Մակունցը պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին ռուսական գազի սակագնի թանկացման հետ կապված հարց չկա
17-01-2020 15:36:55 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին ռուսական գազի սակագնի թանկացման հետ կապված որևէ հարց չկա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մակունցն ասաց հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում:
«Դեռ նման բան չկա, ինչ-որ փուլում, երբ կլինի, այդ մասին կառավարությունը կտեղեկացնի, և հասարակությունը տեղյակ կլինի: Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ թանկացումների հետ կապված հարց այս պահին չկա»,- ասաց Մակունցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է սպառողների համար գազի սակագնի վերանայման հարցը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ի հետ զրույցում չէր բացառել այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գազի սակագնի փոփոխության վերաբերյալ հայտ չի ստացել: Ընդ որում, պարտադիր պայման է հանձնաժողովին ներկայացվելիք փաստաթղթերում ներառել երկու թերթերում սակագնի սահմանման կամ վերանայման մտադրության մասին հայտարարությունը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ մինչև ձմեռվա վերջը ռուսական գազի գնի փոփոխություն չի նախատեսվում:
Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 2019 թվականի սկզբին թանկացել էր ՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսօր խոսվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»,-նշել էր Գարեգին Բաղրամյանը: