ՀՖՖ գործկոմի օրակարգում չկա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի հարցը


ՀՖՖ գործկոմի օրակարգում չկա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի հարցը

  • 19-11-2019 14:14:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի օրակարգում այս պահին չկա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը, անդրադառնալով Եվրո-2020-ի շրջանակում Իտալիայի հավաքականի կողմից Հայաստանի հավաքականի կրած 1։9 ջախջախիչ հաշվով պարտությանը:
 
«Որևէ բացատրություն և արդարացում չունի 1։9 հաշվով պարտությունը: Բոլորն են մեղավոր պարտության համար, բայց թիվ մեկ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, և պետք է ֆեդերացիան բացատրություն տա: Առայժմ մեր օրակարգում ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չկա, երբ լինի, տեղյակ կպահենք»,- ասաց Մկրտչյանը:
 
Պատգամավորը նշեց, որ վերջին շրջանում ֆեդերացիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Գործկոմը փակ նիստում հայտնել է իր դիրքորոշումը:
 
Եվրո-2020-ի որակավորման վերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի թիմը հյուրընկալվեց Իտալիային: Պալերմո քաղաքում կայացած խաղում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը 9 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Իտալիայի կազմում դուբլեր ձևակերպեցին Իմոբիլեն, Զանիոլոն, մեկական անգամ աչքի ընկան Բարելլան, Ռոմագնոլին, Ժորժինյոն, Օրսոլինին, Չիեզան: Հայաստանի միակ գոլը խփեց Էդգար Բաբայանը: Սա Հայաստանի ընտրանու պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play