Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի. պաշտպան


Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի. պաշտպան

  • 14-11-2019 14:54:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Սիսակ Գաբրիելյանին ճանաչում եմ դեռեւս իր լրագրողական տարիներից եւ, բնականաբար, կան որոշակի ավելի ջերմ հարաբերություններ, քան մնացածի հետ, ում հետ ավելի քիչ եմ շփվել: Ես արդեն նշեցի, որ իմ հետապնդումն ի սկզբանե քաղաքական էր, դա հաստատվեց նաեւ իմ՝ ազատությունից դուրս գալով»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի երաշխավորության հիմքում կա՞ր քաղաքական խնդիր, թե՞ Բաբայանը Գաբրիելյանի հետ ունի այլ հարաբերություններ:
 
«Պարոն Գաբրիելյանը հայտարարեց, որ դա իրենց քաղաքական խմբակցության ընդհանուր քննարկումն է եղել, եւ, գիտե՞ք, դա բնական է. քաղաքական պրոցեսով սկսված ապօրինի գործընթացները պիտի ունենային քաղաքական հանգուցալուծում»,- ասաց Բաբայանը:
 
 
Նա շնորհակալություն հայտնեց ինչպես իրեն աջակցողներին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին, այնպես էլ իրեն երաշխավոր կանգնած անձանց՝ Սիսակ Գաբրիելյանին, Ավետիք Իշխանյանին, ինչպես նաեւ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանին: Բաբայանն ընդգծեց, որ Դատախազությունը հայտարարել է, որ Բեգլարյանի միջնորդությանը չանդրադառնալը տեխնիկական բնույթ է կրել:
 
Խոսելով քրեական գործում առկա այն նյութերից, որոնք, ըստ պաշտպանական կողմի, հիմնավորում են Բաբայանի անմեղությունը՝ վերջինիս պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ այդ նյութերը հայտնի են բոլորին. «Արսեն Բաբայանին մեղադրում են՝ ասելով, որ նա միջոցներ է ձեռնարկել, որպեսզի ամսի 5-ին հայտնված փաստաթուղթը ձեւակերպվի ամսի 2-ով: Դեռ մի կողմ թողնենք, որ բացարձակ տարբերություն չկա՝ դա այդպես կլիներ, թե չէ, բայց փաստ է, որ փաստաթղթի հեղինակը հաստատել է, որ այն ամսի 2-ին գոյություն է ունեցել, եւ առձեռն առաքվել է ԱԺ: Փաստաթուղթն ստացողը եւս փաստել է, որ ամսի 2-ին դա եղել է ԱԺ-ում եւ գտնվել է իր սեղանին, ինչի հիման վրա էլ ինքը համապատասխան հայտարարություն է արել»:
 
Պաշտպան Երվանդ Վարոսյանի խոսքով՝ իրենք կալանքի քննարկման նիստերի ժամանակ պահանջել են, որ այդ փաստաթղթերը ներկայացվեն դատարանին. «Նախաքննական մարմնի քննիչը «հերոսաբար» դիմադրեց մինչեւ վերջ, եւ անգամ երբ դատարանն էր ցանկանում, այնուամենայնիվ, տեսնել այդ փաստաթուղթը, դրանք չտրամադրվեցին»:
 
Անդրադառնալով Արսեն Բաբայանի դեմ տրված ցուցումունքներին՝ պաշտպանը պնդեց, որ նման ապացույց գոյություն չունի. «Ցուցմունք կամ ապացույց, որը կվկայի այն մասին, որ Բաբայանն առնչություն ունի կամ կատարել է հանցավոր արարք, ապրիորի գոյություն չունի եւ չի էլ կարող գոյություն ունենալ: Մեղադրանքի բովանդակության մեջ շարադրված են հանգամանքներ, որոնք ինքնին գոյություն ունենալ չեն կարող»,- ասաց նա:
 
Ի պատասխան այն դիտարկումներին, թե Բաբայանին մեղսագրվող արարքը միտված է եղել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ նշանակելուն՝ Երվանդ Վարոսյանն ասաց. «Ասում են՝ Թովմասյանը դարձավ ՍԴ նախագահ ոչ թե 6 տարով, այլ մինչեւ 70 տարեկան, ընդ որում, դա էլ է սխալ, քանի որ ղեկավարվել են այն օրենքով, որն այդ պահին եղել է եւ ղեկավարվել են ճիշտ, անկախ նրանից՝ հրաժարականի տեքստը կկազմվեր ամսի 2-ին, թե 5-ին, դրանից ոչինչ չի փոխվում: Ինչ վերաբերում է ՍԴ լիազորությունները տիրանալուն, Հրայր Թովմասյանը, ՍԴ դատավորից դառնալով ՍԴ նախագահ, ունեցել է մեկ ձայն եւ այժմ էլ ունի մեկ ձայն»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
 
Միլենա Խաչիկյան
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play