Սերժ Սարգսյանը վերադառնում է. խորհրդավոր գիշերն Արա Աբրահամյանի ամառանոցում


Սերժ Սարգսյանը վերադառնում է. խորհրդավոր գիշերն Արա Աբրահամյանի ամառանոցում

  • 19-11-2019 18:30:41   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանը մեկնում է Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 19-21-ը մասնակցելու է ԵԺԿ վեհաժողովին: Սարգսյանը ելույթ է ունենալու, նաեւ երկկողմ հանդիպումներ:
 
Օրերս տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի Վերնատուն ակումբի առաջին համաժողովը, որտեղ նկատելի էր մի քանի բացակայություն, սակայն ՀՀԿ բացակայությունը արժանացավ քիչ ուշադրության: Ինչպես է ՀՀԿ-ն դիրքավորվել Վերնատան նկատմամբ, դեռեւս կարծես թե ամբողջապես պարզ չէ, սակայն այդ իմաստով հատկանշական է մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը, որ ընդդիմադիր որեւէ ֆորմատ չի կարող հաջողել առանց ՀՀԿ-ի:
 
Չի կարող հաջողել նաեւ Վերնատու՞նը: ՀՀԿ-ն կմիանա՞ Վերնատանը, թե ինքզինքը դիտարկում է Վերնատնից ավելի վեր, այսպես ասած վերվերնատուն: Բանն այն է, որ Վերնատանը կան շրջանակներ, որոնք մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանին ամենօրյա ռեժիմով ասում էին հավասարապես այն, ինչ ներկայում ասում են Նիկոլ Փաշինյանին:
 
Սերժ Սարգսյանը գնա Վերնատուն, որ ի՞նչ անի:
 
Իսկ Խորվաթիայում անելու բան կա: Խոսքն իհարկե Դուբրովնիկ աշխարհահռչակ առողջարանային վայրի մասին չէ: Խորվաթիան Սերժ Սարգսյանի համար ունի քաղաքական շրջադարձային նշանակություն: 2013 թվականի սեպտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը մեկնել էր հենց Խորվաթիա, որտեղ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ամառանոցում լրջորեն քննարկվել է Եվրասոցացումից հրաժարվելու ու ԵՏՄ-ն ընտրելու հարցը:
 
Դա այն հայտնի գիշերն է, որի առնչությամբ Սերժ Սարգսյանը տարիներ անց Պրահայի հայ համայնքի հետ հանդիպմանը խոստովանել էր, որ մի գիշերում չէր կարող տասը միլիոն հայի կարծիք պարզել:
 
Պուտինի միշտ ճիշտ լինելու հարցում համոզված Աբրահամյանը Խորվաթիայի իր ամառանոցում Սերժ Սարգսյանին ըստ երեւույթին համոզել էր, որ «Պուտինը ճիշտ է, Եվրասոցացման գնացող Սարգսյանը՝ սխալ»: Մինչ այդ իհարկե հայ-ռուսական ամենատարբեր քաղաքական եւ մեդիափորձագիտական շրջանակներ մի քանի տարի շարունակ սպառնալիքի ու ժանտաժի տարափ էին տեղում, թե ինչ սարսափելի բան է կատարվելու Հայաստանի ու Արցախի հետ, եթե Սարգսյանը հանկարծ ստորագրի Եվրասոցացման համաձայնագիրը:
 
Խորվաթիայից Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա, որտեղ սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը կայացրել է Մաքսային միությանն անդամակցելու որոշում:
 
Այժմ Սերժ Սարգսյանը «վերադառնում» է Խորվաթիա՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին ու Վեհաժողովին մասնակցելու համար, այն բանից հետո, երբ 2018-ի ապրիլին հայտարարեց, որ ինքը սխալվել է, բայց ճիշտ էր ոչ թե Պուտինը, այլ Նիկոլը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play