Զարուհի Բաթոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պատվիրակությանը

18-11-2019 17:50:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը:  
 


«Ուզում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի համար և նաև շնորհավորել բոլորիս՝ նոր ծրագրի մեկնարկի առթիվ: «Դեպի անկախ ապրելակերպ» կոչվող այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող
անձանց անկախ կյանքի վերաբերյալ բավարար գիտելիքներ ունենք կուտակած, սակայն դրանք գործնականում կիրառելու  տեսանկյունից փորձ չունենք: Հույս ունեմ, որ այս ծրագիրը կլրացնի այդ բացը»,- ասել է Զարուհի Բաթոյանը:
 
Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել երկու կարևորագույն օրինագծերի մշակման, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը փոխելուն.
 
««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների նախագծերը մշակվել են՝ հիմքում ունենալով հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացման  և անհատական կարիքի գնահատման սկզբունքը: Այս իմաստով համայնքային ծառայությունների զարգացումը և հատկապես անկախ կյանքի քաջալերմանն ուղղված ծրագրերը շատ կարևոր են: Այս համատեքստում շատ կարևոր է նաև հասկանալ, որ գործ ունենք որոշակի կարծրատիպերի հաղթահարման անհրաժեշտության հետ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մտավոր կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց»,- ասել է նախարարը:
 
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը ողջունել է նախարարության որդեգրած ներառական քաղաքականությունը և որոշ մանրամասներ ներկայացրել 2020 թ.-ին մեկնարկող ծրագրի վերաբերյալ.
 
«Տիկին նախարար, ես երկու կարևոր և ուրախ լուր ունեմ Ձեզ համար։ Առաջինը՝ ԱՄՆ կառավարությունն այս տարի ավելացնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող  աջակցությունը մոտ 40 տոկոսով։ Վստահ եմ, որ այդ գումարն արդյունավետորեն կծառայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ նպաստելով երկրի զարգացմանը։
 
Երկրորդը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը սկսել է նոր ծրագիր՝ խթանելու ներառականությունը Հայաստանում և նպաստելու հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրների լուծմանը։ Ծրագրի
անունն է՝ «Դեպի անկախ ապրելակերպ», նպատակը՝ աջակցել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ապրել ինքնուրույն, պաշտպանել իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցել իրենց համայնքների զարգացմանը»,- ասել է տիկին Դեբորա Գրիզերը:
 
Նա հույս է հայտնել, որ ամերիկյան և տեղացի գործընկեր կազմակերպությունները հաջողությամբ կիրագործեն իրենց առջև դրված խնդիրները, և ոլորտում նշանակալի առաջընթաց կունենանք:
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 513 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար