Դատարանը մերժել է Քոչարյանի գործով դատախազ Բիշարյանին բացարկ հայտնելու պաշտպանի միջնորդությունը


Դատարանը մերժել է Քոչարյանի գործով դատախազ Բիշարյանին բացարկ հայտնելու պաշտպանի միջնորդությունը

  • 26-11-2019 18:48:34   | Հայաստան  |  Իրավունք

 Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նոյեմբերի 19-ին որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը` մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին  բացարկ հայտնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումը ենթակա չէ բողոքարկման: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին:
 
Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի նկատմամբ: Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը: Մեղադրող կողմը առարկել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդության դեմ:
 
Ավելի վաղ Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նոյեմբերի 19-ին որոշում էր կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի ու Կարեն Մեժլումյանի միջնորդությունները` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ:
 
Նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Դատավոր Աննա Դանիբեկյանը նաև մերժել էր ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը:
 
Ըստ դատական տեղեկատվական համակարգի հրապարակած մեղադրական եզրակացության՝ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play