Երեխաների ապօրինի որդեգրման բացահայտման աշխատանքները սկսվել են իմ պաշտոնավարման օրոք. Վանեցյանը մանրամասնել է

14-11-2019 16:17:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armlur.am Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուշագրավ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր:
 


Ըստ ԱԱԾ տնօրենի ՝ ՀՀ երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:
 
Արդյունքում, մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ, 2016-2018 թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն: Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ:
 
Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում
հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն։
 
ԱԱԾ այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում սկսվեցին բուռն քննարկումներ, սակայն ուշագրավ էր Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանի գրառումը: Վերջինս սոցցանցի իր էջում գրառում էր կատարել` հիշեցնելով Կառավարության հունվարի 10-ի նիստը, որտեղ այդ ժամանակ դեռևս փոխվարչապետ Արարատ Միրզոյանը բարձրաձայնում էր երեխաների որդեգրման և օրգանների հնարավոր վաճառքի վտանգների մասին: Ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրել էր, որ Արարատ Միրզոյանի մատնանշած խնդրի վերաբերյալ երբևէ տեղեկատվություն չեն ստացել։
 
«Այդ գործընթացը գտնվում է մեր վերահսկողության ներքո, և մինչ օրս նման դեպք չի եղել, որ երեխա որդեգրեն ու օրգաններն օգտագործեն։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ այդ գործընթացը խիստ վերահսկողության ներքո է»,- ասել էր ԱԱԾ արդեն նախկին տնօրենը։
 
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս տեղեկացրել էր, որ նման քրեական գործեր չեն ստացել։
 
Ինչեւէ, ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «Արարատ Միրզոյանը այն ժամանակ բարձրաձայնել էր երեխաների օրգանների վաճառքի մասին, իսկ սա միանգամայն այլ դեպք է: Օպերատիվ
հետախուզական աշխատանքները այդ հանցագործության բացահայտման ուղղությամբ սկսվել են դեռեւս իմ պաշտոնավարման օրոք եւ վերաբերել են ոչ թե օրգանների հնարավոր վաճառքին, այլ որդեգրման գործընթացում տեղ գտած կոռուպցիոն երեւույթների բացահայտմանը: Ավելին, այդ աշխատանքներում ինձ օգնել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը»:
 
Իսկ թե ինչպես է ԱԱԾ նախկին տնօրենը բացահայտել այս դեպքը, և ինչ դեպքի աղմկահարույց մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 903 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար