Վարչապետը Միլանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

21-11-2019 09:54:59   | Իտալիա  |  Մամլո հաղորդագրություն
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում հանդիպել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ։  Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Միլանի քաղաքապետը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա և մասնավորապես, Միլան քաղաք՝ այն համարելով լավ հնարավորություն համագործակցության հարցերը քննարկելու համար։ Նա նշել է, որ Միլանն դինամիկ առաջ շարժվող, բազմազգ քաղաք է և ներկայացրել է Միլանի՝ որպես Իտալիայի խոշոր ֆինանսատնտեսական, արդյունաբերական կենտրոնի զարգացման ծրագրերը։ Ջուզեպպե Սալան խոսել է, մասնավորապես, քաղաքային զարգացման, նորարարությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին և մանրամասներ ներկայացրել քաղաքում հանրային տրանսպորտի բնագավառում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։
 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իտալիա պաշտոնական այցի շրջանակում Միլան այցը, որն Իտալիայի ֆինանսական, տնտեսական, մշակութային կարևորագույն կենտրոններից է։ ՀՀ վարչապետը ողջունել է Միլանի զարգացմանը միտված ծրագրերը և նշել, որ Հայաստանը և մայրաքաղաք Երևանը հետաքրքրված
են տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համատեղ նախաձեռնություններով։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների շուրջ փորձի փոխանակումը և համատեղ քննարկումները։ Հայաստանի վարչապետը նաև անդրադարձել է 2020 թվականի հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Երևան-Միլան-Հռոմ չվերթի գործարկման կարևորությանը, որը կխթանի Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական, գործարար, մշակութային, զբոսաշրջային և մարդկային կապերը, կամրապնդի քաղաքական հարաբերությունները։
 
Հայաստանի վարչապետը և Միլանի քաղաքապետը կարևորել են Միլանի հայ համայնքի դերակատարությունը Հայաստան-Իտալիա հարաբերությունների ամրապնդման գործում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իտալական մշակութային կապերի  զարգացման հեռանկարների շուրջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 256 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար