Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով

  • 22-11-2019 12:42:58   | Հայաստան  |  Մշակույթ

 
Նոյեմբերի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ելույթ կունենա կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով։ 
 
Կոմպոզիտոր‚ մանկավարժ և երաժշտագետ Ալֆրեդ Շնիտկեն հեղինակել է օպերաներ‚ բալետներ‚ սիմֆոնիաներ‚ կոնցերտներ‚ կամերային‚ երգչախմբային ստեղծագործություններ‚ գրել է երաժշտություն ֆիլմերի‚ ներկայացումների համար։ Շնիտկեի ստեղծագործությունների պրեմիերաները մշտապես դարձել են համաշխարհային մշակութային իրադարձություն։ Ուշագրավ է‚ որ Ալֆրեդ Շնիտկեն 1985 թվականին գրել է նաև երգչախմբային կոնցերտ Գրիգոր Նարեկացու տեքստի հիման վրա: 
 
Երևանյան համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Շնիտկեի Կոնցերտը դաշնամուրի և լարային նվագախմբի համար‚ ինչպես նաև՝ Թավջութակի թիվ 1 կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգան հանրահայտ երաժիշտներ՝ թավջութակահար Բորիս Անդրիանովը և դաշնակահար Լուսինե Խաչատրյանը։ 
 
Դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի մասին New York Times-ը գրել է. «Նա հիանալի դաշնակահար է, մեծ ձայնով և կրակոտ տեխնիկայով»։ Լուսինե Խաչատրյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է‚ հանդես է գալիս անվանի բեմերում։ Պարբերաբար ելույթ է ունենում նաև եղբոր՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։ 
 
Շնիտկեի Թավջութակի թիվ 1 կոնցերտը Երևանում կներկայացնի Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր‚ միջազգային մրցույթների դափնեկիր Բորիս Անդրիանովը։ Նա՝ որպես մենակատար‚ ելույթ է ունենում Մարիինյան թատրոնի նվագախմբի‚ Իսրայելի ֆիլհարմոնիկ‚ Ֆրանսիայի ազգային‚ Ռուսաստանի ազգային և այլ նվագախմբերի հետ։ 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ