Սերժ Սարգսյանի վերջին խոսքը. մի հայտարարված պատերազմի քրոնիկոնը


Սերժ Սարգսյանի վերջին խոսքը. մի հայտարարված պատերազմի քրոնիկոնը

  • 19-11-2019 10:47:21   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանին կանչելու ենք ամենավերջում, իսկ մինչ այդ հավաքում ենք հարցերի այն շրջանակը, որ պետք է տանք նրան, լրագրողներին ասել է ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
 
Կգա՞ Սերժ Սարգսյանն ամենավերջում, թե՞ նա իր ասելիքը կասի հրապարակավ, այն «անկեղծ զրույցի» շրջանակում, որ ազդարարեց օրերս, ասելով, թե մոտենում է քաղաքացիների հետ այդ զրույցի ժամանակը:
 
Ի՞նչ հարցեր է կուտակում հանձնաժողովը, որ ուղղի Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ ամենավերջում հանկարծ կարող է պարզվել, որ հանձնաժողովը կատարել է իսկապես ահռելի աշխատանք, ծախսել է կարեւոր ժամանակ ու էներգիա, կազմել շատ կարեւոր մի պատկեր, որը սակայն չի բերել ապրիլյան քառօրյայի վերաբերյալ գլխավոր հարցերի պատասխաններին: Սերժ Սարգսյանն ամենավերջում կարող է ասել բաներ, որոնք բերեն մի եզրակացության՝ հանգամանքներն ուսումնասիրելու համար պետք է սկսել զրոյից, եթե կա պատերազմի հանգամանքները խորքային առումով պարզելու անհրաժեշտություն:
 
Որովհետեւ, եթե հանգամանքները պարզելու ձեւաչափ է ընտրվել խորհրդարանական՝ այսինքն քաղաքական հարթությունը կամ հարթակը, ուրեմն պետք է լինի խնդիր պարզել նաեւ քաղաքական պատկերը, ոչ միայն պաշտպանական ոլորտային կամ մասնագիտական:
 
Որովհետեւ մասնագիտական, ոլորտային թերացում հնարավոր է հայտնաբերել ցանկացած դեպքում, ցանկացած բանակում, լինի այն հաղթած, թե պարտված բանակ: Ըստ այդմ, մեղմ ասած շատ հարաբերական կլինի հայտնաբերված որեւէ խնդիր ուղիղ կապակցել ապրիլյան քառօրյայի «ծագմանը»: Այն, որ խնդիր հայտնաբերելու դեպքում պետք է որեւէ իրավասու տա դրա պատասխանը՝ ըստ համարժեքության, անկասկած է:
 
Բայց չմոռանանք, թե «ինչի համար ենք հավաքվել»: Իսկ քաղաքական հարթակում պետք է թերեւս պարզվի պատերազմի պատկերը ռազմա-քաղաքական իմաստով:
 
Խնդիրը ի հայտ եկած մասնագիտական, ոլորտային պատկերը քաղաքական նպատակով ծառայեցնելը չէ, այլ քաղաքական պատկերը վեր հանելը: Սերժ Սարգսյանն անշուշտ կարող է օգնել այդ հարցում: Բայց դրանից հետո կարող է հարկ առաջանալ հանձնաժողով կանչել Հայաստանի ու Ռուսաստանի մի շարք այլ պաշտոնյաների, մի շարք՝ այդ թվում այսպես ասած ընդդիմադիր կամ ոչիշխանական քաղաքական ուժերի առաջնորդների, դրանց հարող փորձագետների, այդպես ասած քաղաքագետների, մի շարք լրատվամիջոցների խմբագիրների: Եվ տալ հարցեր, ապրիլյան քառօրյա պատերազմի ռազմա-քաղաքական պատճառներն ու Հայաստանի ինքնիշխանության դեմ՝ «մի հայտարարված պատերազմի քրոնիկոնը» կազմելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play