Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
17-01-2020 17:03:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀԺ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:
Նա ասաց, որ դեռ պարզ չէ՝ դեպքը ինքնասպանություն է, թե սպանություն, դա պարզելու համար տեղի են ունենում նախնական քննչական գործողություններ, որից հետո ինքը կրկին կպատասխանի լրագրողների հարցերին:
Քննչական կոմիտեի աշխատակիցների դեպքի վայր հասնելու պահին, ըստ Մելիքյանի, բնակարանում եղել են Կուտոյանի կինը եւ հայրը: Նրանք սակայն ի վիճակի չեն որեւէ բան ներկայացնելու. «Հիմա նրանք էնպիսի վիճակում են, որ ինքներդ հասկանում եք, էլի. եկել է կինը ու ամուսնու դին…»,- նկատեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:
Լրագրողների հարցին՝ ո՞ւմ է պատկանում բնակարանը, որտեղ հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ Մելիքյանը պատասխանեց, թե չգիտի: Նա տեղյակ չէր նաեւ, թե ո՞ւմ է պատկանում զենքը, որ հայտնաբերվել է դեպքի վայրում:
«Դեպքի վայրի զննությանը մասնակցում են նաեւ դատական բժիշկներ, որոնց մասնակցությամբ, դիակի զննությամբ կպարզենք՝ քանի վնասվածք է ունեցել»,- ասաց ՔԿ պաշտոնյան:
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ ամբողջ տարածքը կահավորված է տեսախցիկներով, որոնց տեսաձայնագրությունները եւս ուսումնասիրվում են:
Ի դեպ, տարածքում շարունակվում են քննչական գործողությունները: Բազմաթիվ մարդիկ են հավաքվել շենքի բակում: Նրանց թվում է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: