Կդյուրացվի տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը


Կդյուրացվի տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը

  • 16-01-2020 16:10:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Գործադիրը հավանություն է տվել 2013 թ. հունիսի 27-ին ընդունված ««Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրն վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
 
Պայմանագրի հիմքում ընկած են մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները, որոնց նպատակն է  ապահովել կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձևաչափով օրինակների մատչելիությունը: Փաստաթղթով սահմանվում են մի շարք սահմանափակումներ և բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս վերարտադրել, տարածել և մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործություններն այն ձևաչափով, որով նման խնդիրներ ունեցող անձանց համար դրանք հասանելի կլինեն:  Պայմանագրում հստակ սահմանվում է, թե ովքեր են շահառուները, և ինչպիսի ստեղծագործությունների վրա են տարածվում սահմանված դրույթները: Սահմանվում են նաև այն լիազոր մարմինները, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին: Պայմանագրով նախատեսվում է հիմնադրել «տեղեկատվության հասանելիության կենտրոն», որը հնարավորություն կընձեռի փոխանակելու համապատասխան տեղեկատվություն հեշտացնելու լիազոր մարմինների նույնականացումը: 
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդգծել է պայմանագրին միանալու կարևորությունը և նշել, որ այն ևս մեկ շատ կարևոր քայլ է կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց ներգրավվածությունը  սոցիալական և մշակութային կյանքին  ապահովելու ուղղությամբ: Ըստ նախարարի՝ աշխարհում տեսողական խնդիր ունի ավելի քան 285 մլն մարդ, Հայաստանում նրանց թիվը 16 հազար է:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն