Մենք չենք կարող միայն լսելի դառնալու համար նմանվենք նրան, ինչը վաղուց մերժել ենք


Մենք չենք կարող միայն լսելի դառնալու համար նմանվենք նրան, ինչը վաղուց մերժել ենք

  • 25-11-2019 10:17:23   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի  զրուցակիցն է Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը
 
Պարոն Սահակյան, տեսակետ կա, որ այսօր Հայաստանում ընդդիմությունը  չի կարողանում ձևավորվել, հակակշռել իշխանությանը, դրա համար ավելի շատ լսելի է դառնում նախկին գործիչների ձայնը։ Իբրև մեկ տարի ձևավորված կուսակցության ներկայացուցիչ՝ համամի՞տ եք այս տեսակետին։ Որտե՞ղ եք տեսնում պատճառները։
 
Ամենևին չնվազեցնելով ընդհանուր պրոցեսի համար մասնակից յուրաքանչյուր սուբյեկտի պատասխանատվությունը, կարծում եմ՝ իրոք համակարգային, ընդհանուր խնդիրներ կան։ Պատճառներից մեկը «ընդդիմություն» հասկացության ընկալումն է։ Իմ տպավորությունն այն է, որ մեզ մոտ ընդդիմություն է համարվում կառավարող ուժին ընդունելի ու անընդունելի, հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով սևացնել ու ոչնչացնել փորձող ցանկացած միավոր։ Հատկանշականն այն է, որ ով այդպես չէ, որպես ընդդիմություն չի ընկալվում։ Քաղաքական այսպիսի մտածողության պայմաններում էլ լսելի են դառնում նրանք, որոնք խորը թքած ունենալով իրենց խոսքի հետևանքների ու հանրության առջև ստանձնած մեծ պատասխանատվության վրա, միայն զբաղված են մյուսի վարկանիշը գցելու, սևացնելու ու ոչնչացնելու գործով։
 
Ի դեպ, բառացիորեն երեկ նույն հարցը իմ առջև, որպես կուսակցության ներկայացուցիչ, բարձրացրել է մեր համակիրներից մեկը։ Կարևորելով նոր ուժերի առաջացման և լսված լինելու խնդիրը, նա հորդորում էր խոսքում ավելի կտրուկ լինել, անդրադառնալ այնպիսի «կարևոր» հարցերի, ինչպիսիք են Ստամբուլյան կոնվենցիան, «Սորոսի հիմնադրամը» և սխալների մի հրեշավոր շղթայի պատճառով մեր բոլորի օրակարգում հայտնված նման այլ անիմաստ հարցերի։ Որպես օրինակ էին բերվում մյուս միավորները, որոնք դրանով զբաղված են։ Սույնով ես հայտնում եմ, որ մենք մեզ այլ հանձնառության կրողներ ենք համարում։ Հակառակը, պետք է այնպես անել, որ քաղաքական բանավեճը լուրջ հարցերի վերաբերի, ոչ թե ընտրվեն նրանք, որոնք բովանդակային առումով մեզ, որպես հանրություն, ոչինչ չեն տալիս, այլ միայն օպոնենտին ոչնչացնելուն միտված պոպուլիստական կարգախոսների առաջացման պարարտ հող են ստեղծում։ Այսպիսի հանձնառությունը մեզ թույլ չի տալիս նմանվել մյուսներին։ Մենք չենք կարող միայն լսելի դառնալու համար նմանվենք նրան, ինչը վաղուց մերժել ենք։
 
Ձեր նշած խնդրի մեկ այլ պատճառ է քաղաքական կուսակցություններին հանրության պահանջները։ Իրականում հանրությունը ինչ պահանջում է, այն էլ ստանում է։ Պահանջո՞ւմ է «նախկինների» ձերբակալություններ, աղմկոտ դատավարություններ, խնդրեմ՝ պարբերաբար բռնում են, ծնկի բերում, փռում ասֆալտին, ծեփում պատերին։ Կառավարող ուժի համար դեռ, է՜յ, ինչքան ռեսուրս կա միայն նման քայլերով վարկանիշ պահելու ու հանրային պահանջը կատարելու բերումով բուռն և երկարատև ծափահարությունների արժանանալու համար։ Մյուս մասը՝ հեղափոխական գործընթացներից տուժողները, պահանջո՞ւմ է կառավարող ուժին հայհոյել, խնդրեմ՝ առաջանում են նորանոր միավորումներ, որոնք հենց դա էլ տալիս են։ Չե՞ն ուզում նոր կերպ հարաբերվել, նոր Սահմանադրություն ունենալու բազմիցս բարձրաձայնված պահանջը անարձագանք է մնում. դրա շուրջ հանրային պահանջ չի ձևավորվում։ Հարցրեք կուսակցությունների մասին նոր օրենքի վրա աշխատող ԱԺ աշխատանքային խմբի անդամներին, թե հանրային բաց քննարկումներին քանի՞ հոգի էր մասնակցում։ Դեռ մի կողմ, որ դա նաև սխալ կազմակերպման հետևանք կարող էր լինել։ Փաստն այն է, որ ընտրվողների վերաբերյալ չափորոշիչների սահմանման հարցին մարդիկ պատրաստ չեն իրենց մասնակցությունը բերել։ Կարևոր ու երկրորդական այսպիսի շատ պատճառներ կան։ Վերջում էլի նշեմ, որ ասվածը ամենևին չի ենթադրում, թե պատճառները միայն առանձին սուբյեկտներից, այդ թվում՝ մեզնից, դուրս են։ Հանրային քաղաքանակության յուրաքանչյուր սուբյեկտ մեղքի իր բաժինն ունի այս ամենի մեջ։
 
Ուզում եմ հավաստիացնել, որ մենք աշխատում ենք հնարավորն անել, որպեսզի այս իրավիճակը փոխվի։ Դրա վկայությունն է նաև հանրային քննարկման համար այս խնդիրների բարձրաձայնումը։ Վստահ եմ՝ կարող ենք նաև ավելին։ Հուսով եմ՝ մեզ կհաջողվի ձևը գտնել և աստիճանաբար փոխել քննարկումների շրջանակը։ Այսօր, առաջացած անիմաստ բարձր աղմուկի պայմաններում մեզ համար դա շատ բարդ է, սակայն հեշտ ճանապարհներ չենք էլ փնտրել երբեք։
 
Իբրև ընդդիմություն՝ այսօր ինչ եք անում հաջորդ խորհրդարանում որպես քաղաքական ուժ ներկայացված լինելու համար։
 
Հիմա ես քաղաքականության մասին մեր ընկալումներին ոչ համահունչ կարծիք կհնչեցնեմ։ Թվում է, թե այն, ինչ կասեմ ներքո, ինքնստինքյան ենթադրվում է և լրացուցիչ շեշտելու կարիք չկա։ Սակայն դա ընդամենն առաջին հայացքից է այդպես։ Մենք ուզում ենք խորհրդարանում հայտնվել այն պարագայում, երբ մարդիկ մեր ծրագրերը կկարդան և դրանց իրականացումը կարևոր համարելու բերումով մեզ ձայն կտան։ Այլ պարագայում խորհրդարանում հայտնվելը ինքնանպատակ կլինի և մեկանգամյա ակտ։ Սա ոչ թե միայն մեզ է վերաբերում, այլ բոլորին։ Կարող է թվալ, թե ԱԺ ամբիոնը որպես կարևորագույն քաղաքական հարթակ ունենալը ինքնին կարող է նպատակ լինել։ Սակայն ոչ թե ծրագրերի իրականացման համար, այլ նվազ կամ առավել կարևոր այլ նպատակով մեզ ԱԺ գործուղող քաղաքացին կարող է երկրորդ անգամ մեզ ձայն չտալ այնպես, ինչպես մեր պարագայում հաճախ է պատահում։ Տեսեք՝ համարյա ամեն գումարման ԱԺ-ում «ընդդիմություն» կոչվածը փոխվել է։ Մարդիկ այլ ակնկալիքով ընտրել են, այլ բան ստացել։ Տեսանք նաև, որ ազատ ընտրության պարագայում խորհրդարան նույնիսկ չանցան ուժեր, որոնք մշտապես եղել են էնտեղ կեղծված ընտրությունների պայմաններում։ Կարծում եմ՝ եթե մենք ուզում ենք երկարատև գործող ու հեղինակավոր կուսակցություն ունենալ, ապա իրավունք չունենք մտնել դաշտ, որտեղ հեղինակությունդ կախված է ոչ թե նրանից, թե ինչքան են համոզիչ քո ծրագրերն ու փաստարկները, այլ քաղաքական օպոնենտիդ «քուչի» բառամթերքով որքան կարող ես նվաստեցնել։
 
Այդ պատճառով եմ շատ կարևորում գաղափարական դաշտի ձևավորումը և քաղաքացու ընտրությունը գաղափարական հենքով կատարելը։ Որևէ կուսակցությանն իր քվեն տալու պատրաստ քաղաքացին պետք է դա անի ծրագրին ծանոթ լինելու, այդ ծրագիրը իրականացված տեսնելու և վստահության դեպքում միայն, որ ընտրած ուժը ի վիճակի է այն իրականություն դարձնել։ Մեր ծրագրերն ու գաղափարները տարածելու, ինչպես նաև հանգամանքի բերումով, որ մի տարի հետո մեզ ներկուսակցական նոր համաժողով և ընտրություններ են սպասում, մենք մարզային այցելություններ ենք նախատեսում, ինչպես նաև ծրագրերի համալրման ու ամբողջացման համար ոլորտային մասնագետների հետ խորհրդակցություններ։ Դա ահռելի ծավալի աշխատանք է, որ պետք է կատարվի ինքնաֆինանսավորման և նոր կուսակցություն լինելու բերումով նվազ ռեսուրս ունենալու պայմաններում։ Հուսով եմ՝ կհաջողենք։
 
Կուսակցությունների մասին օրենքը շուտով կփոփոխվի։ Ի՞նչ սպասելիքներ ունեք, և արդյոք այդ փոփոխությունը կուսակցությունների՝ ավելի ակտիվանալու համար հիմք կարող է հանդիսանալ։
 
Ակնկալիք ունեմ, որ հարցը սահմանադրական փոփոխություններից, ընտրական օրենսգրքից և հարակից այլ օրենքներից անջատ չի դիտվի։ Մենք պետք է նկարագրենք, թե գործընթացի վերջում ինչ քաղաքական համակարգ ենք ուզում ստանալ, նոր միայն անցնենք այն ստանալուն միտված փոփոխություններին։ Կարծում եմ՝ չի գտնվի որևէ ողջամիտ մարդ, որ եղած քաղաքական համակարգի մեջ միայն կոսմետիկ փոփոխությունների կարիք տեսնի։ Խոսքն, իհարկե, չի վերաբերում քաղաքական արկածախնդիրներին, որոնց համար որքան ապաքաղաքական ու ապագաղափարական, այնքան լավ։
 
Ցանկացած հետաքրքրված անձ կարող է պատկերացնել, մտքում նկարագրել իրեն հարազատ քաղաքական դաշտը և կտեսնի, որ դա ստանալու համար անհրաժեշտ է նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Կտեսնենք, որ նոր տիպի կուսակցություններ ունենալու դեպքում նոր ընտրական օրենսգիրք է անհրաժեշտ։ Հեղափոխական գործընթացներից հետո նախաձեռնվեց մի այդպիսի գործընթաց։ Բայց այդ գործընթացը ենթադրում էր նաև այնպիսի կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին, որոնց ինչպես ես, այնպես էլ դրանք մերժած քաղաքացիների մեծ մասը չէին ուզենա տեսնել որպես հանրային կառավարմանը հայտ ներկայացրած միավորներ։ Ինչպե՞ս դա անել։ Նախ պետք է կուսակցությունների մասին օրենքով չափորոշիչներ սահմանվեն, որոնց մաղով չեն անցնի պետական-քաղաքական հարցերը նեղ-անձնական կամ խմբային հետաքրքրություններին ծառայեցնելու նպատակով ստեղծված միավորները։ Ընտրական օրենսգրքով պետք է սահմանվեն խաղի ընդհանուր կանոններ, որոնք չկատարելու դեպքում կուսակցությունները դուրս կվռնդվեն ընտրապայքարից, կբացառեն հանրությանը մոլորության մեջ գցելու փորձերը, երբ մի բան խոստանան, ընտրությունից հետո մի այլ բան իրականացնեն։ Այսպիսի գործիքներ ունենալու խնդիրը լայն քննարկման հարց է, որը համակարգային մոտեցում է պահանջում և պետության էության խորը ընկալում։
 
Այսօր ի՞նչն է խանգարում ընդդիմությանը առավել ակտիվ գործունեության համար։
 
Այս հարցին երկու պատասխան ունեմ՝ կախված նրանից, թե ինչ նկատի ունեք «ակտիվ գործունեություն» ասելով։ Եթե «ակտիվ գործունեությունը» փողոցում պահանջներ պարտադրելն է, ինչպես նախկինում, ապա պետք է նշել, որ նախկին գործիքները նոր պայմաններում անարդյունավետ են։ Տեսեք՝ կառավարող ուժը ողջամտորեն զերծ մնաց Ամուլսարի հարցում ուժ գործադրելով հանրության պահանջը ճնշելուց։ Հերիք է մի այդպիսի դեպք՝ ու հին գործիքակազմը նորից կակտուալանա։
 
Կարելի է առանձին նշել նաև հանրությանը սև-սպիտակի բաժանելու արատավոր պրակտիկան։ Շատ կարծիքներ են հնչում, որ դա հեղափոխական գործընթացների հետևանքով ի հայտ եկած երևույթ է, բայց դա այդպես չէ։ Նույն երևույթը նաև նախկինում կար։ «Կա՛մ մեզ հետ ես, կա՛մ մեր դեմ» գործելաոճը միայն ներկայիս կառավարող ուժը չի, որ որպես զենք կիրառել է իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Պետք է հաշվի առնել, որ նման քաղաքականությունը բևեռացնում է, հանգեցնում է նրան, որ ընտրության հնարավորությունը նման պայմաններում ձևավորված երկու բևեռների միջև է և, ըստ էության, այդ ընտրությունը միայն թվացյալ է ազատ։ Հանրության մեջ, որտեղ դու կամ հերոս ես, կամ էլ դավաճան և երորրդ կարգավիճակը չկա, չկան նաև մշտական հերոսներ ու մշտական դավաճաններ։ Սրա դրսևորման օրինակներից է նաև, երբ մի ժամանակ ակտուալ էր «Լե-վոն, հեռա-ցիր» կարգախոսը, որը 10 տարի հետո վերածվեց «Լե-վոն՝ նախա-գահ»-ի։ 9 տարի հետո «Լե-վոնը» ընտրողների 1,66% քվե ստացավ։ Շատ կարճ ժամանակում «Նիկոլը Սերժի պրոյեկտն ա»-ն վերածվեց «Նի-կոլ՝ վարչապետ»-ի։ Բազմաթիվ այլ օրինակներ կարելի է նշել։ Եվ նման հանրության ու մտածողության մեջ որևէ մեկը դավաճան դառնալուց փրկվելու շանս չունի։ Գոնե ինքնապաշտպանական բնազդը պետք է հուշի, որ նման գործելաոճը պետք է փոխվի հանրային համերաշխության քարոզով ու պրակտիկայով, համագործակցելով միասին դրական արդյունքի հասնելու մղումով։ Մի այլ խնդիր է, որ վերջինը վկայակոչելով, կառավարող ուժը նախկին հանցագործներին նշանակում է առանցքային պաշտոնների։
 
Ձեր հարցին այլ տեսանկյունից նայելու դեպքում, եթե նկատի չունեք փողոցային պայքարը, ապա այստեղ ևս խնդիրներ կան, որոնցից երկուսը կառանձնացնեմ։ Առաջինը ֆինանսների բացակայությունն է։ Այս առումով ողջունելի նախաձեռնություն է կուսակցությունների մասին օրենքի մեջ այս հարցին կառավարող ուժի հանգամանալից անդրադարձը և որոշակի պայմաններով պետական ֆինանսավորում տրամադրելու նպատակները։ Իհարկե, վերջինը պետք է անել նկատառումով, որ «տզրուկ» կուսակցություններ չառաջանան։ Երկրորդ խնդիրը ոլորտային փորձագետների բացակայությունն է և/կամ եղածների՝ կուսակցություններում ներգրավված լինելու ցանկության բացակայությունը։ Վերջինիս համար պետք է երկար ու տքնաջան աշխատել, որ կուսակցությունների ու քաղաքականության էության վերաբերյալ նախկին համակարգում ձևավորված արգահատելի վերաբերմունքը փոխվի։
 
Խորհրդարանում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը։ Ըստ Ձեզ՝ դա կնպաստի՞ ՍԴ ճգնաժամի լուծմանը, թե՞, այնուամենայնիվ, իշխանությունը կդիմի Սահմանադրական փոփոխությունների տարբերակին։
 
Ինձ մեծ ցավ է պատճառում, որ սահմանադրական փոփոխությունները կարող են դիտվել ոչ թե որպես նոր քաղաքական իրավիճակում նոր հանրային հարաբերություններ հաստատելու բնական անհրաժեշտություն ու պահանջ, այլ մի մարդուց կամ մի խմբից ազատվելու միջոց։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե ՍԴ-ի կազմը փոխվի, ամեն ինչ նորմալ է, մինչդեռ Սահմանադրության մեջ նման փոփոխությունը պետք է բխի սահմանադրականությունն ու դրա պաշտպանությունը որևէ այլ կերպ պատկերացնելու, այլ հայեցակարգ ունենալու անհրաժեշտությունից։ Մնացածը ժամանակի ու տեխնիկայի հարց է։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ