Հայաստանն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր. Նիկոլ Փաշինյան
14-11-2019 18:22:34 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր, որոնք շատ լուրջ խթան կհանդիսանան տնտեսության համար: Եվ այդ նախագծերի իրականացման համար լավագույն պոտենցիալ է նոր եվրաբոնդերի հնարավոր թողարկումը: Այս մասին Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարևոր է կողմնորոշվել այդ նախագծերի հարցում, ճշգրիտ որոշումներ կայացնել, թե հատկապես ինչպիսի նախագծերն առավելագույնս կխթանեն ՀՀ տնտեսությանը: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ ունենք բավական մատչելի հնարավոր մեգանախագծերի ֆինանսավորման պոտենցիալ և ամենալավ պոտենցիալը եվրաբոնդերի նոր հնարավոր թողարկումն է, բայց այդ հարցում նախ պետք է կողմոնորոշվել կոնկրետ նախագծերի իրականացման հարցում»,- ասաց նա:
Ըստ վարչապետի՝ լավ լուր է, որ ՀՀ ներքին շուկայից նույնպես մեծ միջոցներ ներգրավելու հնարավորություններ ունի կառավարությունը և ներքին ռեսուրսները նույնպես կարող են կիրառվել այս նպատակի իրագործման համար:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդեն իսկ տեղաբաշխված եվրաբոնդերը Հայաստանի համար ռեկորդային ցածր տոկոսադրույքներով տեղաբաշխվեցին և ռեկորդային բարձր պահանջարկ ունեին: «Մեր թողարկման ծավալը կազմում էր մոտ 500 մլն դոլար, բայց պահանջարկը շուկայում գերազանցում էր 2 մլրդ դոլարը»,- հավելեց նա: