ՀՀ նախագահը համագործակցության հեռանկարներն է քննարկել Կատարի ներդրումային հիմնադրամի հետ


ՀՀ նախագահը համագործակցության հեռանկարներն է քննարկել Կատարի ներդրումային հիմնադրամի հետ

  • 20-11-2019 13:53:25   | Կատար  |  Մամլո հաղորդագրություն

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև կարևորվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև արդյունավետ փոխգործակցության հաստատումը։
 
Որպես Հայաստանի հետ հնարավոր համագործակցության ուղղություններ մասնավորապես նշվել են էներգետիկայի, սննդի անվտանգության, լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կառույցների՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, համագործակցության հետագա հնարավորությունների վերաբերյալ քննարկումների շարունակման մասին։
 
Qatar Investment Authority-ը Կատարի պետական ներդրումային հիմնադրամն է, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտները։ Qatar Investment Authority կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ դոլար։ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play