Մոլոտովի զովացուցիչ կոկտեյլ Նիկոլ Փաշինյանի եւ ռուս լրագրողների հանդիպմանը


Մոլոտովի զովացուցիչ կոկտեյլ Նիկոլ Փաշինյանի եւ ռուս լրագրողների հանդիպմանը

  • 20-11-2019 10:03:41   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանում ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչները հանդիպել են իրենց գործընկերների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումների ժամանակ նրանք կրկին բարձրացրել են Նժդեհի թեման, եւ նույնիսկ հարցրել, թե Հայաստանն ինչ է անելու դրա տակից դուրս գալու համար:
 
Մոսկվան տեւական ժամանակ այս թեման դարձրել է Հայաստանի դեմ քարոզչական արշավի ուղղություններից մեկը, Ռուսաստանում գաղափարական ու գաղափարախոսական լրջագույն ճգնաժամի պայմաններում Երկրորդ աշխարհամարտի սակրալացման շրջանակներում: Թեման Մոսկվայի պասով վերցրել է նաեւ Բաքվի իշխանությունը, որը նույնպիսի ճգնաժամի ու փակուղու առաջ է մասնավորապես Արցախի խնդրում: Ավելին, Բաքվի իշխանությունը «լայնացրել է» այն մինչեւ Զանգեզուր, նկատի ունենալով Նժդեհի ասոցացումն այդ տարածաշրջանի հետ եւ հայտարարելով, թե Զանգեզուրն իրարից բաժանել է թյուրքական աշխարհը:
 
Մոսկվան ու Բաքուն խոշոր սխալ են թույլ տվել, որից հայկական կողմը կարող է եւ պետք է օգտվի ազգային խնդիրները լուծելու համար: Սա բարդ ու բազմաշերտ խնդիր է, սակայն՝ լիովին հնարավոր, 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի հարցն ակտուալացնելու շրջանակում:
 
Մինչ այդ, ռուս լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մի քանի էական հայտարարություն է արել:
 
«Անկեղծ ասած, մտածում էի, որ այդ հարցը Ադրբեջանի հետ մեր օրակարգում է առկա, որովհետև առաջին անգամ, երբ ես այդ հարցի հետ անակնկալ կերպով առնչվեցի, տեղի ունեցավ Աշխաբադում՝ ԱՊՀ Գագաթնաժողովի ընթացքում: Ինձ համար անակնկալ է, որ այդ հարցն առկա է նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների օրակարգում:
 
«Շատ է խոսվում այն մասին, որ օրինակ, Նժդեհը ինչ-որ կապեր է ունեցել Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ։ Մոլոտովը (ԽՍՀՄ արտգործնախարարն էր 1939-1949թթ․) նույնպես շփվել է Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ։ Այդ դեպքում եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք եւ ուսումնասիրենք ամեն ինչ։ Որեւէ մեկը Ռուսաստանում դատապարտե՞լ է դա։ Իսկ ինչու՞ ոչ։ Եթե սկսենք, ապա եկեք սկսենք Մոլոտովից։ Ի՞նչ էր նա ասում, ինչո՞ւ , ինչի՞ մասին էր պայմանավորվում, ինչո՞ւ էր պայմանավորվում։
 
Իսկ Ստալինը տեղեկացվա՞ծ էր՝ ինչի մասին է պայմանավորվածությունը։ Մեզ համար չկա այդ հարցը, թե ով է Նժդեհը։ Նա խոսե՞լ է նացիստների հետ։ Հնարավոր է՝ խոսել է։ Մոլոտովն էլ է խոսել, Ստալինը նույնպես խոսել է», ասել է վարչապետը։
 
Ավելին, ոչ միայն խոսել են, այլեւ եղել են դաշնակիցներ: Երկրորդ աշխարհամարտը սկսել է նացիստների ու սովետական ղեկավարների այդ «խոսակցությունից», իսկ մինչ այդ Սովետական Միությունը վճռական մասնակցություն է ունեցել նացիստական բանակի ստեղծման գործում, մատակարարելով հումք, տեխնիկա, ցորեն, ընդ որում՝ մինչեւ 1941 թ., վերապատրաստելով գերմանացի հազարավոր օդաչուների եւ ռազմական այլ մասնագետների: Ավելին, նացիստական ու սովետական բանակները համատեղ շքերթ են անցկացրել, փորձի փոխանակումներ եւ այլն: Գերմանիային պարեն և մետաղներ մատակարարող վերջին խորհրդային գնացքը սահմանը հատել է 1941 թվականից հունիսի 21-ին՝ ԽՍՀՄ-Գերմանիա պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ:
 
Երկրորդ աշխարհամարտը սկսեց հենց այս դաշնակցությունից: Ելցինի օրոք Մոսկվան դատապարտեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, Պուտինի օրոք այն հռչակվեց որպես ռուսական դիվանագիտության փայլուն նվաճում: Այսինքն, հավանություն տրվեց նացիստների հետ համագործակցությանը: Այս պայմաններում Նժդեհի մասին հարցերը պարզապես զավեշտալի են:
 
Հասկանալի է, որ խնդիրը Նժդեհը չէ, բայց Հայաստանի դեմ հերթական քարոզչական ուղղությունն ընտրելիս Մոսկվան խոշոր սխալ է թույլ տվել, այդպիսով հայերին տալով 1921-ի ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի հաղթաթուղթը: Հայկական «քաղաքական միտքն» ու ԶԼՄ-ները ամենօրյա մանր հոգսերից ազատ ժամանակ կգտնե՞ն այս հարցով զբաղվելու համար:
 
Նիկոլ Փաշինյանը վերցրեց այդ հաղթաթուղթը, բացառիկ դիրքավորմամբ: Ժամանակն է նաեւ բացել Լենին-Աթաթուրք պակտը, որը Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի «նախերգանքն էր», եւ հատկապես 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի հատկապես գաղտնի արձանագրությունները:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն