Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալվել են ՀՀ կրտսեր դիվանագետները


Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալվել են ՀՀ կրտսեր դիվանագետները

  • 21-11-2019 18:48:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Նոյեմբերի 21-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանին և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կրտսեր դիվանագետների պատվիրակությանը: 
 
Խորհրդարանի ղեկավարը ողջունել է դիվանագիտական դպրոցի առաջարկած ծրագրի շրջանակում ապագա դիվանագետների ամենամյա այցն Արցախ՝ միասնական հայրենիքի ճանաչման, տեղեկացվածության բարձրացման, միջազգային հարթակներում Արցախի շահը պաշտպանելու և համազգային խնդիրներին սեփական մասնակցությամբ օգտակար լինելու առումով:
 
Աշոտ Ղուլյանը նաև շոնրհավորել է ներկաներին դիվանագիտական դպրոցի տասնամյակի կապակցությամբ՝ ընդգծելով դպրոցի կարևոր դերը արտաքին քաղաքականության ասպարեզում կադրերի պատրաստման գործում:
 
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Արցախի պետականաշինության գործընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, աշխարհաքաղաքական զարգացումներին և առաջիկայում Արցախում սպասվող համապետական ընտրություններին վերաբերող թեմաների:
 
Աշոտ Ղուլյանը պատասխանել է կրտսեր դիվանագետների՝ խորհրդարանական դիվանագիտությանը և Արցախի ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին:
 
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը խմբին է հանձնել 1992 թվականի հունվարի 6-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագրի կրկնօրինակը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն