Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Վարշավայում կայացած Perspektywy Women in Tech Summit 2019 համաժողովին

14-11-2019 12:07:32   | Լեհաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Նոյեմբերի 13-14-ին Վարշավայում կայացել է Perspektywy Women in Tech Summit 2019 համաժողովը, որին մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի պատվիրակությունը:
 
Միջոցառմանը մասնակցել են 15 կին ուսանողներ տեխնոլոգիական
ոլորտի Հայաստանի տարբեր կրթական հաստատություններից, Girls in Tech նախաձեռնությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ):
 
Համաժողովին որպես խոսնակ հրավիրված Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը բացման հատվածում հանդես է եկել ելույթով: Նա խոսել է Հայաստանի և Լեհաստանի միջև տեխնոլոգիական կամուրջ կառուցելու հնարավորությունների մասին, պատմելով, թե Հայաստանը ՁԻՀ ծրագրերի միջոցով ինչպես է զարգացնում տեխնոլոգիական ոլորտը: Ամալյա Եղոյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությունը 30 տոկոս է, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:  
 
«Այցը Լեհաստան շատ կարևոր էր, ինչի համար շատ շնորհակալ եմ Հայաստանում Լեհաստանի և Լեհաստանում Հայաստանի դեսպաններին և դեսպանատներին։ Լիահույս եմ, որ որպես հաջողության պատմություն ունենալով Fujitsu Լեհաստանի համագործակցությունը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) գործող IT Space ընկերության հետ, կարող ենք դեպի մեզ գրավել նաև շատ նոր գործընկերներ և պատվիրատուներ»,- ընդգծել է նա:
 
Լեհաստան կատարած այցի շրջանակում Ամալյա Եղոյանը նաև գործնական հանդիպումներ է ունեցել, մասնավորապես, Ժեշուվ քաղաքի  փոխքաղաքապետի, Fujitsu Լեհաստանի և Urban Lab-ի ներկայացուցիչների հետ: Վերջինների հետ քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորապես Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ, ինչպես նաև Հայաստան այցելելու և տեղական ընկերությունների հետ ծանոթանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
 
Հիշեցնենք, որ Լեհաստանի հետ համագործակցությունը ՁԻՀ-ը սկսել է 2017թ.՝ շնորհիվ Business Armenia-ի ներկայացուցիչ Լուկաշ Վալերյանի, որի հիմնադրած  Blue Idea
ընկերությունը և Run IT in Armenia բրենդը փորձում է ոգևորել Լեհաստանի տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին՝ համագործակցել հայկական ընկերությունների հետ։ Արդյունքում, Fujitsu Լեհաստանը սկսեց համագործակցել ԳՏԿ-ում գործող IT Space ընկերության հետ, ինչի արդյունքում IT Space-ը հետազոտական ծրագրեր է իրականացնում Fujitsu-ի համար: Երկարաժամկետ հեռանկարում է Fujitsu ընկերության մասնաճյուղի հիմնումը Հայաստանում:
 
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 373 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար