«Եվրատեսիլ 2020»-ի կազմակերպիչների գումարը չի բավականացնում մրցույթի համար


«Եվրատեսիլ 2020»-ի կազմակերպիչների գումարը չի բավականացնում մրցույթի համար

  • 14-11-2019 19:02:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Եվրատեսիլ 2020»-ի կազմակերպիչները դեռեւս չունեն մրցույթը կազմակերպելու համար անհրաժեշտ ողջ գումարը: Այս մասին հայտնում է երգի միջազգային մրցույթը լուսաբանող Wiwibloggs կայքը: Նշվում է, որ Հոլանդիայում՝ Ռոտերդամում, կայանալիք միջոցառման համար անհրաժեշտ է 26.5 մլն եվրո, կազմակերպիչը՝ Հոլանդիայի հանրային հեռարձակողը, տարբեր աղբյուրներից ֆինանսավորում է ստացել, սակայն 12.4 մն եվրո դեռ չի բավականացնում:
 
Ասվում է նաեւ, որ հանրային հեռարձակողն աջակցության համար դիմել է պետությանը՝ Կրթության, մշակույթի ու գիտության նախարարությանը: Մյուս կողմից աղբյուրը շեշտում է, որ երաշխավորված չէ, որ պետությունը կֆինանսավորի մրցույթը, քանի որ ավելի վաղ երկրի վարչապետը հայտարարել է, որ հենց այնպես հանրային հեռարձակողին ֆինանսավորում չի տրվելու եւ այն պետք է փորձի տեղավորվել եղած բյուջեի մեջ:
 
«Եվրատեսիլ 2020»-ում լինելու է 41 երկիր: Ցանկն արդեն հաստատված է: Դրանք են՝ Հայաստանը, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Բելգիան, Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իսլանդիան, Իսրայելը, Լատվիան, Մալթան, Հոլանդիան, Նորվեգիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան. Իսպանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իտալիան, Լիտվան, Մոլդովան, Մակեդոնիան. Լեհաստանը, Ռումինիան, Սան Մարինոն, Սլովենիան, Շվեդիան եւ Ուկրաինան:
 
Վերադարձել են Ուկրաինան ու Բուլղարիան: Մասնակցությունից հրաժարվել են Հունգարիան ու Չեռնոգորիան: Անդորան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Մոնակոն, Սլովակիան, Թուրքիան հաստատել են, որ չեն վերադառնալու:  
 
Հայաստանն իր ներկայացուցչին ընտրելու է «Դեպի եվրատեսիլ 2020» նախագծի միջոցով: Մասնակիցները ներկայանալու են իրենց երգերով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանն ասաց, որ այս շրջանում ընթանում է հայտերի ընդունումը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 31-ը: Եթերը կլինի 2020 թ., սակայն օրը դեռ հայտնի չէ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը