Հոբելյանական համերգ՝ նվիրված Սուրեն Հախնազարյանի 70-ամյակին


Հոբելյանական համերգ՝ նվիրված Սուրեն Հախնազարյանի 70-ամյակին

  • 20-11-2019 10:27:45   | Հայաստան  |  Մշակույթ

Հախնազարյանների ընտանիքը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տոնում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սուրեն Հախնազարյանի 70-ամյակը:
 
Նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ճանաչված պրոֆեսորի հոբելյանական համերգը, որին մասնակցում է երաժշտական մեծ ավանդույթներ ունեցող Հախնազարյանների ողջ ընտանիքը՝ դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և դիրիժոր Տիգրան Հախնազարյանը: Հոբելյարը ևս  իր կատարումներով կզարդարի համերգը:
 
Համերգի առաջին բաժնում կհնչի կամերային ծրագիր Հախնազարյանների կատարմամբ: Երկրորդ բաժնում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին ելույթ կունենան Նարեկ Հախնազարյանը (թավջութակ) և համերգի հյուր, հոբելյարի ընտանիքի մեծ բարեկամ Խաչատուր Ալմազյանը (ջութակ): Կհնչեն Սեն-Սանսի «Մուսան և պոետը» և Ջովաննի Սոլլիմայի “Tarantulae Cadenzas” –ն (հայաստանյան պրեմիերա)՝ գրված թավջութակի, ջութակի և նվագախմբի համար: Համերգը կղեկավարեն դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը և Տիգրան Հախնազարյանը:
 
Սուրեն Հախնազարյանի հոբելյանը նոյեմբերի 11-ին համերգով նշվել է նաև Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դահլիճում: Համերգից հետո Նարեկ Հախնազարյանը գրել է. «Ես շնորհակալ եմ ծնողներիցս այս համերգի համար: Քիչ երաժիշտներ կան, որոնց նկատմամբ տարիներն անզոր են, որոնք աներկբայորեն և անշահախնդրորեն նվիրել են իրենց կյանքը երաժշտությանը ծառայելուն՝ ելույթներ ունենալով ամբողջ աշխարհում և կրթելով երաժիշտների մի քանի սերունդ: Նույն բեմում ձեզ հետ ելույթ ունենալն ուղղակի հրաշք է»:
 
Սուրեն Հախնազարյանը 2008թ-ից Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ջութակահարների ամբիոնի պրոֆեսոր է: 1974 – 2007թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986թ.-ից դոցենտ, 1993թ.-ից պրոֆեսոր): Եղել է մի շարք Հանրապետական և Միջազգային մրցույթների հանձնաժողովի անդամ, վարպետության դասեր է ունեցել Շոտլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլուր:
 
Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը (պրոֆեսոր Վիլլի Մոկացյան, 1972թ.) և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Լեոնիդ Կոգան, 1974թ. ):
 
Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին լրագրողներին հրավիրում ենք Արամ Խաչատրյան համերգասրահ՝ համերգի մասնակիցների և Հախնազարյան ընտանիքի հետ մամլո ասուլիսի:
 
Համերգի մանրամասների և մասնակիցների կենսագրությունների համար այցելեք  ՀԱՖՆ-ի կայք
Նոյյան տապան  -   Մշակույթ