Կանգ առ. Կադիրովը կանգնեցնում է Արթուր Վանեցյանին


Կանգ առ. Կադիրովը կանգնեցնում է Արթուր Վանեցյանին

  • 09-12-2019 15:40:50   | Հայաստան  |  Վերլուծություն

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն օրերս շնորհավորել էր ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը: Լրացել է Վանեցյանի 40-ամյակը, եւ այդ կապակցությամբ Կադիրովը շնորհավորական խոսք է հրապարակել Ինստագրումում, կցելով նաեւ իր ու Վանեցյանի լուսանկարը, որն արված է թերեւս դեռ Արթուր Վանեցյանի ԱԱԾ պետ եղած շրջանից: Հայտնի է, որ այդ շրջանում Արթուր Վանեցյանը մեկնել է Գրոզնի՝ ԱԱԾ հատուկ ստորաբաժանման խմբի հետ, այնտեղ կազմակերպված հատուկ ստորաբաժանումների մրցության կապակցությամբ:
 
Ռամզան Կադիրովը, շնորհավորելով Հայաստանի ԱԱԾ նախկին պետին, գրել է նաեւ, որ համոզված է՝ նա ռուս ժողովրդի մեծ բարեկամն է եւ հայ-ռուսական հարաբերության ամրապնդման ջատագովը:
 
Չեչնիայի ղեկավարի շնորհավորանքը անշուշտ չէր գրավի որեւէ ուշադրություն, եթե ԱԱԾ պետի պաշտոնը թողնելուց հետո Արթուր Վանեցյանը ներկայացրած չլիներ հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելու հայտ, ինչի մասին խոսել էր իր վերջին հարցազրույցում, որտեղ արել էր եւս մի քանի աղմկոտ հայտարարություն:
 
Ահա այդ ֆոնին, Չեչնիայից շնորհավորանքը ստանում է հետաքրքիր երանգ: Առերեւույթ տպավորություն է, որ Ռամզան Կադիրովը «բարեխոսում» է Արթուր Վանեցյանի համար՝ Ռուսաստանում ինչ որ մեկի մոտ, հավաստիացնելով նրա ռուս ժողովրդի բարեկամ լինելը, հայ-ռուսական հարաբերության ջատագով լինելը:
 
Իհարկե, Կադիրովը գուցե շնորհավորում է շատ պարզ եւ անկեղծ, առանց որեւէ այսպես ասած հասարակական-քաղաքական տողատակի, ինչպես մարդկայնորեն եւ ընկերաբար ՌԴ նախագահ Պուտինն է շնորհավորում Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձի կամ տոնական այլ առիթներով, ինչը սակայն գոնե առայժմ ամենեւին չի փոխում երկրորդ նախագահի ճակատագրի դրամատիկ ընթացքը:
 
Իսկ գուցե փոխու՞մ է, այդ ընթացքին հաղորդելով հակառակ էֆեկտ՝  դրամատիզմի առավել մեծ դինամիկա:
 
Համենայն դեպս, հաշվի առնելով Հայաստանում հետհեղափոխական իրավիճակը, հանրային զգայուն ընկալումները, այդ թվում Հայաստանի նախկին իշխող համակարգի գործիչների հասցեին Ռուսաստանից ստացվող աջակցության ուղղակի թե անուղղակի դրսեւորումների նկատմամբ, բավական հիմքեր են առաջանում եզրակացնելու, որ այդ շնորհավորանքները գոնե հասարակական-քաղաքական մակարդակում ունենում են հակառակ էֆեկտ:
 
Իսկ շնորհավորողները թերեւս հիմար մարդիկ չեն՝ դա չհասկանալու համար:
 
Այդ դեպքում առաջանում են հարցեր, թե շնորհավորանքներն ինչպես են հասկանում հասցեատերերը: Նրանք «զինվու՞մ» են դրանցով իրենց հասարակական-քաղաքական ծրագրերում, թե՞ հասկանում այդօրինակ ակնարկը, որ այդ ծրագրերում համենայն դեպս պետք չէ հույս դնել Ռուսաստանից աջակցության վրա, քանի որ դրանով, բացի սեփական ծրագրերի համար ավելորդ խնդիր ստեղծելուց, ավելորդ խնդիրներ են առաջանում նաեւ Ռուսաստանի համար:
 
Այստեղ թերեւս ուշագրավ է Ռամզան Կադիրովի ակնարկը Արթուր Վանեցյանին՝ ռուս ժողովրդի բարեկամ եւ երկկողմ հարաբերության ամրապնդման ջատագով լինելու առնչությամբ: Չեչնիայի ղեկավարը գուցե «եղբայրաբար» հասկացնում է թերեւս այլ բան՝ եթե ԱԱԾ նախկին պետը, ինչպես նոր իշխանության հետ որեւէ հաշիվ ունեցող հասարակական-քաղաքական սուբյեկտ, իրապես հայ-ռուսական հարաբերության ամրապնդման ջատագով է, ապա այդ հաշիվներից պետք է դուրս թողնի Ռուսաստանը:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն