Մենք մեկ միասնական փաթեթ ունենք. Զոհրաբ Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին


Մենք մեկ միասնական փաթեթ ունենք. Զոհրաբ Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին

  • 02-12-2019 16:14:05   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ օրակարգ է քննարկվելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում կայանալիք հանդիպմանը:
 
«Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որի մեջ կան հարցի բուն կարգավորմանն առնչվող շատ կարևոր հարցեր: Եվ կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը: Եվ բոլորը շատ մեծ նշանակություն ունեն իրենց ամբողջության մեջ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, դա մեկ նախադասությամբ առնչվում են այն գերակայություններին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը և ԼՂ ստատուսին: Եվ, բնականաբար, մենք շարունակելու ենք մշակել այն մոտեցումները, համադրումները, որտեղ մեզ անհրաժեշտ է լինելու տեսնել, որ մեր գերակա ու կարևոր հարցերը ստանում են իրենց համապատասխան արտահայտությունը»,- ասաց նախարարը:
 
Ինչ վերաբերում է հարցերի մյուս շարքին, որոնք առնչվում են միջավայրին, ըստ նախարարի, սրանք նույնպես կարևոր հարցեր են: «Գիտեք, որ մենք ունեցանք որոշ համեստ արդյունք անցած ամսվա ընթացքում, և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելը մեզ համար կարևոր է ու հետաքրքրական: Ընդգծում եմ խիստ նշանակությունը, որը տալիս ենք բոլոր այն մեխանիզմներին, այն միջոցառումներին, որոնք ուղղված են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը: Վստահ եմ, դուք տեսաք Արտաքին գործերի նախարարության շաբաթ օրվա հայտարարությունը, որտեղ մենք արտահայտեցինք մեր դիրքորոշումը՝ կապված շփման գծում մեր զինծառայողի վիրավորման կապակցությամբ: Մեզ համար այդ մեխանիզմների ու միջոցառումների իրականացումը իրատեսական դարձնելը, ամրապնդելու զինադադարի ռեժիմը և ամրապնդելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք նպաստում են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, նույպես հանդիսանում է չափազանց կարևոր հարց»,- ասաց նա:
 
Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ հայկական կողմը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը: Անցած մեկ ու կես տարվա ընթացքում ի ցույց ենք դրել մեր լրջությունը՝ խաղաղ գործընթացում ներգրավվելու ու արդյունավետ աշխատելու: «Հանդիպումը, որը տեղի է ունենալու չորեքշաբթի, մենք աշխատել ենք դրա ուղղությամբ, մենք գնում ենք մեր աշխատանքը կատարելու: Մենք ունենք մեր գերակայությունները և աշխատելու ենք դրա շուրջ»,- հավելեց նա:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական