Դատարանը մերժել է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը


Դատարանը մերժել է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը

  • 19-11-2019 18:21:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նոյեմբերի 19-ին որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի ու Կարեն Մեժլումյանի միջնորդությունները` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին` ժամը 13:00-ին:
 
Նոյեմբերի 19-ին կայացած նիստի ընթացքում փաստաբանական թիմի անդամները վերահաստատել են իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը:
 
Նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել: Քոչարյանի մյուս պաշտպանները ևս միացել էին միջնորդությանը:
 
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ևս դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի առանձին միջնորդություն ներկայացրեց:
 
Ըստ դատական տեղեկատվական համակարգի հրապարակած մեղադրական եզրակացության՝ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play