Պատգամավորին սպառնացել են. ԱԺ նախագահը որոշ փակագծերէ է բացել

14-11-2019 17:08:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին օրերս զանգել են, կանչել հանդիպման ու սպառնացել, խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ բացելով որոշ փակագծեր:
 


 
«Ես չեմ կարող ասել, թե կոնրետ ով է կանգնած եղել սպառնալիքների հետևում: Ես տեղյակ եմ եղել, որ սպառնալիքներ հնչել են, և այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին: Վարչապետն անհրաժեշտ համարեց ԱԺ ամբիոնից մեկ անգամ էլ այս մասին բարձրաձայնել, եթե նա անհրաժեշտ համարեց դա անել, վստահ եմ, որ դրա կարիքը կար»,- ասաց Միրզոյանը:
 
Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան
Ղուկասյանն է սպառնացել Նազելի Բաղդասարյանին, ով քրեական ենթամշակույթը քրեականացնելու օրինագծի հարակից զեկուցողն է: Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից կոշտ պատասխան էր տվել Վարդան Ղուկասյանին՝
նրան անվանելով «Գյումրիի կեսը թալանած» և սպառնացել «ասֆալտին պառկեցնել ու պատերով տալ»:
 
Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հերքել է, թե նման դեպք է եղել:
 
Արարատ  Միրզոյանն այսօր ասաց, որ օրեր առաջ այդպիսի սպառնալիքներ եղել են: «Բայց չգիտենք ում կողմից, եթե միջնորդավորված փորձենք ամբողջ շղթան նայել, ես չեմ կարող ասել, թե վերջնարդյունքում ով է կանգնած դրա հետևում: Այն, ինչ խոսում ենք, ենթադրություն է, այս մասին մենք իրավապահներին տեղեկացրել ենք», ասաց նա:
 
Լրագրողները հարցրին՝ ինչպե՞ս են սպառնացել: «Զանգել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, որովհետև կլինի այնինչ բանը»,- մանրամասնեց Արարատ Միրզոյանը:
 
Նա ասաց, որ ուզում է քաղաքական հայտարարություն անել այս հարցով՝ վերահաստատելով վարչապետի հայտարարությունը: «Ես կրկնում եմ՝ որևէ մեկը չի կարող երևակայել, պատկերացնել, որ կարող է այսպիսի սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ և փորձել այդ ճանապարհով կանխել այն կարգավորումները, որոնք մեր քաղաքական ուժը կարող է անել օրենսդրական դաշտում»,- ասաց նա:
 
Նա հարցադրում արեց՝ ո՞վ չգիտի, թե Վարդան Ղուկասյանի քաղաքապետության տարիներին ինչ վախի մթնոլորոտ էր Գյումրիում: «Եվ նաև կային պետական հանրային միջոցների վատնման, շորթման, իշխանությունը սեփական անձին ու շրջապատին ծառայեցնելու երևույթները»,- հավելեց նա:
 
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում Վարդան Ղուկասյանով, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ունեք իրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների հասցեներ ու հեռախոսահամարներ, ձեր հարցն ինձ չէ ուղղված»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 280 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար