Լուսավոր Հայաստանը դեռ չի որոշել ինչպես է քվեարկելու բյուջեի նախագծին
20-11-2019 11:38:51 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ չի որոշել 2020 թվականի բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու, թե կողմ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ բյուջեի նախագծի վերաբերյալ մոտ 150 առաջարկ են արել կառավարությանը: Նա նշեց, որ դեռևս վերջնական որոշում չեն կայացրել, թե ինչպես են քվերակելու:
«Մեր վերջնական որոշումը կլինի կառավարության արձագանքն ու պատասխանն ունենալուց հետո»,- ասաց նա: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ քննադատել էին բյուջեի նախագիծը:
Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ սա հեղափոխական բյուջե չէ և որ այն կազմվել է «Բյուջետային համակարգի մասին» օրենքի խախտումներով: