Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակներում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն Երևանում, Սպիտակում, Գյումրիում, Էջմիածնում և Իջևանում


Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակներում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն Երևանում, Սպիտակում, Գյումրիում, Էջմիածնում և Իջևանում

  • 12-12-2019 10:37:35   | Հայաստան  |  Մշակույթ

Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակներում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն Երևանում, Սպիտակում, Գյումրիում, Էջմիածնում և Իջևանում: Փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 12-ից 21-ը:
 
«Այժմ Ճապոնիայում բուռն զարգացում է ապրում ֆիլմարտադրությունը, և մարդիկ սկսել են ավելի հաճախ այցելել կինոթատրոններ: Կարծում եմ` այս փառատոնը լավ առիթ կհանդիսանա, որպեսզի Հայաստանում էլ ցուցադրվեն ճապոնական ժամանակակից ֆիլմերը» ,-նշեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:
Նրա խոսքով` շատերն են ցանկություն հայտնում դիտել ճապոնական դասական ֆիլմեր, և հույս ունի, որ հաջորդ տարի կհաջողվի հանդիսատեսին ներկայացնել ճապոնական այնպիսի ռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են Յասուջիրո Օզուն, Ակիրա Կուրոսավան:
 
Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը նշեց, որ այս անգամ կինոփառատոնի շրջանակներում ներկայացվելու է երեք ֆանտաստիկայի ժանրի և մեկ վավերագրական լիամետրաժ կինոնկար, և կինոփառատոնը բացվելու է «Բնակարանների լվացում» ֆիլմով: «Այս տարի առաջին անգամ ճապոնական ֆիլմերի փառատոնի պատմության մեջ ֆիլմերը ցուցադրվելու են նաև հայերեն ենթագրերով»,-նշեց նա:
 
Դեկտեմբերի 12-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի  «Բնակարանների լվացում» ֆիլմը, դեկտեմբերի 13-ին` «Ֆուջիկո Հեմինգ․ լռության և միայնության դաշնակահարուհին», իսկ դեկտեմբերի 14-ին «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» և «Ծովից եկածը» ֆիլմերը: Դեկտեմբերի 15-ին Սպիտակի մշակույթի տանը կցուցադրվի «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» ֆիլմը, նույն օրը Գյումրու  «Նարեկ» բարեգործական հիմադրամում` «Ֆուջիկո Հեմինգ․ լռության և միայնության դաշնակահարուհին» ժապավենը, Էջմիածնի քաղաքապետարանի կինոսրահում դեկտեմբերի 20-ին կցուցադրվի «Բնակարանների լվացում» ֆիլմը, իսկ դեկտեմբերի 21-ին Իջևանում` «Ծովից եկածը» կինոնկարը:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ