Գեղարքունիքում ոռոգման ջրի վարձավճարների գանձումը հասնում է 120 տոկոսի. աննախադեպ արդյունք

18-11-2019 12:16:02   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությունը տարին փակել է աննախադեպ ձեռքբերումներով՝ միաժամանակ հիմքեր ստեղծելով եկող տարում համակարգը զարգացնելու եւ նորացնելու ուղղությամբ:
 


 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը, ընկերությունը տարին փակել է
առանց խոչընդոտների, ջրօգտագործողների կողմից բարձրացված բողոքների ու դժգոհության ակցիաների, ինչպես լինում էր վերջին երկու-երեք տարին: Ձեռքբերումների առաջին գրավականը վարձավճարների գանձումն է, որը նոյեմբերի 15-ի դրությամբ արդեն հասնում է 120 տոկոսի: Ընդ որում, 95 տոկոսը կազմում է այս տարվա վարձավճարների գանձման չափը, 25 տոկոսը՝ նախորդ տարիներից կուտակված դեբիտորական պարտքը: Ընկերության հետեւողական աշխատանքի շնորհիվ ստվերից օրինական դաշտ է բերվել շուրջ 200 հեկտար հողատարածք, իսկ նախորդ տարվա համեմատ ընկերության հետ պայմանագիր կնքած ջրօգտագործողների  թիվն ավելացել է 2240-ով: Որոշ կետերում ջրամատակարարումը մեխանիկականից փոխելով ինքնահոս եղանակի՝ հաջողվել է խնայել մոտ 1 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Ընկերությունը տարվա ընթացքում մշակել է նաեւ համակարգի զարգացման համար կարեւոր մի շարք ծրագրեր, որոնք հաստատվել են պետության կողմից եւ կիրականացվեն եկող տարվա ընթացքում: Մասնավորապես,  մարզի 6 համայնքում պետական միջոցներով կկառուցվեն օրվա կարգավորիչ ջրամբարներ, 8 համայնքում կկատարվեն հիմնանորոգման կամ կառուցապատման աշխատանքներ: 
 
«Օրվա կարգավորիչ ջրավազաններ կկառուցվեն Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք եւ Ծովասար համայնքներում: Ջրավազանները հանդիսանալու են որպես փոքր կարգի ջրամբարներ, որտեղ հնարավոր կլինի գիշերային ժամերին ամբարել 200-300 հազար խմ ջուր եւ այն ջրօգտագործողներին մատակարարել ինքնահոս եղանակով: Այս դեպքում արդեն մենք տարեկան կխնայենք մինչեւ մեկուկես միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, միաժամանակ կկրճատենք Սեւանից իրականացվող ջրառի ծավալները, իսկ ոռոգելի հողատեսքերը կավելացնենք 300-350 հեկտարով: Կարգավորիչ ջրավազանների կառուցման համար պետությունը ներդնելու է շուրջ 1,5 մլրդ դրամ:
 
Այս պահին իրականացվում են նախագծման աշխատանքներ: Ջրավազանների կառուցմամբ մենք լուրջ առաջընթաց կգրանցենք համակարգի զարգացման եւ արդիականացման ուղղությամբ: Համակարգում 2020 թվականին մեր ներկայացրած հայտերի  հիման վրա հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն  Արծվանիստ, Ծովինար, Աստղաձոր, Լուսակունք, Խաչաղբյուր, Լանջաղբյուր, Սարուխան, Գեղարքունիք  համայնքներում, որտեղ նախատեսված են նոր պոմպերի ձեռքբերում, ջրընդունիչ ավազանների կառուցապատում, ջրատարների հիմնանորոգում եւ այլ կարգի աշխատանքներ: Մեր միջոցներով արդեն սկսել ենք Լանջաղբյուր-1 եւ Գեղարքունիք-2 ջրամբարների հարամիների վերանորոգման աշխատանքները, որոնք կփորձենք մինչեւ ձմեռ հասցնել ավարտի: Մեր ձեռքբերումները նաեւ շատ նշանակալի
են ՀՀ կառավարության կողմից իրականացված սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով, որտեղ 17 համայնքում  ունենք  նորացված ջրատարներ, որոնց շնորհիվ նախկինում եղած կորուստներն արդեն վերացվում են: Համոզված ենք, որ եկող տարի ավելի շատ առաջընթաց կգրանցենք, քանի որ դրա համար ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ հիմքերը: Մեր գրանցած աննախադեպ արդյունքի համար արժանացել ենք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի բանավոր շնորհակալությանը»,- ներկայացրեց Կարեն Սարգսյանը:
 
Խոսրով Խլղաթյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 494 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար