Մոսկվան ականի վրա. Պուտինը 1921 թ. արյունոտ պայմանագրի առաջ


Մոսկվան ականի վրա. Պուտինը 1921 թ. արյունոտ պայմանագրի առաջ

  • 11-12-2019 18:21:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հավանության չի արժանացնի Բալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության ՆԱՏՕ-ի ծրագիրը, քանի դեռ ՆԱՏՕ-ն հավանություն չի տվել Սիրիայի հարցում Թուրքիայի ծրագրին:
 
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Լիտվայի նախագահի հետ հադիպումից հետո ասել էր, որ Անկարան հավանություն կտա Ռուսաստանի հնարավոր հարձակման դեմ Բալթյան երկրների ու Լեհաստանի պաշտպանության ՆԱՏՕ ծրագրին: Այդ մասին հայտարարել էր նաեւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը:
 
Ի՞նչ փոխվեց Թուրքիայի համար, որ Անկարան դարձյալ հրաժարվում է ՆԱՏՕ-ի պլանին հավանություն տալուն: Արդյոք Անկարայի դիրքորոշման վրա ազդել է ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը Վաշինգտոն, որտեղ Լավրովը հանդիպել է պետքարտուղար Պոմպեոյի եւ նախագահ Թրամփի հետ: Թրամփը հրապարակել էր լուսանկար Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակից, որտեղ Թրամփը նստած է նախագահի աթոռին, իսկ Լավրովը կանգնած է գլխավերեւում: Լուսանկարի անտուրաժը իրապես հետաքրքիր է, թողնելով տպավորություն, որ Թրամփը հանդիպել է իր ենթակայի հետ:
 
Լավրովը ծուղակու՞մ էր հայտնվել, թե՞ Ռուսաստանը Վաշինգտոնից ստացել է նշանակալի ինչ որ ընդառաջում, Թրամփին տալով այդպիսի անտուրաժով լուսանկար հրապարակելու հնարավորություն: Ըստ երեւույթին, դրանով է պայմանավորված Անկարայի դեմարշը: Չավուշօղլուն, ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների նախաձեռնությունից հետո նաեւ ասել էր, թե Ռուսաստանի հետ C 400-ների գործարքից հրաժարվելու պարտադրանքի դեպքում Անկարան էլ կարող է ԱՄՆ-ին խնդրել դուրս գալ Ինջիրլիք ռազմակայանից:
 
Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարմարավետ մանեւրի ռեժիմից Անկարան կարծես թե հայտնվում է սեղմման ռեժիմում: Վաշինգտոնը վերջին շրջանում նկատելի կերպով ուժեղացնում է Մոսկվային՝ ռուս-թուրքական փոխադարձ զսպման «ոխերիմ բարեկամության» գործընթացում: Այդ գործում էական դեր է վերապահվում նաեւ հայկական գործոնին:
 
Հայ-ամերիկյան հարաբերությունում նշանակալի ճեղքման մոտալուտ լինելու մասին Հայաստանի վարչապետի Փարիզում արած հայտարարությունն Անկարան լսել է թերեւս բավականին ուշադիր, համադրելով այն Ադրբեջանի ներսում Մեհրիբան Ալիեւայի մոսկովյան այցից հետո նոր թափ ստացած վերադասավորումների գործընթացին:
 
Դրան զուգահեռ, ռուսական պրոպագանդայի հայազգի «աստղ» Մարգարիտա Սիմոնյանը օրերս գրառում էր արել, որ ՌԴ հաջորդ նախագահը թերեւս լինելու է ոչ Վլադիմիր Պուտինը, այլ նրա ժառանգորդը, որին քվեարկելու կոչ կանի Պուտինը:
 
Այդ սցենարի կամ վարկածի մասին առաջինը բարձրաձայնելու հարցում Մարգարիտա Սիմոնյանի «ընտրությունը» խորհրդանշական է, որովհետեւ խոսքը Ռուսաստանում էպոխալ փոփոխության հնարավորության մասին է, ոչ թե հերթական «փոխատեղման»: Իսկ այդտեղ ռուսական պետականության համար առանցքային նշանակություն են ստանում Թուրքիայի հարցն ու հայկական հարցը, թե այդ առումով Պուտինն ինչ ժառանգություն է թողնելու ՌԴ նոր առաջնորդին:
 
Երեւանն ու Անկարան պայքարում են այդ ժառանգության ձեւավորման համար: Ավելի շուտ, Թուրքիայի դեպքում խոսքն իհարկե ականի համար պայքարի մասին է: Պուտինը թողնելու՞ է ականը, որի վրա էր ինքը մոտ երկու տասնամյակ՝ հայերի հաշվին կնքված ռուս-թուրքական մոսկովյան պայմանագիրը, որը ռուսական պետականությունը դնում է թուրքերին ծառայության ռեժիմում:
 
Թե՞ նա իշխանությունը փոխանցելու է ռուսական պետականությունն ականազերծած, 2021 թվականին՝ պայմանագրի 100-ամյակին հայտարարելով համաշխարհային նոր իրողությունների եւ հետեւաբար նոր պայմաններին մասին, փակելով հայերի արյունով գրված այդ էջը:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն