Նախատեսվում է դատապարտյալներին արգելել հանձնուքներով ստանալ դեղեր՝ առանց բժշկի թույլտվության

21-11-2019 15:46:41   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ  արդարադատության նախարարությունը առաջարկում է կալանավորված անձանց և դատապարտյալներին, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, արգելել հանձնուքներով ստանալ դեղեր՝ առանց բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման:
 


Նախարարությունը նաև առաջարկում է հստակեցնել քրեակատարողական հիմնարկներ դատապարտյալների դեղորայքի ստացման և պահման գործընթացը՝ դրա համար նախատեսելով բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման պարտադիր առկայություն: Բացի այդ, միասնականացնել բոլոր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դեղերի
ստացմանը և պահմանը ներկայացվող պահանջները:
 
«Ներկայումս  քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ստացվող և նրանց մոտ պահվող դեղերի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ և բավարար լծակների բացակայության պայմաններում խնդիրներ են առաջանում բժշկական ցուցման և համապատասխան բժշկական ստորաբաժանման վերահսկողության բացակայությամբ դեղերի մուտքը քրեակատարողական հիմնարկ և դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դրանք իրենց մոտ պահելը արգելելու տեսանկյունից: Գործնականում անհնար է դառնում վերահսկողության իրականացումը դատապարտյալի կամ կալանավորված անձի կողմից առանց համապատասխան թույլտվության և բժշկական ցուցման դեղերի ստացման կամ նրանց մոտ պահելու նկատմամբ»,- նշված է նախագծում:
 
Այս խնդիրներին անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում, որում մասնավորապես նշվում է, որ շարունակում է մտահոգիչ մնալ մերձավոր ազգականների կողմից առանց բժշկական ցուցման ազատությունից զրկված անձանց փոխանցվող դեղորայքի ընդունումը քրեակատարողական հիմնարկի կողմից: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ազատությունից զրկված անձին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից փոխանցվել են դեղեր, կամ ազատությունից զրկված անձն իր մոտ դրանք պահել և ընդունել է՝ առանց բժշկական փաստաթղթերում այդ մասին համապատասխան բժշկական ցուցման առկայության (այդ
թվում՝ ներարկման համար նախատեսված դեղամիջոցներ):
 
Ուստի, Պաշտպանը ընդգծել է անհրաժեշտությունը՝ վերահսկելու քրեակատարողական հիմնարկ դեղորայքը ընդունելու, հաշվառելու և ազատությունից զրկված անձին հանձնելու ընթացակարգը, սահմանելու ազատությունից զրկված անձանց իրենց կամ մերձավոր ազգականների հաշվին ձեռք բերված դեղամիջոցները քրեակատարողական հիմնարկներ ընդունելու հստակ  մեխանիզմներ՝  առաջնորդվելով  բժշկական  համապատասխան  ցուցմամբ և չվնասելու սկզբունքով:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 294 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար