ՀՀԿ-ն միացրել է «սպասման ռեժիմը»


ՀՀԿ-ն միացրել է «սպասման ռեժիմը»

  • 14-11-2019 18:45:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Մի քանի օր առաջ ՀՀԿ-ն Ծաղկաձորում աշխատաժողով էր կազմակերպել «Պոպուլիզմը եւ ավանդական քաղաքականությունը. մարտահրավերներ եւ լուծումներ» թեմայով, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը: Թեմայի ընտրությունն ինքնին շատ ուշագրավ է, որովհետեւ շարքային հանրապետականներից շատերին մինչեւ հիմա էլ թվում է, թե Սերժ Սարգսյանն «ավանդական քաղաքականություն» էր վարում եւ իշխանությունը կորցրել է միայն Նիկոլ Փաշինյանի վարած պոպուլիզմի քաղաքականության պատճառով, եւ ընդհանրապես՝ ժամանակակից քաղաքականության համար պոպուլիզմը պատուհաս է դարձել ամբողջ աշխարհում, ու դրա դեմ պայքարելն ահավոր բարդ է:
 
Պոպուլիզմի դեմ պայքարելն իսկապես շատ բարդ է, բայց նախ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում դա: Պոպուլիզմն այն չէ, երբ քաղաքական գործիչը կամ ուժը ժողովրդին խոստումներ է տալիս, պոպուլիզմն այն է, երբ այդպիսի խոստումներ է տալիս ու չի կատարում: Սերժ Սարգսյանն, օրինակ, պոպուլիզմով զբաղվում էր միայն նախընտրական ժամանակահատվածներում, իսկ ընդհանուր առմամբ այնքան էլ պոպուլիստ չէր: «Աղդամը մեր հայրենիքը չէ», «միս չկա՝ թող կարտոշկա ուտեն», «դեպի իշխանություն տանող ճանապարհը դեռ երկար ժամանակ անցնելու է Մելիք-Ադամյանով», «ինչքան տոկոս պետք ա՝ կխփենք» եւ իր ու թիմակիցների՝ նման կարգի այլ հայտարարությունները վկայում են, որ Սերժ Սարգսյանի իշխանություններին ժողովրդի կարծիքն առանձնապես չէր հետաքրքրում:
 
 
Բայց այստեղ մի նրբություն կա: Երբ պոպուլիզմն ու ավանդական քաղաքականությունը հակադրվում են միմյանց՝ դա ինքնին ենթադրում է, որ իշխանությունները կամ ժողովրդահաճո քաղաքականություն են իրականացնում ի վնաս պետական շահերի (սա պոպուլիզմն է), կամ առաջնորդվում են պետական շահերով՝ եթե անգամ ժողովրդին դա դուր չի գալիս, եւ իրենց վարկանիշն ընկնում է: Մեր դեպքում խնդիրն այն է, որ նախկին իշխանությունները ոչ պոպուլիստներ էին, ոչ էլ պետական շահերով էին առաջնորդվում: Նրանց գրեթե բոլոր որոշումներն այս կամ այն կերպ հարվածում էին ժողովրդին, բայց արդյունքում շահում էր ոչ թե պետությունը, այլ իրենց «նեղ կռուգը»: Որեւէ մեկը կարո՞ղ է հիշել թեկուզ մի դեպք, որ նախկին իշխանությունների կայացնեն որեւէ որոշում կամ իրականացնեն որեւէ քայլ, որի արդյունքում մարդկանց վիճակը վատանա, բայց պետությունը կշահի: Ոչ, որովհետեւ այդ որոշումների արդյունքում, որպես կանոն, մարդիկ տուժել են, բայց շահել են միայն իրենք: Սա, համաձայնեք, դժվար է համարել «ավանդական քաղաքականություն»:
 
Այսօրվա իշխանությունների դեպքում պատկերն այլ է: Նրանք ժամանակ առ ժամանակ համարձակորեն (երբեմն՝ պետք եղածից ավելի համարձակորեն) այնպիսի որոշումներ են ընդունում, որոնք հաստատ դուր չեն գալու մարդկանց առանձին խմբերի եւ իրենց հասցեին քննադատությունների նոր ալիք են բարձրացնելու, բայց քանի որ իրենց համոզմամբ դրանք բխում են պետության շահերից՝ իրենք առանց տատանվելու անում են դա: Ճիշտ են անում, թե սխալ՝ ցանկացած առանձին դեպքում քննարկման հարց է, բայց փաստն այն է, որ պոպուլիզմով չեն առաջնորդվում: Ի դեպ՝ եթե պոպուլիզմով առաջնորդվելու լինեին, հիմա նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկն ազատության մեջ չէր լինի, որովհետեւ այսօր Հայաստանում ամենաամբոխահաճո լուրը հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյային ձերբակալելն է:
 
Ինչ վերաբերում է հանրապետականներին, ապա նրանց վիճակն իսկապես բավականին բարդ է: Ոչ պոպուլիզմով կարող են զբաղվել (որեւէ մեկը նրանց չի հավատա), ոչ էլ ավանդական քաղաքականությամբ (դրա համար նույնպես հանրային վստահության որոշակի պաշար է պետք): Մնում է մի տարբերակ՝ միացնել «սպասման ռեժիմը» եւ հույս դնել ֆորսմաժորային իրավիճակների վրա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը