Աշխարհասփյուռ հայությունը ձեզ սատար է, և դուք մենակ չեք. Արայիկ Հարությունյանը դիմել է լիբանանահայությանը


Աշխարհասփյուռ հայությունը ձեզ սատար է, և դուք մենակ չեք. Արայիկ Հարությունյանը դիմել է լիբանանահայությանը

  • 16-12-2019 12:21:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանն աջակցության խոսք է հղել լիբանանահայ համայնքին:
 
Հիշեցնենք, որ Լիբանանի Հանրապետությունում վերջին շրջանում սկսված ներքաղաքական ճգնաժամի պատճառով տեղի հայկական համայնքը ևս հայտնվել է ծանր դրության մեջ:
Հարությունյանն այս առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« Լիբանանահայ սիրելի՛ հայրենակիցեր
Ձերդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին
 
Ուշի-ուշով հետևում ենք Լիբանանի բարեկամ հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակի սրացումներին ու, քաջատեղյակ լինելով ձեր ներքին տագնապներին, ամբողջովին կիսում ենք այդ մտահոգությունները: Համոզված եղեք, որ առավել քան այս օրերին, հայրենիքում ապրողներս և տարբեր գաղթօջախների աշխարհասփյուռ հայությունը ձեզ սատար է, և դուք մենակ չեք…
 
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հայապահպանության անառիկ ամրոց դարձած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և ազգային, կրթական, մշակութային կազմակերպությունների շուրջ համախմբվելով՝ դուք մշտապես նեցուկ եք կանգնել համազգային նշանակության խնդիրների լուծմանը: Հատկապես անգնահատելի է ձեր ավանդն Արցախյան գոյապայքարի տարիներին, ինչպես նաև դրան հաջորդած խաղաղ շրջանում սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանն ուղղված աշխատանքներում:
 
Հիացել, զարմացել և հպարտության մեծագույն զգացում եմ ապրել ամեն անգամ Լիբանան այցելելով և տեսնելով ձեր ջանքերը, ուժը, ազդեցությունն ու կենսունակությունը և համոզված եմ, որ միասին դեռ մեծ ծրագրեր ենք կյանքի կոչելու:
 
 
Չնայած ստեղծված ներքաղաքական ճգնաժամին՝ ուզում եմ հույս հայտնել, որ, այնուամենայնիվ, իմաստնությունը կհաղթանակի, և իշխանությունները, ժողովրդի հետ միասին, կկարողանան ճիշտ ելք գտնել՝ կյանքը բնականոն վիճակ վերադարձնելու և արտաքին բոլոր միջամտությունները չեզոքացնելու համար:
 
Բոլորս ձեզ հետ ենք, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն