Կառավարությունը հստակեցրել է նպատակը


Կառավարությունը հստակեցրել է նպատակը

  • 12-12-2019 10:33:01   | Հայաստան  |  Վերլուծություն

Ազգային ժողովը 82 կողմ, 34 դեմ ձայներով կողմ է քվեարկել Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությանը, ըստ որի՝ եթե ՍԴ դատավորները մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, կարող են վաղաժամ թոշակի անցնել:
 
 
Օրենքը բազմաթիվ դիտողությունների է արժանացել, բայց գլխավորն այն է, որ ընդդիմությունն ասում է, որ կառավարությունն այդպես էլ չի բացատրել փոփոխությունն ընդունելու դրդապատճառը: Ընդդիմությունը երեւի ճիշտ չի ըմբռնել՝ կառավարությունը շատ հստակ նշել է դրդապատճառները: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով փոփոխության նախագիծը, ասել է, որ պետությունը ՍԴ դատավորներին ձեռք է մեկնում, որ նրանք չխոչընդոտեն նոր մոդելի Սահմանադրական դատարանի ձեւավորմանը:
 
Այլ խոսքով, կառավարությունը ՍԴ նոր մոդել, հետեւաբար՝ սահմանադրական փոփոխություններ է մշակում եւ ենթադրում է, որ ՍԴ-ն կարող է տորպեդահարել այդ փոփոխությունները:
 
Սահմանադրությունում փոփոխությունները դժվար թե միայն ՍԴ նոր մոդելին վերաբերեն: Պետք է ենթադրել, որ եթե կառավարությունը Սահմանադրական փոփոխություն նախաձեռնի, դրանք էական են լինելու: Լրատվամիջոցներում գրում են կառավարման նախագահական համակարգի վերադառնալու մտադրության մասին: Ընդ որում, նշվում է, որ արդեն հաջորդ տարի սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման աշխատանքներ են սկսվելու Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարությամբ:
 
Կարելի է քննարկել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանին պետք սահմանադրական փոփոխություններ եւ վերադարձ, ասենք, կառավարման նախագահական համակարգի: Դրդապատճառները կարող են մի քանիսը լինել: Առաջինը՝ գործող Սահմանադրության համաձայն, շատ լղոզված է գերագույն գլխավոր հրամանատար հասկացությունը, եւ վարչապետն այդ առումով չի կարող պետության բացարձակ ղեկավարը համարվել: Դա Նիկոլ Փաշինյանին հասկացնում են հատկապես եվրասիական վեհաժողովներում: ՀԱՊԿ կանոնակարգում, օրինակ, Հայաստանի առաջարկությամբ դրույթ է մտցվել այն մասին, որ վարչապետն է ներկայացնում Հայաստանը, այլ ոչ թե նախագահը:
 
Բայց կարող է մեկ դրդապատճառ էլ լինել՝ գալիք խորհրդարանական ընտրությունները՝ հերթական կամ արտահերթ: Նոր խորհրդարանի մեկ տարվա աշխատանքն ի ցույց է դրել բոլոր ուժեղ եւ թույլ կողմերը, եւ չի բացառվում, որ Փաշինյանը վստահ չէ, որ հաջորդ ընտրություններին կկարողանա պահպանել կայուն մեծամասնությունը խորհրդարանում, այն դեպքում, երբ նրա անձնական վարկանիշը պահպանվում է: Բանը միայն նրա թիմը չէ, այլ այն, որ մյուս ուժերն արդեն դուրս են գալիս հետհեղափոխական շոկից եւ սկսում են կոնսոլիդացիան: Այս պայմաններում «ավելի անվտանգ» է միայնակ գնալ ընտրությունների՝ հիմնվելով անձնական վարկանիշի վրա եւ այն չվատնելով թիմի վրա: Բայց դրա համար անհրաժեշտ է վերադառնալ ուժեղ նախագահի ինստիտուտին:
 
Իհարկե, կարելի է այլ տարբերակ ընտրել՝ հրաժարվել անցյալի դեմ պայքարից, կենտրոնանալ ապագայի կառուցման վրա ու բարձրացնել սեփական կուսակցության վարկանիշն անհասանելի բարձունքների: Այդ ժամանակ ՍԴ դեմ պայքարը եւ մնացյալն այնքան մանր խնդիրներ են թվալու, որոնք ձեռքի հետ են լուծվելու, «ուչաստկովիի» մակարդակով:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play