Վայոց ձորի նախկին մարզպետը սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել. ՔԿ


Վայոց ձորի նախկին մարզպետը սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել. ՔԿ

  • 18-11-2019 18:27:17   | Հայաստան  |  Իրավունք

Քննչական Կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:
 
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հարություն և Զավեն  Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս: Մեղադրյալներ Հարություն և Զավեն Գրիգորյանների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
 
Գործով ականատես վկաներ, զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանը, ովքեր իրենց ցուցմունքներում նշել էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, իրենց ցուցմունքները պնդել են Տրդատ Սարգսյանին առերես:
 
Վերջինս կտրականապես հերքել է դեպքի վայրում գտնվելու և վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքն ու հայտնել, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ից, գտնվել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող բնակարանում:
 
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում և՝ մեղադրյալների բջջային հեռախոսահամարներից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով ստույգ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցագործության դեպքը կատարվել է սեպտեմբերի 17-ի ժամը 23.55-ին և սեպտեմբերի 18-ի ժամը 00.01-ի դրությամբ ավարտվել է, քանի որ, համաձայն հեռախոսազանգերի վերծանումների, նշված ժամին է ահազանգ կատարվել «Շտապ բուժօգնություն» ծառայություն:
 
Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի մուտքը նկարահանող տեսախցիկի տեսագրության զննությամբ հաստատվել է Տ.Սարգսյանի՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ին վերադառնալու և մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 00.20-ը բնակարանից չբացակայելու հանգամանքը:
 
18.10.2019թ. ստացվել է տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը, այդ թվում և՝  ֆոտոաղյուսակը, համաձայն որի՝ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի /Տ.Սարգսյանի բնակության վայր/ 1-ին հարկում գործող ատամնաբուժարանից առգրավված և փորձաքննությանը ներկայացված տեսագրող սարքի հետազոտությամբ մոնտաժման հետքեր չեն հայտնաբերվել, միաժամանակ պարզվել է, որ տեսագրող սարքի ժամային ցուցիչն իրական ժամից հետ է ընդամենը 2 րոպե:
 
Տ.Սարգսյանի ցուցմունքում նշված հանգամանքները հաստատվել են նաև վերջինիս բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով:
 
Այսպիսով, կատարված քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել»:
 
Նոյյան տապան  -   Իրավունք