Համալսարանական նյարդավիրաբույժները բարդ վիրահուտությամբ կանխել են կաթվածի ռիսկը

18-11-2019 11:08:12   | Հայաստան  |  Հասարակություն
 

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ
Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից օրերս հաջող կատարվեց ուղեղի առաջային կապակցող զարկերակի անևրիզմայի կլիպավորում՝ բաց մուտքով վիրահատություն։ Տարեսկզբին հիվանդը շտապ օգնության մեքենայով գլխուղեղի կաթվածի կասկածով բերվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ և ախտորոշվել էր նշված զարկերակի անևրիզմայի պատռում և հեմոռագիկ ինսուլտ։ Նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանին և Լեռնիկ Գրիգորյանին հաջողվել էր կատարել պատռված անևրիզմայի ներանոթային օբլիտերացիա միկրոպարույրներով և փրկել հիվանդի կյանքը։ Ապա, ամիսներ շարունակ, պարբերական դինամիկ հսկմամբ հայտնաբերվեց, որ անևրիզման շարունակում է աճել և կա կրկնակի պատռման վտանգ։ Այդ կապակցությամբ որոշվեց կատարել անևրիզմայի վզիկի կլիպավորում նկարում ցույց տրված բաց վիրահատական մուտքով։
 
Գրեթե հինգ ժամ տևած վիրահատության արդյունքում կլիպավորվեց անևրիզմայի վզիկը, և այն այլևս չի կարող դառնալ կաթվածի պատճառ։
Հիվանդի վիճակը լավ է, նա շուտով կվերադառնա իր բնականոն կյանքին։
 
Անևրիզման զարկերակի պատի արտափքումն է, որը զարգանում է, երբ արյունատար անոթի թուլացած պատում ձևավորվում է արյունով լցված փոքր պարկ:
 
Ուղեղի անոթների անևրիզման բավականին տարածված հիվանդություն է: Այն կանանց մոտ հանդիպում է ավելի հաճախ։ Անևրիզմայի պատռումը գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի, տեսակներից մեկն է. պատռվելու դեպքում զարգանում է արյունազեղում գլխուղեղի շուրջ, ինչը անհետաձգելի բուժօգնություն պահանջող կյանքին սպառնացող վիճակ է: 
 
Պատճառներն են՝ ծխելը, գերճնշումը, ժառանգականությունը. որոշ մարդիկ ծնվում են ուղեղի անոթների թուլացած պատով։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 530 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար