Արսեն Թորոսյանը հանձնարարել է ապահովել ձմեռային զորակոչի բժշկական փորձաքննության լիարժեք կատարում


Արսեն Թորոսյանը հանձնարարել է ապահովել ձմեռային զորակոչի բժշկական փորձաքննության լիարժեք կատարում

  • 21-11-2019 11:27:33   | Հայաստան  |  Հասարակություն

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում, որին մասնակցում էին պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) անդմաները, զինապարտների հետազոտում, փորձաքննություն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների հանձնաժողովների նախագահները: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման նպատակն է քննարկել 2019 թվականի ձմեռային զորակոչի գործընթացի խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Քննարկումն անցկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
 
Անդրադառնալով զորակոչային փորձաքննության գործընթացի պատշաճ կազմակերպմանը` նախարարը նշել է, որ բժշկական կազմակերպություններից ակնկալվում է, որպեսզի բավարար ռեսուրսներ ներդրվեն փորձաքննությունները կազմակերպելու ժամանակ` հետաձգման և վերջին օրերին կուտակման խնդիրներին չբախվելու համար: Խոսվել է զինկոմիսարիատների և զինապարտների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության, ամենօրյա ռեժիմով համատեղ աշխատանքների կազմակերպման, ուղեգրումների պլանավորման և հոսքերի կառավարման մասին:
 
Հայաստանի զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը բարձրաձայնել է զորակոչային գործընթացի ժամանակ ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ հնչել են առաջարկություններ:
 
Ներկաներն անդրադարձել են նաև փորձաքննությունների որակի և արդյունքների անաչառությանը:  Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահական և զորակոչի համակարգի բարելավման արդյուքում աստիճանաբար հասնելու են փորձաքննական այնպիսի վիճակի, որ զորակոչի ժամանակ ԿԲՀ-ի աշխատանքները ընթանան ավելի սահուն:
 
«Ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի կատարման մասով պետք է լինենք հետևողական` թե հետազոտությունների ծավալների, թե գործընթացների փուլերի պահպանման առումով», – ասել է նախարարը:
 
Հնչել են նաև փորձաքննության բուն գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր, որոնց առնչությամբ առաջարկվել է հետագայում կազմակերպել մասնագիտական քննարկումներ` շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:
 
Ամփոփելով հանդիպումը` Արսեն Թորոսյանը պատասխանատուներին հանձնարարել է 2019 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպելու նպատակով ապահովել բժշկական փորձաքննության գործընթացի լիարժեք կատարում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն