Քննարկում է անցկացվել ռազմական համալսարանի կուրսանտների հետ
03-12-2019 18:53:16 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում նոյեմբերի 29-ին թիրախային խմբային քննարկում է անցկացվել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի իգական սեռի կուրսանտների հետ: Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչներ, փորձագետներ, ռազմական համալսարանի դասախոսներ:
Քննարկման նպատակն էր գնահատել կուրսանտների ակնկալիքներն ու պատկերացումներն ապագա զինվորական ծառայության մասին, պարզել նրանց տեսակետը կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովման և ծառայողական առաջխաղացման խոչընդոտների վերաբերյալ:
Անցկացված քննարկումն ընթացիկ տարում երկրորդն էր՝ միտված պաշտպանական համակարգում կանանց իրավունքների պաշտպանության ու հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորմանը, դրա պաշտպանության մշտադիտարկման մեխանիզմների ներդրման խնդիրների քննարկմանը: