Պալիատիվ խնամքի բացակայությունն իբրև խոշտանգում


Պալիատիվ խնամքի բացակայությունն իբրև խոշտանգում

  • 13-12-2019 18:06:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Որոնողական համակարգում «պալիատիվ խնամք» արտահայտությամբ հրապարակումները շատ չեն. եղածներն էլ կամ զեկույցներ են կամ միջազգային ընկերությունների կողմից ներկայացված հաշվետվություններ:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պալիատիվ խնամքը սահմանում է որպես մոտեցում, որը բարելավում է հիվանդների և նրանց ընտանիքի անդամների կյանքի որակը, երբ նրանք բախվում են մահացու հիվանդությունների: 
 
Պալիատիվ խնամքի նպատակը կյանքի որակը բարելավումն է. խնամք, որը չի բուժի, բայց և «արժանապատիվ կյանք» կապահովի։
 
Հայաստանում շատերը մտածում են, որ եթե հիվանդությունը չունի վերջնական բուժում, ինչպես օրինակ քաղցկեղի որոշ տեսակների դեպքում է, նորմալ է, երբ հիվանդության ընթացքն ուղեկցվում է անտանելի ցավերով ու տառապանքով:  Մինչդեռ հնարավոր է ապրել անցավ. բժիշկն իրավունք ունի հոգեմետ դեղեր նշանակել դրա կարիքն ունեցող հիվանդին: 
Չնայած սրան, շատ հիվանդներ ու նրանց ընտանիքի անդամներ, երբեմն անգամ որոշ բժիշկներ ու մասնագետներ տեղեկացված չեն  իրենց իրավունքների ու հնարավորությունների մասին: Արդյունքում, երբ բժիշկները գտնում են, որ հիվանդանոցային բուժումն այլևս օգուտ չի տա հիվանդին, նրան տուն են ուղարկում՝ թողնելով  առանց մասնագիտական օգնության, անորոշության ու ցավերի մեջ:
 
Քաղցկեղի   տարածվածությունը   Հայաստանում
 
Հայաստանում մահացու հիվանդություններից հատկապես տարածված է քաղցկեղը, տարեկան   դրա   հետևանքով   մահանում   է շուրջ 5600 մարդ: Թե նրանցից քանիսն են մահանալուց առաջ ստացել ցավազրկողներ, թարմ վիճակագրություն չկա, իսկ ահա Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ 2011-ի տվյալներով Հայաստանում քաղցկեղից մահացած մարդկանց միայն 8 տոկոսից պակասն են մահանալուց առաջ ստացել որևէ ցավազրկող։ 
 
«Քաղցկեղը և պալիատիվ խնամքի համար իրականացվող պայքարը Հայաստանում» զեկույցի համաձայն՝ խնդիր է նաև  դեղերի  անբավարարությունը: Գործնականում նշանակումն սկսվում է ափիոնային դեղի՝ օրվա ընթացքում մեկ ներարկումից, ապա՝ մոտ երկու շաբաթ հետո ավելացվում է երկրորդ ներարկումը: Ներարկային մորֆինի ցավազրկող ազդեցությունը տևում է մինչև չորս ժամ, մյուս ժամերի ընթացքում շատ հաճախ հիվանդները մնում են առանց համարժեք ցավազրկման։ 
 
Մասնագիտական կրթությունը
 
Համաձայն նույն այդ զեկույցի՝ Հայաստանի բժշկական կրթության հաստատություններում բժշկության և բուժքույրության ուսանողների կրթությունը գրեթե չի ներառում պալիատիվ խնամքին և ցավի համարժեք հաղթահարմանը նվիրված դասընթացներ: Հետևանքն այն է, որ բուժաշխատողները չունեն բավարար հմտություններ և պատկերացում՝ ցավի կառավարման մասին:
 
Թվարկված խնդիրները կկարգավորվեն միայն պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության շոշափելի զարգացման դեմքում, երբ կարևորություն կտրվի և պացիենտի, և մասնագետի մոտեցումներին, դեղերի հասանելությանը, պալիատիվ խնամքի ծառայությունների լիարժեք իրագործմանը:
 
Պալիատիվ խնամքի չապահովումը ԽՈՇՏԱՆԳՈՒՄ Է
 
Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ պետության կողմից անհրաժեշտ քանակով և ծավալով ցավազրկողների և դրանց մատչելիության չապահովելը համարվում է խոշտանգում:  Ըստ իրավապաշտպանի՝ սա ևս արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է, քանի որ խոսքը պալիատիվ օգնության մասին է և դիտարկվում է նաև արժանապատիվ մահվան իրավունքի տեսանկյունից։
Բացի այդ, ըստ Սաքունցի, մեզանում պետությունն ունի պատժողական քաղաքականություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։  Նրա խոսքով՝ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարն ավելի է կարևորվում, քան անձի՝ առանց ցավի ապրելու իրավունքը։ 
 
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play