էրդողանը սիրում է հարվածներ հասցնել խորհրդանշական օրերին։ Փետրվարի 15-ը հարմար օր էր այն առումով, որ 1925թ․ այդ օրը կալանավորվել էր քրդական ապստամբության առաջնորդ շեյխ Սայիդը, իսկ 1999թ․ այդ օրը՝ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։    
 
Բայց քանի որ ԱՄՆ-ը ձգձգեց իր զինծառայողներին Սիրիայից դուրս բերելու գործընթացը, տարեսկզբին չկայացավ թուրքական ռազմական գործողությունը։ Էրդողանն էլ Թրամփի տնտեսական սպառնալիքի պայմաններում ռիսկի չդիմեց գնալու այդ քայլին, քանի որ դրա հետևանքները մեծապես կարող էին վնասել ԱԶԿ-ի իմիջը ՏԻՄ ընտրություններից առաջ (արդյունքում, թուրքական ռազմական գործողությունը չկայացավ, ԱԶԿ-ն էլ պարտություններ կրեց երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում նաև պաշտոնական մայրաքաղաք Անկարայում, ֆինանսական մայրաքաղաք Ստամբուլում և զբոսաշրջային մայրաքաղաք Անթալիայում, ինչպես նաև երկրի երրորդ խոշոր քաղաք Իզմիրում)։ 
Հետագա ամիսներին Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտու ստեղծման շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները շարունակվեցին։ Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվեցին ստեղծել Սիրիայում համատեղ օպերացիաների կենտրոն, իսկ օգոստոսի 12-ին Սիրիայից 50 կմ հեռավորության վրա գտնվող Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաք ժամանեց ամերիկացի զինծառայողների առաջին խումբը, որոնք պետք է աշխատեին տվյալ կառույցում։ Կենտրոնը երկու երկրների կողմից կազմակերպվել էր Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ձևավորման պլանի համար, ուր կկարողանային Թուրքիայից վերադառնալ սիրիացի փախստականները։ Չնայած դրան՝ Անկարան շարունակում էր պնդել, որ ծրագրված անվտանգության գոտու վերահսկողությունը պետք է իրականացնի բացառապես թուրքական զորքը։ Սեպտեմբերի 24-ին Էրդողանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանում ներկայացրեց այդ գոտու ստեղծման պլանը։ Էրդողանն այն որակեց «խաղաղության միջանցք»՝ հավելելով, որ նրա երկարությունը կազմելու է 480 կմ, իսկ խորությունը՝ 30 կմ։ Էրդողանի խոսքերով՝ այդ գոտում հնարավոր կլինի տեղավորել 1-2 մլն սիրիացի փախստականի ։ 
 
Եվ ահա Էրդողանի համար բաղձալի այդ ռազմական գործողությունը, որը ստացավ «Խաղաղության ակունք» անվանումը, մեկնարկեց դրանից կես ամիս անց՝ հոկտեմբերի 9-ին։ Ինչո՞ւ համար էր ռազմական գործողությունն անհրաժեշտ Թուրքիային, նրա նախագահ Էրդողանին։ 
 
1․ Թուրքական կողմին, բնականաբար, մտահոգել են Սիրիական հակամարտության ժամանակ տեղի քրդերի ձեռքբերումները և նա, ինչպես արդեն նշվեց, 2016թ-ից սկսել էր չեզոքացնել այդ ամենը։ Թուրքական կողմին խորապես մտահոգում էր, որ այդ ձեռքբերումները կարող են ոգևորիչ լինել նաև հենց իր՝ Թուրքիայի քրդերի համար։ Դրա համար էլ թուրքական կողմը ցանկանում էր Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծել անվտանգության գոտի, այդ կերպ ա) Սիրիայի քրդերին հեռացնել Թուրքիայի սահմանից, բ) միմյանցից հեռացնել Սիրիայի ու Թուրքիայի քրդերին։ Այլ կերպ ասած՝ անվտանգության գոտին պետք է սեպի դեր խաղար նրանց միջև։
 
2․ Թուրքական կողմը ծրագրել է փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը։ Արդեն նշվել է, որ Էրդողանը մտադիր է անվտանգության գոտին բնակեցնել 1-2 մլն փախստականներով։ Խոսքը, բնականաբար, հիմնականում արաբ փախստականների մասին է, որոնց համար Էրդողանը նաև օբյեկտիվ պատճառներով կարող է դիտարկվել որպես փրկիչ (քանի որ պատերազմի ժամանակ չի փակել Թուրքիայի դարպասները և այդ մարդկանց հնարավորություն է ընձեռել փրկվել պատերազմի արհավիրքներից)։ Ստացվում է, որ արաբ և ընդհանրապես ոչ քուրդ փախստականները նաև «հուսալի պատնեշի կամ վահանի» դեր են կատարելու թուրքական կողմի համար։ Ավելին, այդչափ փախստականների վերաբնակեցնելը պահանջելու է նոր բնակավայրերի, բնակատեղիների կառուցում Սիրիայի հյուսիս-արևելքում, և դա մեծապես օգտակար կլինի թուրքական շինարարական սեկտորի համար՝ հաշվի առնելով Թուրքիայի ֆինանսա-տնտեսական ընթացիկ դժվարությունները։
 
3․ Թուրքիան այդպիսով ռազմական ներկայություն կհաստատեր նաև Սիրիայի հյուսիս-արևելքում, և 2019թ․ նույնպես կարելի կլիներ գրանցել որպես Սիրիայում Թուրքիայի ձեռքբերումների տարի։ Թուրքիան այդպիսով կմեծացներ հետպատերազմյան Սիրիայում իր ձայնի իրավունքը, ինչպես նաև կստանար հենակետեր հնարավորության դեպքում Սիրիայի խորքերը ներթափանցելու համար։ Թուրքիան նաև հնարավորություն կստանար Եփրատից արևելք ընկած հատվածների շուրջ սակարկելու միջոցով ավելի տևական դարձնել Եփրատի արևմտյան հատվածում իր ձեռքբերումները։ Մեր կարծիքով՝ Եփրատի արևմտյան հատվածը նրա համար շատ ավելի կարևոր է, քան Եփրատի արևելյան հատվածը, քանի որ Եփրատի արևմտյան մասը վերահսկելով՝ Թուրքիան անգամ հեռանկարում կարող է արգելափակել Սիրիայի քրդերի հնարավոր մուտքը դեպի Միջերկրական ծով (թուրքական կողմը վերջին տարիներին շարունակ կարևորել է Սիրիայի քրդերի համար դեպի ծով ելք չունենալը, քանի որ դա նրանց կախյալ դրության մեջ կդնի Թուրքիայից)։ Բացի այդ ավելի վաղ չենք բացառել, որ Էրդողանը կարող է մի օր հանրաքվե կազմակերպել Եփրատից արևմուտք ընկած, թուրքական զորքի վերահսկած տարածքներում, որոնց բնակիչները (Թուրքիայից բերված) նախ կարող են քվեարկել Սիրիայից անջատվելու, ապա և Թուրքիայի կազմի մեջ մտնելու օգտին։ Թուրքիայի տարածքային ամբողջականության ընդլայնումը չափազանց կարևոր է Էրդողանի համար Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին առնվազն հասնելու տեսանկյունից։
 
Իսկ ինչո՞ւ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության թեման Էրդողանն արդիականացրեց սեպտեմբերին, և ինչո՞ւ այն մեկնարկեց հենց հոկտեմբերի 9-ին։ Մեր կարծիքով՝ Էրդողանն անվտանգության գոտու թեման վերստին օրակարգ բերեց, քանի որ հուլիսից մեկնարկել էին ՌԴ-ից գնված S-400 ԶՀՀ-ների մատակարարումները, և նա դրանով ցանկանում էր օրակարգից դուրս մղել այդ թեման։ Այսինքն, անվտանգության գոտու ստեղծման թեման պետք է դառնար առաջնային թեմա և զգալիորեն շեղեր ԱՄՆ-ի ուշադրությունը S-400 ԶՀՀ-ների գնման գործարքից։ Այստեղ որոշակի նմանություններ ենք նկատում Էրդողանի ու Պուտինի կիրառած մարտավարություններում․ Ղրիմի հայտնի դեպքերին (2014թ․) հաջորդել էին Դոնբասի դեպքերը, ապա և Սիրիայում ռուսական ռազմական միջամտության մեկնարկը, որոնք հաջորդաբար օրակարգից զգալիորեն դուրս էին մղել նախորդ կարևոր, օրակարգային թեման։ Ընդ որում, S-400 ԶՀՀ-ների գնումից հետո ԱՄՆ-ի կողմից տնտեսական ազդեցիկ պատժամիջոցների բացակայությունը կարող էր ոգևորիչ լինել Թուրքիայի համար, որը դա դեռ «չմարսած»՝ անցում կատարեց մի նոր քայլի։ Տվյալ փուլում «Խաղաղության ակունք» գործողության անցկացման հարցն օրակարգ բերվեց նաև նրա համար, որ թուրքական կողմը կարողանա այն սկսել հոկտեմբերի 9-ին։ Հիշեցնենք, որ 1998թ․ հոկտեմբերի 9-ին (21 տարի առաջ) թուրքական կողմի (նաև ռազմական) սպառնալիքներից հետո Սիրիայի տարածքը հարկադրաբար լքել էր Ա․ Օջալանը։ 
 
Նկատենք, որ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունները նույնպես չեն անցկացվել պատահական օրերին։ Ազզազ-Ջերաբլուս գոտում «Եփրատի վահան» գործողությունը (Fırat Kalkanı Harekatı) մեկնարկել էր 2016թ․ օգոստոսի 24-ին, ինչի կապակցությամբ թուրքական մամուլը գրել էր, թե օսմանների թոռներն ուղիղ 500 տարի անց վերստին Ջերաբլուսում են. 1516թ. օգոստոսի 24-ին օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի բանակը Մերջիդաբըքի (Մարջդաբիք) ճակատամարտում (Հալեպից 44 կմ հյուսիս) պարտության էր մատնել Եգիպտոսի մամլուքների բանակը, ինչից հետո օսմանյան պետության կազմում ընդգրկվեցին Սիրիան, Պաղեստինը, Լիբանանը (Եգիպտոսի նվաճումից հետո Սելիմ Ահեղը դառնում է օսմանյան առաջին խալիֆ)։ Իսկ ահա Աֆրինի շրջանում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը (Zeytin Dalı Harekatı) մեկնարկել է 2018թ․ հունվարի 20-ին․ 1920թ․ հունվարի 20-ին  Մարաշում մեկնարկել է ֆրանսիացիների դեմ «անկախության համար պայքարը», Մարաշի ճակատամարտը, որում տարած հաղթանակի հետո թուրքական զորքն Անկարայի կառավարության որոշմամբ Մարաշից շարժվել է դեպի Աֆրին «Անատոլիայի անվտանգությունն ապահովելու» համար (արդյունքում Մարաշը ստացավ Անկախության մեդալ և վերանվանվեց Քահրամանմարաշ, թարգմանաբար՝ Հերոս Մարաշ)։ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունները վկայում են, որ Թուրքիան վերջին շրջանում ոչ միայն կարողացել է Սիրիայի հյուսիսում իրականացնել նման ռազմական գործողություններ, այլև դրանք սկսել իր համար ցանկալի օրերին՝ այդ կերպ հիշեցնելով և փառաբանելով անցյալի (պատմական) հաղթանակները։ Բացի այդ նկատելի է, որ թուրքական կողմը տվյալ գործողությունների համար ընտրել է խաղաղասիրական ու պաշտպանական անվանումներ՝ չնայած նրան, որ դրանք իրենց բնույթով հարձակողական գործողություններ են։ Ավելին, «Խաղաղության ակունքի» անունը (Barış Pınarı Harekatı) որոշակիորեն հիշեցնում է 1974թ․ Կիպրոս կղզու հյուսիսային հատվածում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունը՝ Kıbrıs Barış Harekatı (Կիպրոսի խաղաղության գործողություն)։
 
Այդպիսով, Սիրիայի հյուսիս-արևելքում մեկնարկեց Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողությունը, որը տևեց 1 շաբաթ և 1 օր։ Կարծում ենք, որ այս գործողության մեկնարկի օրն անակնկալ է եղել ԱՄՆ-ի համար (ինչպես որ «Եփրատի վահան» գործողության մեկնարկի պարագայում)․ ԱՄՆ-ը, ընդհանուր առմամբ, «կանաչ լույս» է վառել «Խաղաղության ակունք» գործողության առջև, սակայն չի իմացել մեկնարկի կոնկրետ օրը։ Այս մասին կարող են վկայել մի շարք հանգամանքներ․ ա) Քոբանին լքող ամերիկացի զինծառայողներն ավտոմայրուղու վրա հանդիպել են դեպի հյուսիս շարժվող Բ․ Ասադի բանակի ստորաբաժանումներին, սակայն բախում տեղի չի ունեցել , բ) ամերիկյան օդուժը (F-15E տիպի 2 ինքնաթիռ) Այն Իսայի մոտակայքում ստիպված է եղել ավիահարվածի միջոցով ոչնչացնել ԱՄՆ հատուկ նշանակության զորքերին պատկանող զինապահեստը, որպեսզի այն բաժին չընկնի հակամարտող կողմերին , գ) Սիրիայի քրդերը Քամըշլըում նահանջող ամերիկյան ռազմական շարասյան վրա նետել են քարեր, կարտոֆիլներ և լոլիկներ ՝ չնայած նրան, որ Թրամփի խոսքերով՝ ԱՄՆ-ը Սիրիայի քրդերին չէր խոստացել պաշտպանել 400 տարի ։ Ավելին, կարծում ենք, որ եթե 2014-2015թթ․ չլիներ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Սիրիայի քրդերին, ապա ԻՊ-ը, անկասկած, կգրավեր Քոբանին և թերևս կշարժվեր դեպի Քամըշլը, և նույն կարտոֆիլ ու լոլիկ նետողները հազիվ թե ողջ մնացած լինեին։ Այս ամենը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը չի հասցրել ժամանակին հեռացնել իր զորախումբը Սիրիայի հյուսիս-արևելքից, և որ դա հարկադրված է եղել անել արդեն հապճեպ՝ թուրքական կողմի հարձակման պայմաններում։ 
 
Իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ը «կանաչ լույս» վառեց «Խաղաղության ակունք» գործողության առջև․ ա) Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցն է, և ԱՄՆ-ը փորձեց որոշակի հագուրդ տալ նրա նկրտումներին՝ ի հաշիվ Սիրիայի քրդերի։ ԱՄՆ-ը քաջ գիտակցում է, որ եթե մի շարք կարևոր հարցերում չընդառաջի Թուրքիային, ապա նրան այդպիսով ավելի է վանում իրենից և մղում դեպի ՌԴ, բ) Թրամփը, թերևս, կարծեց, որ Սիրիայի քրդերն այնքան էլ չեն վնասվի, եթե մի փոքր հետ քաշվեն Թուրքիայի սահմանից, գ) ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկացի զինծառայողները պետք է դուրս բերվեն Սիրիայից, և թուրքական այս հարձակումը լավ առիթ էր նաև այդ իմաստով, դ) ԶԼՄՆ-ների պնդմամբ՝ թուրքական կողմը կարող էր շանտաժի ենթարկել Թրամփին՝ այդ համատեքստում օգտագործելով իր հատուկ ծառայությունների որսած ԱՄՆ-ի նախագահի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշների և սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի հեռախոսային խոսակցությունը, որի ժամանակ Քուշներն իբրև թե համաձայնել է սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշոկջիի կալանավորմանը (Խաշոկջին դաժանաբար սպանվել է 2018թ. հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում) , ե) Էրդողանը քանիցս հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմական գործողության վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններն արդյունք չտան, ապա Թուրքիան այդ գործողությունը կսկսի միայնակ։ Կարծում ենք, որ Թրամփը պատրանքներ չի տածել, որ Թուրքիան ի զորու էր այդ գործողությունը սկսել նաև միայն ՌԴ-ի համաձայնության պայմաններում։ ԱՄՆ-ում, թերևս, վստահ են եղել, որ Թուրքիան այսպես թե այնպես ձեռնարկելու էր այդ ռազմական գործողությունը, ուստի ավելի նպատակահարմար է համարվել, որ Թուրքիան այդ քայլին գնա ԱՄՆ-ի կողմից նույնպես «կանաչ լույս» ստանալու պայմաններում։
 
Իսկ ինչո՞ւ Վ․ Պուտինն էլ «կանաչ լույս» վառեց թուրքական ռազմական գործողության առջև։ Այստեղ նույնպես կան մի շարք գործոններ։ ա) Պուտինն այդպիսով ցանկանում էր, որ Սիրիայի քրդերը երես թեքեն, հիասթափվեն ԱՄՆ-ից և իրենց հայացքը հառեն դեպի ՌԴ։ Ընդ որում, մյուսները պետք է դասեր քաղեին Սիրիայի քրդերի այս օրինակից, որոնք ԱՄՆ-ից խորապես հիասթափվեցին «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկից հետո, բ) Պուտինը հասկանում էր, որ թուրքական ռազմական գործողության սկսվելուց հետո ԱՄՆ-ից հիասթափված և Թուրքիայից ահաբեկված Սիրիայի քրդերն ավելի զիջողական դիրքորոշում են որդեգրելու Բ․ Ասադի հանդեպ, և սկսելու են իրենց վերահսկած տարածքները հանձնել նրան։ Սիրիայի քրդերն այդպես չվարվեցին Աֆրինի պարագայում, և ստացվեց, որ արդյունքում այն հանձնեցին Թուրքիային։ Այժմ՝ «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկից հետո, Սիրիայի քրդերը պետք է ընտրություն կատարեին իրենց համար «չարյաց փոքրագույնի» միջև՝ Ասա՞դ, թե՞ Էրդողան (Ասադն ու Էրդողանը սկսել էին բաժան-բաժան անել Սիրիայի քրդերի վերահսկած տարածքները)։ Ասադը վայելում է Պուտինի աջակցությունը, և այդ համատեքստում Պուտինի համար շահավետ է, որ ընդլայնվեն Ասադի վերահսկած տարածքները, գ) Վերջին շրջանում Պուտինն ու Էրդողանը զգալիորեն մերձեցել են միմյանց հետ, և Պուտինը նույնպես այնպիսի վիճակում է, որ շարունակ պետք է որոշակի բավարարի Էրդողանի նկրտումները, դ) «Խաղաղության ակունքը» Պուտինին հնարավորություն տվեց նախաձեռնությունը վերցնել ձեռքը, ինչպես նաև ռուսական ռազմական ներկայություն ապահովել Եփրատից արևելք ընկած տարածքներում, ե) Պուտինն այդպիսով ցանկանում էր, որ Ասադն ու Էրդողանը վերսկսեն շփումները, կարողանան հաշտվել և ընդհանուր ճակատ կազմել ԱՄՆ-ի և նրա հովանավորությունը վայելած/վայելող Սիրիայի քրդերի նկատմամբ։ 
 
«Խաղաղության ակունք» գործողությունն ավարտվեց նախևառաջ ԱՄՆ-ի , ապա նաև ՌԴ-ի  հետ Թուրքիայի կնքած պայմանագրերով, որոնց համաձայն՝ Սիրիայի քրդերը պետք է Եփրատից արևելք ընկած հատվածներում հետ քաշվեին թուրքական սահմանից։ Սա հենց այն էր, ինչին այս փուլում ձգտում էր Էրդողանը։ Բնական է, որ մի կողմից Թուրքիայի համար ցանկալի կլիներ Սիրիայի քրդերին իր սահմանից հեռացնել՝ ուժգին հարվածներ հասցնելով և այդպիսով նվազեցնելով նրանց ռազմական հզորությունը, սակայն մյուս կողմից ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ հրադադարի մասին կնքած պայմանագրերը թուրքական կողմին հնարավորություն տվեցին զերծ մնալ հավելյալ կորուստներից (Թուրքիայի կորուստները կազմեցին 9 սպանված և մոտ 100 վիրավոր)։ 
 
Հոկտեմբերի 20-ին Էրդողանը հայտարարեց, որ 9 օրվա ընթացքում իրենց հաջողվել է Սիրիայի հյուսիս-արևելքում վերահսկողության տակ առնել 1500 կմ2 ։ Ընդ որում՝ թուրքական կողմի հարձակման թիրախում Թալ Աբյադ-Ռաս ալ Այն հատվածն էր, և պատահական չէ, որ ՌԴ-ի հետ կնքած պայմանագրով Թուրքիան 32 կմ խորությամբ անվտանգության գոտի ստանում էր հենց այդ շրջանում, և որ այն ամբողջովին պետք է վերահսկեր թուրքական կողմը։ Մինչդեռ այդ գոտուց արևմուտք և արևելք ընկած շրջաններում անվտանգության գոտու խորությունը կազմելու էր միայն 10 կմ, և այդ գոտիները Թուրքիան ու ՌԴ-ը վերահսկելու են համատեղ։ Արդեն նշվել է, որ Թալ Աբյադը նախկինում սեպի դեր էր խաղում Սիրիայի քրդերի Քոբանի ու Ջիզրե շրջանների միջև, դրա համար էլ թուրքական կողմը ներկայումս նույնպես մեծապես կարևորում է հենց այդ հատվածը։ 
 
Եվ, փաստորեն, թեև Թուրքիան չստացավ Եփրատից մինչև Իրաքի սահման 444 կմ երկարությամբ և 32 կմ խորությամբ անվտանգության գոտի, ինչպես որ հայտարարել էր նախապես, այնուամենայնիվ, նա իր համար ամենակարևոր հատվածում (Թալ Աբյադ - Ռաս ալ Այն) ստացավ այդպիսի խորությամբ անվտանգության գոտի՝ այն էլ լիովին իր վերահսկողության ներքո, իսկ մնացյալ հատվածներում Սիրիայի քրդերին առնվազն 10 կմ-ով դուրս մղեց իր սահմանից։ Տվյալ հատվածներում քրդական դրոշները փոխարինվեցին Սիրիայի դրոշներով, ինչը թուրքական կողմի համար առավել ընդունելի տարբերակ է։ Սակայն Թուրքիայի հաջողությունները չեն ավարտվում միայն այսքանով․ ՌԴ-ի հետ կնքած համաձայնագրով՝ Սիրիայի քրդերը պետք է դատարկեին նաև Թել Ռըֆաթն ու Մանբիջը, ինչը նշանակում է, որ Սիրիայի քրդերն ամբողջովին դուրս են մղվում Եփրատի արևմտյան հատվածից՝ Թուրքիայի սահմանին քիչ թե շատ մոտ ընկած տարածքներից (արդեն նշվել է, որ մեր կարծիքով՝ Թուրքիայի համար Եփրատի արևմտյան հատվածը շատ ավելի կարևոր է, քան արևելյան հատվածը)։ Այնպես որ Սոչիում ՌԴ-ի հետ ձեռք բերված համաձայնությունը գոնե այս փուլում պետք է, որ լիուլի բավարարի թուրքական կողմին, որը ձգտելու է ամրապնդել այդ համաձայնության արդյունքները։ 
 
Ամփոփում և Հայաստանի սերտելիք դասերը
 
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ 2019թ․ նույնպես բացառություն չկազմեց, այն նույնպես կարելի է որակել որպես Սիրիայում Թուրքիայի ձեռքբերումների տարի։ Թուրքիան իր ռազմական ներկայությունը հաստատեց նաև Եփրատի արևելյան հատվածում, ինչն ուժեղացնում է նրա դիրքերը հետպատերազմյան Սիրիայում և ընդհանրապես տարածաշրջանում։ Թուրքական կողմին հերթական անգամ հաջողվեց Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու համար ստանալ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՌԴ-ի թույլտվությունը, հերթական անգամ հմտորեն օգտվել նրանց տարաձայնություններից սեփական շահերն առաջ մղելու համար։ Թուրքական կողմին նաև հաջողվեց ԱՄՆ-ին ու ՌԴ-ին ստիպել, որպեսզի նրանք կշեռքի նժարներից մեկի վրա դնեն հենց Թուրքիան, իսկ մյուս նժարի վրա՝ Սիրիայի քրդերին և տեսնել, թե որ նժարն է ծանրակշիռ, թե ումից ավելի շատ օգուտներ կարող են ստանալ։ Պատասխանն ավելի քան ակնհայտ է, և դա Թուրքիային լուրջ առավելություններ տվեց Սիրիայի քրդերի դեմ պայքարում։ Ստացվում է, որ Թուրքիան վերջին տարիներին լուրջ հաջողություններ գրանցեց այդ պայքարում՝ Սիրիայի քրդերին դուրս մղելով Եփրատի արևմտյան հատվածից ընդհանրապես, ինչպես նաև Եփրատի արևելյան հատվածում՝ Թուրքիային սահմանամերձ գոտուց։ Այդ ամենը նշանակում է, որ Թուրքիան հաղթանակ տարավ ոչ միայն Սիրիայի քրդերի, այլև ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նկատմամբ, ընդ որում՝ հենց տվյալ երկրների աջակցությամբ։ Բանն այն է, որ թուրքական այս 3 ռազմական գործողությունների արդյունքում զգալիորեն սահմանափակվեցին Սիրիայի քրդերի հաջողությունները և հնարավորությունները։ Դա նշանակում է, որ Սիրիայի քրդերն առժամանակ զգալիորեն դադարում են տարածաշրջանային գործոն հանդիսանալուց, կորցնում են նախկին կարևորությունը։ Արդեն նշվել է, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ՌԴ-ը Սիրիայի քրդերին օգտագործել են Թուրքիայի նկատմամբ արդյունավետ ճնշման լծակ/շանտաժի գործիք։ Բայց քանի որ Սիրիայի քրդերը գնալով կորցնում են իրենց դերը, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն առնվազն որոշակի ժամանակ չեն կարող նախկին արդյունավետությամբ Սիրիայի քրդերին օգտագործել որպես լծակ Թուրքիայի դեմ, և հենց դա էլ Թուրքիայի հաղթանակն է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նկատմամբ։ Չմոռանանք, որ այս երկրները «կանաչ լույս» են վառել Սիրիայում թուրքական ներխուժումների առջև և այդպիսով նպաստել Սիրիայի քրդերի ձեռքբերումները զգալիորեն չեզոքացնելուն և տարածաշրջանում Թուրքիայի դիրքերն ամրապնդելուն։ Հետագայում Թուրքիան կփորձի հնարավորինս երկար պահել թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում։ Էրդողանն արդեն հայտարարել է, որ թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում կպահպանվի այնքան, որքան որ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Իրանի ռազմական ներկայությունը  (Էրդողանը նաև ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ այդ երկրները ցամաքային սահման չունեն Սիրիայի հետ, մինչդեռ Թուրքիան Սիրիայի հետ ունի 911 կմ-անոց սահման) ։ 
Իսկ այդ ընթացքում Թուրքիան կշարունակի զբաղվել փախստականների վերաբնակեցմամբ օկուպացրած տարածքների ժողովրդագրական պատկերը փոխելու, կրթական ու կրոնական ոլորտներում լուրջ քայլեր ձեռնարկելու քաղաքականությամբ և պատեհ առիթի դեպքում կփորձի կազմակերպել հանրաքվե։ Չի բացառվում նաև, որ Թուրքիան կփորձի Սիրիայի հյուսիսում ձևավորել «թուրքմենական պետություն», որը, բնականաբար, վասալական կախվածության մեջ կլինի իրենից և հետագայում միգուցե կփորձի միանալ Թուրքիային (Ալեքսանդրետի սանջակի տարածքում ձևավորված Հաթայ պետությունը գոյատևեց միայն 1 տարի՝ 1938-1939թթ․, ապա և համալրեց Թուրքիայի կազմը)։ Թուրքական մամուլը թուրքմենական պետություն ձևավորելու մտադրության մասին հայտնել էր դեռևս 4 տարի առաջ ։ Ներկայումս էլ այդ պլանն առկա է, և Թուրքիան ձգտում է «թյուրքական կամար» ձևավորել Սիրիայի և նաև Իրաքի հյուսիսում։ Թուրքական կողմի տվյալներով՝ Իրաքում ու Սիրիայում բնակվում է 11 մլն թուրքմեն (թուրքօման), և որ թուրքմենները կազմում են Սիրիայի բնակչության 22%-ը՝ 4․8 մլն մարդ։ Թուրքիայի հատուկ ծառայությունները ներկայումս զբաղված են Արևելյան Թուրքեստանից (Չինաստանի Սինձյան նահանգ), Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, ինչպես նաև Աֆղանստանից մեծ թվով թուրքմեն ընտանիքների ներգաղթի կազմակերպմամբ։ Այդ աշխատանքներում ներգրավված են նաև Ներգաղթի վարչությունը, Կարմիր մահիկն ու Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։ Ընդ որում՝ ծրագրված է թուրքմեններին Սիրիայում տեղավորել Թուրքիայի սահմանից մինչև 5 կմ խորության վրա ընկած տարածքներում, իսկ սիրիացիներին՝ ավելի խորք ընկած սիրիական տարածքներում ։ 
 
Այդպիսով, Թուրքիան կարող է փորձել ստեղծել թուրքմենական պետություն՝ «թյուրքական կամար/աղեղ»։ Բնականաբար, թուրքական կողմը հասկանում է, որ իրեն հազիվ թե կհաջողվի չափազանց երկար ժամանակ ռազմական ներկայություն պահպանել Սիրիայի տարածքում, ուստի պլաններ է մշակում Սիրիայից իր ռազմական ներկայությունը դուրս բերելու պարագայում անելիքների մասին։ Թուրքիան այդպիսով ցանկանում է թուրքմեններին օգտագործել նաև որպես հուսալի պատնեշ, ինչը միմյանցից կբաժանի Թուրքիայի, Սիրիայի ու Իրաքի քրդերին։ Թուրքիայի ծրագրած թուրքմենական պետությունը պետք է հակակշռի ու խոչընդոտի քրդական պետության ստեղծմանը։ Այնպես որ, Թուրքիան ա) փորձելու է հնարավորինս երկար պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում (ինչպես նաև Իրաքում), և բ) Սիրիայից իր զորքը դուրս բերել միայն այն ժամանակ, երբ զգալի առաջընթաց գրանցած կլինի ժողովրդագրական (վերաբնակեցման), կրթական, կրոնական, ռազմական, քաղաքական, դիվանագիտական ոլորտներում։ Թուրքիան այդպիսով ձգտելու է Սիրիայից դուրս գալ հնարավորինս պատրաստված՝ իր հետևում թողնելով «թուրքմենական պատնեշ/կամար», որը սեպի դեր կխաղա Թուրքիայի, Սիրիայի, ինչպես նաև Իրաքի քրդերի միջև և կկանխարգելի քրդական միացյալ պետության ձևավորումը Սիրիայի հյուսիս-արևմուտքում ու հյուսիս-արևելքում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա պետք է մի շարք կարևոր դասեր քաղի Թուրքիայի ձեռնարկած «Խաղաղության ակունք», ինչպես նաև դրանից առաջ ձեռնարկած մյուս երկու ռազմական գործողություններից։ Այդ դասերն են՝
 
1․ Հայաստանը պետք է տեսնի, թե ինչպես է 21-րդ դարում իր ռազմական ներկայությունը հաստատում հարևան երկրներում (Սիրիա, Իրաք)՝ օգտվելով այդ երկրներում տիրող խառնակ իրավիճակներից և հատկապես նրանից, որ Բ․ Ասադը վերահսկում էր Թուրքիայի հետ սահմանի միայն աննշան մասը, իսկ Բաղդադի կենտրոնական կառավարությունն ընդհանրապես չէր (չի) վերահսկում Թուրքիայի հետ սահմանը։ Ընդ որում՝ Թուրքիան իր ռազմական գործողություններն իրականացնում է առանց այդ երկրների հրավերների՝ ընդգծելով, որ միայն նա չէ, որ վարվել է այդ կերպ։ Սա այն դեպքը չէ, երբ Թուրքիան իր տարածքում ռազմական գործողություն է իրականացնում քուրդ (PKK) զինյալների դեմ, որոնք նահանջելիս հատում են թուրք-սիրիական սահմանը՝ փորձելով հանգրվանել Սիրիայի տարածքում, սակայն թուրք զինվորականները նրանց հետևից նույնպես հատում են Սիրիայի սահմանը, որի իրավունքը նրանց տալիս է 1998թ․ Ադանայի համաձայնագիրը, ապա և 12 տարի անց (21․12․2010թ․) դրա թարմացված տարբերակը։
 
2․ Ռուսական, ինչպես նաև ամերիկյան ռազմական ներկայությունը Սիրիան չազատեց թուրքական կողմի ներխուժումներից։ Դա նշանակում է, որ այստեղ կարևորը ոչ թե ռուսական կամ ամերիկյան ռազմակայանների առկայությունն է Սիրիայում, այլ այդ երկրների կողմից թուրքական ներխուժումների առջև «կանաչ լույս» վառելը։ Նույնը կարող ենք ասել Հայաստանի պարագայում․ եթե հետագայում ՌԴ որևէ ղեկավարություն «կանաչ լույս» վառի դեպի Հայաստան թուրքական ներխուժման առջև, ապա ամենակարևոր գործոնը լինելու է հենց դա և ոչ թե Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը։ Թուրքական հնարավոր ներխուժման թույլտվության պարագայում Հայաստանում գտնվող ռուս զինծառայողները կարող են լքել Թուրքիայի հետ սահմանային գոտին՝ թուրքական կողմի հարվածների տակ չընկնելու համար։ Նույն պատկերին ականատես եղանք «Խաղաղության ակունք» գործողությունից առաջ ԱՄՆ-ի պարագայում, երբ Սիրիայում գտնվող ամերիկացի զինծառայողները սկսեցին լքել Թուրքիայի հետ սահմանային գոտին՝ թուրքական կողմի հարվածների տակ չընկնելու համար։ Եվ, ընդհանրապես, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, ՌԴ-ը մի օր կարող է որոշակի ժամանակով լքել տարածաշրջանը (միգուցե նաև մասնատվել, փլուզվել)։ Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի դեպքերի զարգացման նման սցենարների և առաջին հերթին հույսը դնի հենց իր վրա՝ աստիճանաբար զարգանալով և տարածաշրջանում մեծացնելով սեփական կշիռը տարբեր ուղղություններով (այդ թվում նաև՝ կովկասյան ու մերձավորարևելյան տարածաշրջաններում եռակողմ ու քառակողմ մեխանիզմներ ձևավորելով ու զարգացնելով)։
 
3․ Տարածաշրջանային գերտերություններ ՌԴ-ը, Թուրքիան ու Իրանը Սիրիայի օրինակով զգալիորեն ապացուցում են իրենց հայտնի դիրքորոշման ճշմարտացիությունը, ըստ որի՝ տարածաշրջանային խնդիրները՝ ներառյալ Սիրիայի հարցը, պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները, որ արտատարածաշրջանային երկրները (ԱՄՆ) անելիք չունեն այստեղ։ Հենց այս հանգամանքն էլ վերջին շրջանում լրջորեն միավորել է երեք երկրներին, որոնք ձևավորեցին Աստանայի ձևաչափը և իրենց գործողություններով ցույց տվեցին, որ այն շատ ավելի արդյունավետ է Արևմուտքի ստեղծած ժնևյան ձևաչափի համեմատ։ Անկասկած է, որ այս երեք երկրներն ԱՄՆ-ի որոշակի նահանջը Սիրիայից որակում են որպես սեփական հաղթանակ, ինչը կարող է ոգևորել նրանց և հատկապես ՌԴ-ին ու Թուրքիային, որոնք էլ Սիրիայից (Մերձավոր Արևելքից) հետո իրենց ուշադրությունը կարող են բևեռել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա՝ փորձելով իրենց այդ հաջողությունը կրկնել արդեն այնտեղ։ Թուրքիայի տարատեսակ գործողությունների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից ուժեղ, համաչափ հակազդեցության բացակայությունը միայն կարող է գրգռել Էրդողանի ախորժակը, և նրա հերթական արկածախնդրությունը կարող է լինել միայն ժամանակի հարց։
 
4․ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան իր սիրիական ներխուժումների ժամանակ լայնորեն օգտագործում է ահաբեկչության (ԻՊ, YPG) դեմ պայքարի շղարշը դրանք քիչ թե շատ արդարացնելու, հիմնավորելու համար։ Որքան էլ որ Թուրքիան լինի տարածաշրջանային գերտերություն, որքան էլ որ նրա նախագահն ունենա նեոօսմանիստական, ծավալապաշտական նկրտումներ, հասկանալի է, որ Թուրքիան չէր (չի) կարող առանց որևէ հստակ առիթի, առանց խելամիտ հիմնավորման ձեռնարկել նման ներխուժումներ։ Օրինակ, միայն այն, որ Սիրիան ժամանակին մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ, բնականաբար բավարար չէ, որ Թուրքիան ներխուժի այդ երկիր։ 21-րդ դարում նման քայլեր ձեռնարկելու համար անհրաժեշտ են համապատասխան հիմնավորումներ, արդարացումներ, և Թուրքիան, ի դեմս ահաբեկչության դեմ պայքարի, գտել է քիչ թե շատ խելամիտ հիմնավորում (այնպես որ համակարծիք չենք այն պնդումների հետ, որ եթե ռուս զինծառայողները լքեն Հայաստանը, ապա Թուրքիան անմիջապես կամ որոշ ժամանակ անց հարձակում է ձեռնարկելու Հայաստանի դեմ)։ Ելնելով սրանից՝ Հայաստանը պետք է չափազանց զգուշավոր քաղաքականություն վարի, որպեսզի Թուրքիային չընձեռի նման առիթներ ու հիմնավորումներ։ Դա մասնավորապես վերաբերում է «Քրդական հարցին»․ 2012թ. նոյեմբերի վերջերին Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Իդրիս Նաիմ Շահինը հարևան երկրներին մեղադրեց PKK-ին («Քրդստանի աշխատավորական» կուսակցության) աջակցելու մեջ. «Մենք տեղյակ ենք, որ Շեմդինլիում և Յուքսեքովայում գրանցված բախումների ժամանակ վիրավորված PKK-ականները բուժվում են Իրանի հիվանդանոցներում, իսկ Աղրըում (Արարատ) վիրավորված զինյալները` Հայաստանում» : Ներկայումս թուրքական կողմը մեծ քարոզչություն է սկսել «Հայաստանն ահաբեկչության, հայը՝ ահաբեկչի» հետ ասոցացնելու ուղղությամբ։ Ընդ որում, մեր կարծիքով՝ նման մեղադրանքները Հայաստանի համար առավել վտանգավոր են, քան նրանք, որոնցում Հայաստանը որակվում է որպես «ագրեսոր» ու «օկուպանտ»։ Anadolu պետական լրատվական գործակալությունը 2019թ․ հոկտեմբերի վերջերին ծավալուն հոդված էր հրապարակել ASALA-ի գործունեության մասին , իսկ Մ․ Չավուշօղլուն Բաքվում նույնպես հիշատակել էր ASALA-ի գործունեությունը՝ հիշեցնելով, որ «հայերը նախկինում էլ կալանավորվել են PKK շարքերից»՝ ընդգծելով, որ «հայերն այսօր էլ Սիրիայում են կռվում ահաբեկիչների (Սիրիայի քրդերի) շարքերում» ։ Այնպես, որ Հայաստանը մեծ զգուշավորություն պետք է ցուցաբերի «Քրդական հարցում», որպեսզի Թուրքիային որևէ առիթ չտա նման («ահաբեկչություն սատարելու») մեղադրանքներ հնչեցնելու համար։
 
5. Հայաստանը պետք է խստապես ուժեղացնի Թուրքիայի հետ սահմանի վերահսկողությունը, ինչը չափազանց կարևոր է Պուտին-Էրդողան մերձեցման համատեքստում։ Նախկինում քանիցս ընդգծել ենք, որ երկու նախագահները շատ հարցերում առաջնորդվում են անձնական շահերով՝ մի կողմ դնելով իրենց երկրների պետական շահերը։ Կան բազում իրավիճակներ, երբ դրանք բավական անտրամաբանական են թվում, եթե խնդրին նայում ենք ՌԴ-Թուրքիա փոխհարաբերությունների տեսանկյունից և բավական տրամաբանական են թվում, եթե խնդրին նայում ենք Պուտին-Էրդողան փոխհարաբերությունների տեսանկյունից։ Այսպիսի պայմաններում Հայաստանը չափազանց մեծ ռիսկի է դիմում Թուրքիայի հետ իր սահմանի վերահսկողությունը ռուսական կողմին (Պուտինին) թողնելով։ Ակնհայտ է, որ եթե Հայաստանն ուժեղացված վերահսկի Թուրքիայի հետ սահմանը, ապա դրանով Թուրքիային կզրկի քուրդ զինյալների ելումուտի վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելուց, և հետևաբար կչեզոքացվի Հայաստան հնարավոր ներխուժման թուրքական առիթ/հիմնավորումը։ Սակայն այստեղ խնդիրը միայն «Քրդական հարցի» օգտագործման հնարավորության մեջ չէ։ Թուրքիայի հետ սահմանի ուժեղացված վերահսկողությունը մեզ անհրաժեշտ է սահմանային տարատեսակ սադրանքներից ձերբազատվելու համար։ Սահմանային սադրանքները նույնպես կարող են նմանատիպ առիթներ ու հիմնավորումներ ծառայել թուրքական կողմի համար։ Հիշեցնենք, որ 2013թ․ հուլիսի 31-ին (Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստանի ու ԵՄ-ի միջև 3․5 տարվա բանակցությունների ավարտից մեկ շաբաթ էլ չանցած, որը ԵՄ-ը որակել էր որպես գերազանց) սպանվեց Հայաստանի սահմանը հատած թուրք հովիվը։ Դրանից հետո Թուրքիան Վրաստանում իր դեսպանատան միջոցով բողոքի նոտա հղեց Հայաստանին (Թուրքիայի ու Հայաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ)։ 35-ամյա Մուստաֆա Ուլքերը, ոչխարների հոտի հետևից գնալով, Հայաստան-Թուրքիա սահմանը հատել էր Կարսի նահ
Նոյյան տապան  -   Վերլուծություն