Հասարակությունն ընտրում է ոչ թե գիտելիքը, այլ դիպլոմը, որովհետև գիտի, որ կարող է վարդանղուկասյաններ բուծել ԱԺ. Խառատյան


Հասարակությունն ընտրում է ոչ թե գիտելիքը, այլ դիպլոմը, որովհետև գիտի, որ կարող է վարդանղուկասյաններ բուծել ԱԺ. Խառատյան

  • 20-12-2019 17:35:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նոր իշխանությունները հայտարարում են, որ մեր ուսուցիչը պիտի լավ ապրի: Ես չգիտեմ որևէ իշխանություն, որը ասի, որ մեր ուսուցիչը պիտի վատ ապրի: Այս մասին այսօր ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
 
«Առաջին նիստին ասվեց, թե մեր նպատակը ազատ և քննադատական մտածող քաղաքացի ստեղծելն է: Բոլոր իշխանությունները սովորաբար հենց այդպես են ասում, բայց բոլորն ամեն ինչ անում են, որ հենց այդ քաղաքացին չստեղծվի: Ես վստահ չեմ, որ այս դեպքում էլ այս նույն ճանապարհով չենք գնա»,- ասաց Խառատյանը՝ հավելելով, որ սա ընդհանուր փորձի հանրագումարային մոտեցում է:
 
Նա հարց հնչեցրեց՝ ինչպես պետք է կրթվի ազատ և քննադատաբար մտածող անչափահասը դպրոցում, եթե մենք, մեծ հաշվով, չունենք այդ ուսուցիչը, և որտեղից պիտի լինի այդ ուսուցիչը, եթե դասագրքում գրված բացարձակ ճշմարտությունից այն կողմ այլ բան չենք տալիս, որ նա կարողանա այդ մտածողությունը կիրառի իր հանդեպ, հետո՝ դպրոցի հանդեպ:
 
«Իմ կարծիքով՝ Հայաստանում ուսուցչության մեջքը ջարդեց ամենաճիշտ կատարված մի որոշում, որ դպրոց մտնող ուսուցիչը անպայման պետք է մանկավարժի կրթություն ունենա: Զանգվածային ազատեցին դպրոցներից աշխատանքային փորձ ունեցողներին, տեղը լցրին շատ կասկածելի՝ մանկավարժի դիպլոմներով մարդկանց»,- ասաց ազգագրագետը՝ հավելոլով, թե դիպլոմը հաղթեց գիտելիքին և այդ դիպլոմի առկայությունը կոտրեց գիտության ընթացքը:
 
Անդրադառնալով Միքայել Մելքումյանի տեսակետին, թե հանրությունը չի ընտրում արհեստ, ընտրում է բարձրագույն կրթություն, Խառատյանի կարծիքով ճիշտ չէ: «Հասարակությունը ոչ թե ընտրում է գիտելիքը, այլ՝ դիպլոմը, որովհետև գիտի, որ դիպլոմով կարող է մի 5 Վարդան Ղուկասյան բուծել մի ուրիշ ԱԺ, որը քրիստոնեական արժեքներից խոսելով Գյումրու ամբողջ լանդշաֆտը լցրել է իր պատկերով, արձանախմբերով»,- ասաց Խառատյանը:
 
Նա առաջարկեց լրջորեն մտածել դասագրքերում կիրառվող լեզվի մասին: «Ես վաղուց դպրոցի հետ գործ չունեմ, բայց առիթ ունեմ դպրոցական դասագիրքը վերցնել և անչափահասին բացատրել, թե այնտեղ ինչ է գրված: Շատ հաճախ ես ինքս չեմ հասկանում, թե ինչ է գրված: Ես կարող եմ գուշակել, թե հեղինակը ինչ է ուզում ասել, բայց թե ինչ է գրված և ինչպես հասկանալ՝ չեմ կարող»,- նկատեց Խառատյանը և որպես վերջաբան կոչ արեց զվաղվել նաև ուսուցիչների որակների բարձրացմամբ, քանի որ կան բազմաթիվ տգետ ուսուցիչներ:
 
Ժաննա Ջեյրանյան
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play