Գրաքննություն. Տիգրան Արեգունին առաջարկում է հայկական մեդիա դաշտում արգելել վնասակար հոգևոր սնունդը


Գրաքննություն. Տիգրան Արեգունին առաջարկում է հայկական մեդիա դաշտում արգելել վնասակար հոգևոր սնունդը

  • 16-01-2020 11:46:20   | Հայաստան  |  Հասարակություն

Երբ ինձ առաջարկեցին գրել մամուլի մասին, ես ասացի, որ Նժդեհի մամուլի մասին գրածից հետո անիմաստ է որևէ բան ավելացնել, քանի որ ցավոք այն դեռ արդիական է: Բայց հետո հասկացա, որ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ անդրադառնալ այդ թեմային:
 
Ինչի՞ համար է նախատեսված մեդիան:
 
Լրատվություն, քարոզչություն, վերլուծություն, բացահայտում, ժամանց և այլն: Բոլոր ուղղություններն էլ մանիպուլյացիայի պարարտ հող են պարունակում, այդ իսկ պատճառով պիտի սահմանվեն համապատասխան խաղի կանոններ, ոչ թե թողնվեն ինքնակարգավորման հույսին: Կարծում եմ իմաստ չկա ավելորդ անգամ փաստել, որ հայկական մեդիա դաշտը մեղմ ասած որակյալ լինելու հետ լուրջ խնդիրներ ունի:
 
Ինչպես ամեն տեղ այստեղ ևս առկա է արժեհամակարգային սկզբունքների խնդիրը: Երբ մեդիա դաշտում արժեհամակարգային սկզբունքները չեն գերիշխում, կամ եղած արժեքները հեռու են բարոյական սկզբունքներից, ապա մեդիա դաշտը սկսում է արտադրել հոգևոր խոտան, աղբ, որը իր սպառողին վերածում է հոգևոր հաշմվածի: Կարծում եմ սպառողների միությունը ինչպես հոգում է մարդկանց ֆիզիկական առողջության մասին, որպեսզի ապրանքը փչացած չլինի, վնաս չտա մարդուն, նույն կերպ էլ պիտի մտահոգվի սպառողի հոգևոր սննդի որակի մասին: Եթե խանութներում արգելվում է ժամկետանց սնունդը, այնպես էլ պիտի մեդիա դաշտում արգելվի վնասակար հոգևոր սնունդը:
 
Այո: Գրաքննություն:
 
Մեզ մոտ սովետական ժամանակաշրջանից վախ է առաջացել այդ բառի նկատմամբ, բայց կարծում եմ վաղուց ժամանակն է հասկանալ, որ սովետական ժամանակաշրջանի գրաքննությունը և ուղղակի վնասակար հոգևոր սննդի մեդիադաշտ մուտքը արգելելու գրաքննությունը տարբեր բաներ են: Եվ մենք պիտի փորձենք նախ ազատվել էդ վախից, երկրորդ ձևավորել պահանջարկ վերոնշյալ գրաքննության նկատմամբ, երրորդ մշակել դրա իրականացման այնպիսի մեխանիզմներ, որպեսզի այն չվերածվի սովետական գրաքննության տիպի մի բանի:
 
Ժամանակին հեռուստատեսությունների ղեկավարները որոշել էին ինքնակագավորել այդ հարցը և խարտիա էին ստորագրել, որով պարտավորովում էին հեռուստաեթերից աղբ չմատուցել: Այսինքն այդ ամենը պիտի հիմնված լիներ ազնիվ խոսքի վրա, բայց այդ մեխամիզմը նույնիսկ 1 ամիս չգործեց:
 
Տարբեր անհատներ իրենց միջոցներով մեկուսացնում են իրենց հեռուստատեսային և մեդիաոլորտի այլ դրսևորումների աղբից, բայց այդ ամենը ժամանակավոր է, քանի որ եթե դու չես սպառում այդ աղբը, միևնույն է առընչվում ես մյուս սպառողների հետ և ակամայից նրանց միջոցով նաև <<վայելում>> ես վերոնշյալ խոտանի անդրադարձը:
 
Խնդիրը համակարգային է և պիտի ունենա համակարգային լուծում: Եվ պետք չի ասել, թե ազատականացված դաշտը ինքն իրեն կկարգավորի այդ հարցը: Թե մեր, թե համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կոնկրետ մեդիա ոլորտում ինքնակարգավորումը չի աշխատում: Հուսանք մեր ժողովուրդը վերջապես կհասունացնի այս խնդրի նախ գիտակցումը, պահանջարկը, այնուհետև տարբեր հարթակներում խմորումներ իրականացնելով կգեներացնի խնդրի լուծումը:
 
Ես հավատում եմ դրան, քանի որ հավատում եմ մեր ժողովրդի լուսավոր ապագային:
 
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն