Բաքուն այլեւս մրցակցում է Ստեփանակերտի հետ


Բաքուն այլեւս մրցակցում է Ստեփանակերտի հետ

  • 05-12-2019 15:33:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ: Այդ պարբերությունը Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունից է, առանձնահատուկ հանգամանք դրանում:
 
Առանձնահատուկն այն չէ, որ նշվում է Արցախի բանակցային կողմ լինելու անհրաժեշտության մասին: Առանձնահատուկը տվյալ դեպքում այն է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարարը խոսում է Արցախի արտգործնախարարի հետ հանդիպման մասին: Հարցրե՞լ են համանախագահները կամ Մամեդյարովը այդ առնչությամբ, թե՞ նախաձեռնությունը Զոհրաբ Մնացականյանինն է, էական տարր է իհարկե, սակայն առանցքային է այն, որ նախարարական մակարդակի հանդիպման ընթացքում խոսվում է Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարների հանդիպման մասին, որ Երեւանում տեղի ունեցավ Բրատիսլավայի շեմին:
 
Ավելին, արտգործնախարարները միմյանց հետ հանդիպումից բացի, հանդիպեցին նաեւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, որի ժամանակ, բացի արցախյան գործընթացից, խոսվել է նաեւ Արցախի նախագահի ընտրության մասին, այդ թվում արցախյան հարցում հայկական կողմի շահի համապատկերում:
 
Ացախի համապետական ընտրությունը որպես քաղաքական գործընթաց կարող է ստանալ յուրօրինակ ճանաչում կարգավորման գործընթացի շրջանակում, որը նոր տրամաբանության ազդակներ կարող է ստանալ իր հերթին Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական վերափոխումների եւ ներհամակարգային իշխանափոխության ֆոնին:
 
Դե ֆակտո, թե Արցախում, թե Ադրբեջանում ընթանում է նոր իշխանության ձեւավորման գործընթաց: Արցախում այն տեղի է ունենում ժողորդավարա-իրավական տրամաբանության եւ կանոնների շրջանակում, Ադրբեջանում՝ այդ երկրին բնորոշ ամբողջատիրա-խանական համակարգի: Բրատիսլավայի հանդիպման վերաբերյալ հայկական կողմի հաղորդագրության տողատակում նշմարվում է, որ այդ գործընթացների մակարդակում կա որոշակի անուղղակի փոխազդեցություն-հաղորդակցություն:
 
Խոշոր հաշվով, նոր իշխանության ձեւավորման գործընթացոմ գտնվող Ստեփանակերտն ու Բաքուն աշխատում են կարգավորման գործընթացում զբաղեցնելիք տեղի եւ դիրքի շահեկանության ու տարածականության համար:
 
Այստեղ է հատկանշական Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախի հարցում Հայաստանի նոր իշխանությունը ավարտել է դիրքավորումը, լուծելով նոր ասելիքի եւ դրա ամրապնդման խնդիրները հայկական շահի ու անվտանգության շրջանակում: Հայաստանում թավշյա հեղափոխությունը Հայաստանին օգնեց առաջ անցնել, թեեւ դրա ջանքը փորձեց կատարել Իլհամ Ալիեւը՝ վեց ամիս առաջ բերելով հերթական նախագահական ընտրությունը 2018 թվականին:
 
Բաքուն այժմ փորձում է արդեն հետ չմնալ Արցախի դիրքավորումից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն